Կողքի սյունակներոմ հրատարակվող նամակի հեղինակը Լոս Անջելեսում հրատարակվող ՀՅԴ պաշտոնաթերթ «Ասպարէզի» խմբագիրն է: Մասնագիտությամբ պատմաբանՙ Մ. Նահանգներ տեղափոխվելուց առաջ նա աշխատել է ՀՅԴ Լիբանանի տարբեր կառույցներում, մասնավորապես «Ազդակ» օրաթերթում, եւ քաջատեղյակ է լիբանանյան ներքաղաքական զարգացումներին: Նամակին կցվում է «Ազգ»-ի խմբագրի պատասխանը:
Յարգելի Խմբագրութիւն «Ազգ» օրաթերթի
Ձեր Մայիս 20 թուակիր համարին մէջ կարդացի Համօ Մոսկոֆեանի հեռաձայնային հաղորդումի սղագրումըՙ «Լիբանանը խորհրդարանական աննախադէպ ընտրութիւնների նախօրեակին» խորագրով:
Յօդուածագիրը տեղ մը կը փորձէ ներկայացնել ընտրական այն օրէնքը, որու հիման վրայ պիտի կատարուին յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները Լիբանանի մէջ եւ կը հաստատէ, թէ այս օրէնքով «...հայերը կարող են ընտրուել նոյնիսկ մահմեդական կամ դուրզի համայնքների ձայներով, որպէս Լիբանանի քաղաքացիներ»:
Յօդուածագիրը, որու անգրագիտութեան առիթը ունեցած եմ անդրադառնալու ձեր թերթի էջերէն, անգամ մը եւս ցոյց կու տայ, թէ զուրկ է քաղաքական մտածողութենէ եւ տարրական փաստերէ: Ըսել, թէ «հայերը կարող են ընտրուել նոյնիսկ մահմեդական կամ դուրզի համայնքների ձայներով» նոյնը պիտի ըլլար եթէ ըսուէր, օրինակի համարՙ որ «հայերը կարող են ընտրուել քրիստոնեայ կամ կաթոլիկ» ձայներով: Յօդուածագիրը տեղեակ պէտք է ըլլայ, թէ դիւրզիները իսլամ համայնք մըն են, ինչպէս սիւննիները կամ շիիները, այնպէս որ, «մահմեդական կամ դուրզի» ըսելաձեւը նախակրթարանային մակարդակ մը ցոյց կու տայ իր մօտ:
Ծանծաղ ապատեղեկատուութեան նմոյշ մըն է ըսելը, թէ Հ. Յ. Դ-ի ներկայացուցած երկու թեկնածուները, Ստեփան Տէր-Պետրոսեան եւ Ժակ Չուխատարեան «երկուսն էլ Հ. Յ. Դ-ից» են: Ստեփան Տէր Պետրոսեան, ճիշդ է, դաշնակցական է: Գալով Ժակ Չուխատարեանի, «Ազգ»-ի խմբագիրը եւս լաւ գիտէ, թէ ան դաշնակցական չէ եւ չէ ալ եղած անցեալին:
Այլ առակ լուարուք: Յօդուածագիրը կÿըսէ. «Դաշնակցութիւնը, որ շուրջ 50 տարի կեղծիքով, խժդժութիւններով եւ կենտրոնական իշխանութիւնների աջակցութեամբ իր մոնոպոլի (մենաշնորհ, Վ. Բ.) տակ էր պահել Լիբանանի խորհրդարանի հայ երեսփոխանների ընտրութիւնը...» եւ այլն: Ներողութիւն, «մոնոպոլիայի» նշա՞ն է արդեօք այն փաստը, որ 50 տարուան ընթացքին, հայկական երեսփոխանական 4-5 հոգինոց բլոկին մէջ միայն ու միայն ՄԷԿ դաշնակցական եղած է եւ այդ ալ Հ. Յ. Դաշնակցութեա՛ն որոշումով: Մնացեալները եղած են Խաչիկ Պապիկեան, Անդրէ Թապուրեան, Սուրէն Խանամիրեան, տոքթ. Անդրանիկ Մանուկեան (Աւետարանական համայնքէն), Արա Երեւանեան եւայլն, ոչ մէկը Հ. Յ. Դ-ի անդամ եւ բոլորն ալ նուիրեալ ու ազնիւ հայորդիներ: Հ. Յ. Դ միշտ ալ իր հետ ունեցած է լիբանանահայութեան ջաջխաջիչ մեծամասնութեան քուէները եւ որեւէ ատեն կրնար իր ՄԷԿ երեսփոխանը 4-ի կամ 5-ի վերածել եթէ ուզէր, ունէ՛ր իր աւետարանական եւ կաթողիկէ անդամները:
Սակայն պատմութիւնը եւ տուեալները ցոյց կու տան, որ Հ. Յ. Դ այդ վարքագիծով չէ առաջնորդուած Լիբանանի մէջ: Նորագոյն փաստը այն է, որ 90-ականներու սկիզբները («մոնոպոլի» տարիներուն...), նոյնինքն ՍԴՀԿ-ի ներկայացուցիչը (Ե. Ճերեճեան) թեկնածուներու ցանկին վրայ առնուեցաւ Հ. Յ. Դ-ի որոշումով:
Մոսկոֆեան անկեղծութիւն մը, ինքն իր հետ հարազատութիւն մը ցուցաբերած կÿըլլար, եթէ ըսելէ ետք, որ Դաշնակցութիւնը «2000 թ. ընտրական օրէնքով փաստօրէն կորցնում է այդ մոնոպոլը» աւելցնէր նաեւ... թէ «այժմ Հարիրի ընտանիքն է տիրանում այդ մոնոպոլին»...
Չհասկցանք նաեւ «խժդժութիւններով»-ը եւ «կեղծիքներով»-ը: Ճիշդ է, որ լիբանանեան ժողովրդավար դրութիւնը երբեք տիպար չէ եղած, ճիշդ է նաեւ, որ «ա լա լիբանանեան» քաղաքական ֆոլքլոր-մշակոյթը, փողոցը, միշտ դերակատար եղած է ընտրութիւններուն, նոյնիսկ նախագահականի պարագային: Սակայն ըսել, թէ Հ. Յ. Դ 50 տարի շարունակ «խժդժութիւններով ու կեղծիքով» «մոնոպոլի» տակ պահած է Լիբանանի երեսփոխանական ընտրութիւններըՙ Հ. Յ. Դաշնակցութեան նկատմամբ դասական դարձած ստորակայութեան բարդոյթէ զատ ոչինչ կը մատնէ յօդուածագրին մօտ: Որովհետեւ լիբանանահայութեան ջախջախիչ մեծամասնութեան քուէները եւ վստահութիւնը վայելած կուսակցութիւնը, ժողովրդային նոյն այդ յենարանին պատճառով եղած է այնքան ինքնավստահ, որ նոյնիսկ միայն մէկ դաշնակցականով բաւարարուած է եւ չէ ուզած աւելինՙ Հայկական երեսփոխանական բլոկէն ներս:
Մոսկոֆեանի յօդուածին մէջ չըսուած-չգրուած, սակայն զգացուող տրամադրութիւն մը նշմարելի է, ուր կարծէք «ուրախութիւն» մը, կամ առնուազն «գոհունակութիւն» մը կայ ի տես այն փաստին, որ ընտրական այս օրէնքով հայ երեսփոխանները պիտի ընտրուին ոչ թէ լիբանանահայութեան, այլ «մահմեդական եւ դուրզի» համայնքներու (որոնք, ի դէպ, հայերէն շատ աւելի մեծ թիւ կը ներկայացնեն Բէյրութի մէջ) քուէներով: Եւ (շարունակելով յօդուածագրի ներքին տրամադրութիւնը եւ տրամաբանութիւնը) քանի որ դաշնակցական չկայ Հարիրիի ցանկին հայ թեկնածուներուն մէջ, ուրեմն ի՜նչ լաւ է այսպէս, երբ «բարեբախտաբա՛ր» միայն լիբանանահայերու քուէներով չէ որ պիտի ընտրուին Հարիրիի ցանկին հայերը (այլապէս, վստահաբար պիտի չընտրուին):
Ան կը մոռնայ այն պարզ փաստը, որ 4 տարի առաջուան նման այս տարի եւս, հայ երեսփոխանները պիտի որոշուին ոչ թէ լիբանանահայութեան, այլՙ ոչ հայ քուէարկողներու ձայներով: Այսինքն, բէյրութաբնակ սիւննին, շիին, մարոնին, յոյն օրթոտոքսը կամ դիւրզին պիտի որոշէ, թէ ով պիտի ներկայացնէ հայութիւնը խորհրդարանէն ներս: Եւ այս կէտը փոխանակ մտահոգելու մոսկոֆեանները, կարծէք ներքին գոհունակութեան առիթ կը ստեղծէ:
Եւ վերջապէս հարցում մը «Ազգ»-ին: Մինչեւ ե՞րբ պիտի շարունակէք տեղ տալ մոսկոֆեաններու կիսագրագէտ բանաձեւումներով վերլուծումներուն կամ կիսատեղեկութիւններուն, որովհետեւ, ինչպէս վերը ըսի, առաջին անգամը չէ, որ ձեր թղթակիցը ապատեղեկատուութիւն կը կատարէ: Իսկ այս մէկը անյարիր է ձեր թերթի վայելած վարկին:
ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ, Լոս Անջելես, 20.05.05 թ.
Խմբագրի կողմից
Մենք երբեք չենք հավակնում, որ մեր թերթն ու աշխատակիցները, նաեւ մեզ թղթակցողներն անսխալական են: Այդ պատճառով միշտ պատրաստ ենք տպագրելու մեր թերթին հղված պատասխանները, ուղղումներն ու արձագանքները: Կարծում ենք, որ նույնը վերաբերում է նաեւ մեր պաշտոնակից «Ասպարէզ» օրաթերթին: Սակայն մենք մեզ երբեք թույլ չենք տա ՀՅԴ Լոս Անջելեսի պաշտոնաթերթին հարց տալու, թե «մինչեւ ե՞րբ պիտի շարունակէք տեղ տալ» ձեր այս կամ այն թղթակցին: Այո, Համո Մոսկոֆյանի թղթակցություններն աշխարհի տարբեր քաղաքներից երբեմն կարող են սխալներ բովանդակել, սակայն դրանց աշխարհագրությունը եւ արծարծած «հում» թեմաները, ինչպես օրինակ, բռնի մահմեդականացած հայերի մասին վերջերս կատարած հրապարակումները, ուշագրավ են եւ հետաքրքրությամբ են ընթերցվում «Ազգ»-ի լսարանի կողմից:
Սակայն պրն Վ. Բրուտյանի հիմնական ասելիքը նամակում, կարծում ենք, վերաբերում է Հ. Մոսկոֆյանի թղթակցությանՙ «Դաշնակցությունը, որ շուրջ 50 տարի կեղծիքով, խժդժություններով եւ կենտրոնական իշխանությունների աջակցությամբ իր մոնոպոլիայի տակ էր պահել Լիբանանի խորհրդարանի հայ երեսփոխանների ընտրությունը» տողերին: Կարծում ենք, նամակագիրն այդ տողերից ընդվզելու կարիք չուներ: Դրանք ճշմարտություններ են, որոնց մասին ընդհանրապես աշխատում ենք խոսելուց խուսափել, «համահայկականության» մտահոգություններից դրդված, որից միշտ օգտվում է ՀՅԴ-ն: Սակայն չենք կարող հայրենի ընթերցողին, որ համարյա ոչինչ չգիտի ՀՅԴաշնակցության սփյուռքահայ կյանքում ունեցած երբեմն շատ տխուր դերակատարության մասին, տեղյակ չպահել, խիստ հազվադեպ առիթներով, այն էլ թռուցիկ կերպով, իրականության մասին, որի տխուր դրվագներից են մինչեւ 2000 թ. Լիբանանում խորհրդարանական ընտրություններում կատարված խժդժություններըՙ մրցակից թեկնածուներին տեղի իշխանություններին որպես «համայնավար գործակալ» մատնություններից սկսած մինչեւ ծեծն ու ահաբեկումը, սպանություններն ու քվեատուփերի կողոպուտը: Սրանք լիբանանահայությանը շատ ծանոթ փաստեր են եւ ժամանակի մամուլը շատ հարուստ է դրանց մասին վկայություններով:
Ինչ վերաբերում է պրն Բրուտյանի բերած «հակափաստարկին», թե տարբեր տարիներ ՀՅԴ-ի թեկնածուական ցուցակից քվեարկվել եւ ընտրվել են մեծամասամբ ոչ կուսակցականներ, ապա դա ճիշտ է միայն առաջին հայացքից: Իրականում, բացի հնչակյան Եղիա Ջերեջյանից, մյուս թեկնածուներին որոշել է ինքըՙ ՀՅԴ-ն, առանց որեւէ այլ կազմակերպության հետ խորհրդակցելու: Երկրորդՙ վերոհիշյալ բոլոր անձինք ունեցել են մեկ ընդհանուր հատկանիշՙ եղել են մեծահարուստներ, որոնք ընտրվելու համար ՀՅԴ-ին ոչ միայն վճարել են (խոմ կուսակիցներից փող չէի՞ն ուզելու) մեծ գումարներ, այլեւ կատարել են պատկառելի նվիրատվություններ: (Ծանոթ պատկեր է, չէ՞, նաեւ հայաստանյան իրականության համար): Բացի այդ, նրանք իրենց պաշտոնավարության ողջ ընթացքում բնավ դուրս չեն եկել դաշնակցության որոշումների շրջանակից, միաժամանակ ծառայելով որպես ծխածածկույթ, թե, իբր, ՀՅԴ-ի նախընտրական ցուցակները «համահայկական» են:
Հիմա, ինչպես 2000 թ. ընտրություններին, իրավիճակը ինչ-որ չափով շրջվել է. ընտրական շուկային տիրապետում է ոչ թե ՀՅԴ-ին սովորաբար նեցուկ կանգնող կենտրոնական իշխանությունը, այլ Հարիրի ընտանիքը եւ այլ ուժեր: Եվ հենց այդ ուժերի շնորհիվ, անցյալ կիրակի օրը Բեյրութում տեղի ունեցած ընտրություններում հաղթել են 1 ռամկավար, 1 հնչակյան եւ 2 անկուսակցական թեկնածուները, մինչդեռ դաշնակցությունը բոյկոտել էր դրանք, սկզբից համոզված իր պարտությանը, բողոքելով ընտրական նոր օրենքի դեմ, հօգուտ որի 1999 թ. քվեարկել էին նրա պատգամավորները:
Վերջում կարճ անդրադարձ մեր պաշտոնակից պրն Վ. Բրուտյանի նամակի ջղային երանգներին: Նա ուրիշներին մեղադրում է ստորակայության բարդույթի մեջ: Այս պարագայում կարծում ենք փոխվել են ախտանշանի կրողները. 50-60 տարվա մենաշնորհից զրկվելը գերակայության բարդույթը վերածել է զայրույթի: Միեւնույն զայրույթը օրերս համակել է նաեւ ՀՅԴ Լիբանանի ողջ շրջանակին: Կուսակցության Բեյրութի պաշտոնաթերթը եւ ռադիոկայանը կիրակի օրվա քվեարկությունից հետո չեն վարանում ընտրություններին մասնակցած հայերին անպատվելու, անգամ «դավաճան» կոչելու:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ