«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2005-05-31 | #99, 2005-06-01 | #100, 2005-06-02


ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՅԼԱՏԱԿՈՒՄՆԵՐԸ

Հայաստանում ձեւավորվել է այնպիսի կայուն տեսակետ, ըստ որի պետք է ձգտել, որ Թուրքիան բացի հայկական սահմանը եւ վերացնի Հայաստանի շրջափակումը, ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս տեսակետն են պաշտպանում քաղաքական, հասարակական կազմակերպությունները, իշխանությունն ու ազգաբնակչությունը:

Իր հերթին Թուրքիան սահմանների բացման նախապայման է դնում, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ հայկական զորքը դուրս գա ԼՂՀ-ից:

Հարեւան պետություններից միայն Հայաստանից է նման նախապայման ու երաշխիք պահանջում, հաստատ գիտենալով, որ Հայաստանում չկա մեկը, որ կարողանա Թուրքիային նման երաշխիքներ տալ: Իսկ ի՞նչ կտա հայ-թուրքական սահմանի բացումը կողմերին: 2004 թվականին Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 34 մլն դոլարի ապրանք: Սահմանի բացումից հետո այս թիվը կարող է կրկնապատկվել ու բազմապատկվել: Հայաստանից արտարժույթը կարտահոսի դեպի Թուրքիա եւ ներդրվելով տնտեսության մեջ կնպաստի նրա արեւելյան շրջանների զարգացմանը: Թուրքական էժանագին ապրանքները կհեղեղեն հայկական շուկան, եւ հոգեվարքի մեջ գտնվող շատ ձեռնարկություններ պարզապես կդադարեն գոյատեւելուց, իսկ եթե նրանցից մեկը կամ մի քանիսն, այնուամենայնիվ, շարունակեն գոյատեւել, խիստ կախման մեջ կընկնեն թուրքական հաղորդակցության ուղիներից ու շուկայից: Ստացվում է, որ սահմանի բացումը բազմակի անգամ անհրաժեշտ ու ձեռնտու է թուրքական կողմին, քան Հայաստանին, եւ դեռ մի բան էլ նախապայմաններ ու երաշխիքներ են պահանջում: Թուրքիան երբեք չի կարող համարվել մեզ բարեկամ երկիր: Բավական է հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական որեւէ տարաձայնություն կամ կոնֆլիկտ, կփակվի այդ սահմանը եւ դրանից հետո ավելի դժվար կլինի հաղթահարել թե՛ կոնֆլիկտը, թե՛ կախվածությունը Թուրքիայից: Հայաստանը նորից կհայտնվի շրջափակման մեջ, եւ ոչ մի միջազգային կառույց չի կարող Թուրքիային ստիպել, որ բացի սահմանը: Այդպիսի իրավիճակ մենք մի անգամ արդեն ապրել ենք 90-ական թվականներին:

Կա նաեւ այն թյուր կարծիքը, թե գերմանացիների նման թուրքերն էլ պետք է ընդունեն անցյալ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված եղեռնը: Ինչ էլ որ լինի, ճիշտ չէ համեմատել քաղաքակիրթ գերմանացիներին թուրքերի հետ: Այսօր էլ, եթե առիթը ներկայանա, թուրքերը կանեն այն, ինչ արել են իրենց նախնիները դարեր շարունակ:

Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Գերմանիան այնուամենայնիվ կապիտուլացված երկիր էր եւ չէր կարող միջազգային հանրության կարծիքի հետ հաշվի չնստել: Թուրքիան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակն ունեցող երկիրն է եւ դեռեւս մնում է ԱՄՆ-ի դաշնակիցն ու հենակետը տարածաշրջանում:

Ճիշտ է, առանձին անհատների կամ պաշտոնյաների հայտարարություններով չէ, որ կարգավորվում են միջազգային հարաբերությունները, բայց սխալ եւ անհարկի հայտարարությունները կարող են էապես վնաս հասցնել ազգային շահերին:

Խոսքը վերաբերում է Հայաստանի որոշ ղեկավարներին, մասնավորապես Սերժ Սարգսյանին եւ Վարդան Օսկանյանին, որոնք վերջերս հայտարարեցին, թե մենք պետք է նպաստենք, աջակցենք Թուրքիային, որ դառնա Եվրոմիության անդամ երկիր: Եվրոմիությունը կարող է նրա վրա ճնշում գործադրել, որ նա ընդունի Հայոց ցեղասպանությունը:

Ամենացավալին այն է, որ այս գաղափարի կողմնակիցներ եւ հետեւորդներ կան: Նրանք կա՛մ ծանոթ չեն, կա՛մ թերագնահատում են թուրքական դիվանագիտությունը:

Եվրոմիության անդամ երկիր դառնալուց հետո, եթե Հայաստանը դարձյալ բարձրացնի Եղեռնի ճանաչման հարցը, Թուրքիան կհայտարարի, որ մինչ Եվրոմիության մեջ մտնելը եղեռնի ճանաչման հարցը մի շարք պետություններ եւ քաղաքական գործիչներ մանրազնին ուսումնասիրել են եւ եկել այն համոզման, որ նման հարց չի եղել եւ Թուրքիան առանց խոչընդոտի դարձել է Եվրոմիության անդամ, իսկ հիմա, երբ Եվրոմիությունը հզոր է եւ միասնական, քան երբեք, դարձյալ հայերը շահարկում են նույն ցեղասպանության հարցըՙ ջանալով Եվրոմիությունը քանդել: Նրանք հայերիս կարող են մեղադրել խառնակչության մեջ: Ու կգտնվեն առանձին մարդիկ, որոնք կպաշտպանեն Թուրքիայի այս տեսակետը եւ կստացվի, որ մենք մեր ձեռքով խոչընդոտել եւ տապալել ենք մեր գործը:

ՄԵՐՈՒԺԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4