Հանրապետության հրապարակում ցույց էին անում քանդվող տների երեխաները
Իրենց պաշտպանության օրը Փ. Բուզանդի, Ե. Կողբացու եւ այլ քանդվող փողոցների բնակիչ մի խումբ երեխաներ` ծնողների ուղեկցությամբ դիմավորեցին կառավարության շենքի մոտ: Երեխաներն իրենց ձեռքերում պահում էին եռագույն փուչիկներ, թղթե պաստառներ, որոնց վրա գրել էին. «Մեզ վտարեցին, իսկ մեր տունը խլեցին», «Հայրի՛կ, իսկ մեզ ե՞րբ են վտարելու», «Դատավորներ, դուք կարդացե՞լ եք սահմանադրությունը» եւ այլն: Երեխաները բերել էին նաեւ կավիճներ, որոնցով հենց կառավարական շենքի մոտ, ծառայողական մեքենաների կանգառում նկարեցին եռագույն դրոշ, արեւ, ծաղիկներ եւ չավերված տներ: «Մենք ուզում ենք, որ ղեկավարները մի քիչ խիղճ ունենան եւ չթողնեն, որ մեզ վտարեն մեր տներից», ասաց տասներկուամյա մի աղջնակ, որի տրամադրությունը բոլորովին էլ տոնական չէր: Անցորդները մոտենում էին ցուցարարներին եւ խրախուսում, ապա միանում էին նրանց, սպասելով պաշտոնյաների պատասխանին:
Կառավարության շենքից դուրս եկան կառավարության նիստի մասնակից նախարարները, որոնց բողոքի ակցիայի «հասցեատերեր» կարելի է համարել: Հատկապես ուշագրավ էր Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անտարբեր պահվածքը: Նա չհասկացող մարդու սառը հայացքով նայեց իր համաքաղաքացիների կողմը, ապա գործնական մարդուն հատուկ մատների «ճտտոցով» մոտ կանչեց ծառայողական ավտոմեքենայի վարորդին, նստեց, մի քիչ էլ դիտեց ցուցարարներին ու հեռացավ: Նրա օրինակին հետեւեցին նաեւ կրթության եւ մշակույթի նախարարները: Միայն արդարադատության նախարարը մոտենալով եւ լսելով քաղաքացիների հարցերը, մտահոգություններն ու բողոքները, խորհուրդ տվեց` դիմեք Եվրոպական դատարան: «Իրոք որ տեղական արդարադատությունից տեղյակ մարդու անկեղծ պատասխան», նախարարի հեռանալուց հետո նրա ասածն այսպես մեկնաբանեց մի ցուցարար:
Քիչ անց երեխաների կավճանկարները ծածկվեցին ՀՀ պաշտոնյաների ծառայողական մեքենաների անիվների տակ...
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ