«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2005-05-31 | #99, 2005-06-01 | #100, 2005-06-02


ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ԹԱՂԱՊԵՏ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

Ամեն տարի Արաբկիր համայնքի թաղապետարանը նշում է երեխաների պաշտպանության միջազգային օրը` նախորդ տարի, օրինակ, համայնքի մանկապարտեզներին նվիրել է երաժշտական կենտրոններ: Երեկ կրկին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ թաղապետը հատուկ նվիրատվություններ արեց համայնքի մանկապարտեզներին:

Թաղապետարանի ենթակայության տակ գտնվող 13 եւ 1 մասնավոր մանկապարտեզներին (ուր հաճախում են 2500 մանուկներ) թաղապետ Լեւոն Հարությունյանը նվիրեց էլեկտրոնային տեխնիկա, 9 մանկապարտեզներիՙ հեռուստացույցներ, 4 մանկապարտեզներիՙ տեսամագնիտոֆոններ, «Մեր այբբենարանը» ձայներիզների հավաքածուներով եւ 1 լվացքի մեքենա թիվ 184 մանկապարտեզին, որը հիմնանորոգումից հետո վերաբացվեց երեկ:

Թիվ 184 մանկապարտեզը հիմնադրման օրից` արդեն 45 տարի, չի վերանորոգվել: Այս տարի Արաբկիր համայնքի թաղապետարանի միջոցներով այն կապիտալ նորոգվել է` վերանվանվելով «Մանկության մոլորակ»: ԱՄՆ դեսպանատան «Համայնքային ինքնաաջակցման ծրագրի» միջոցներով նոր կաթսայատուն եւ ջեռուցման համակարգ ունեցող մանկապարտեզը կարիք ուներ լվացքի մեքենայի, որն էլ երեկ ստացավ թաղապետ Լեւոն Հարությունյանից:

Մանկապարտեզի տնօրեն Աննա Սալոյանը շնորհակալություն հայտնեց թաղապետի եւ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին` մանկապարտեզը ճերմակ ապարանքի վերածելու համար: Իսկ թաղապետը, շնորհավորելով մանուկներին, նշեց, որ երեխաների խնդիրներին անդրադառնալն իրենց համար մեծ նշանակություն ունի, եւ դա պետք չէ դիտարկել միայն այսօրվա դեպքով, քանի որ դա շարունակական գործընթաց է: Եվ իսկապես, թաղապետարանը վերանորոգել է նաեւ համայնքի թիվ 73 մանկապարտեզը, հերթում են մյուսները:

Թիվ 184 նախակրթարանի մանուկները հյուրերին ողջունեցին հրաշալի հանդեսով` իրենց օրվա առթիվ աշխարհին եւ մանուկներին հորդորելով սիրել, ներել, գթալ եւ հուսալ: Երեխաներից ավելի ուրախ էին ծնողները, որոնք շնորհակալություն հայտնեցին թաղապետին` իրենց երեխաների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու եւ հատկապես տոնի կապակցությամբ նման ուշադրության արժանացնելու համար` ընդգծելով. «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նշումը համայն աշխարհի միասնական ցանկության խորհրդանիշն է»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4