«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2005-06-01 | #100, 2005-06-02 | #101, 2005-06-03


ՍԵՆԱՏՈՐ ՉԱՔ ՀԵՅԳԵԼԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Ադրբեջան եւ Թուրքիա կատարած այցից հետո Մ. Նահանգների սենատոր Չաք Հեյգելը ժամանել է Հայաստան, որտեղից կմեկնի Վրաստան եւ Ուկրաինա: Սենատորի ասելով, իր այցը զուտ աշխատանքային է, նպատակըՙ Հարավային Կովկասում իր երկրի շահերը պաշտպանված տեսնելն է, ինչպես նաեւ ռազմական, տնտեսական եւ մյուս ոլորտների համագործակցության ամրապնդումը: «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի փոքր սրահում սենատորը երեկ խոսեց մի շարք հարցերի, մասնավորապես վերջին շրջանի ամենատաք հարցիՙ ռուսական բազաները Վրաստանից Հայաստան տեղափոխելու Ռուսաստանի որոշման մասին: Չաք Հեյգելը համոզված է, որ ռուսական ռազմական տեխնիկան Հայաստանում տեղակայելը բացասական որեւէ ազդեցություն չի ունենա հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունների վրա: «Հայաստանը սուվերեն պետություն է եւ բոլոր որոշումները կայացնում է ինքնուրույն: Մ. Նահանգներն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, սակայն ռուսական բազաների հարցը վերջինս պետք է լուծի Ռուսաստանի հետ փոխհամաձայնությամբ», ասաց նա:

Նախագահ Քոչարյանի հետ սենատորն այդ հարցն արդեն քննարկել էր ասուլիսից առաջ, ինչպես նաեւ հանդիպել էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, որի հետ խոսել էր տարածաշրջանում ահաբեկության դեմ պայքարի, Մ.Նահանգների հետ ռազմական համագործակցության արդյունքների եւ այլ հարցերի մասին, գոհունակություն էր հայտնել Իրաքում հայ խաղաղապահ ուժերի գործունեությունից:

Հեյգելը շատ տպավորված է Հայաստանից, նա զգալի փոփոխություններ ու դրական տեղաշարժեր է նկատում 1998 թվականի իր առաջին այցից հետո: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ նա նշեց, որ Մ. Նահանգները շահագրգռված է խնդրի արդարացի լուծմամբ, ինչը տարածաշրջանին կբերի խաղաղ գործակցության լայն հնարավորություն:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչպես նկատվեց, այնքան էլ չի զբաղեցնում սենատորին, նա առավելապես սեւեռված է արդի ժամանակաշրջանի խնդիրներով. «1915 թվականի իրադարձություններով պետք է զբաղվեն պատմաբանները, ինչ որ եղել է, վերաբերում է այդ ժամանակներին, այժմ ավելի կարեւոր է տարածաշրջանային խաղաղ գոյակցությունը», ասաց նա:

Սենատորը շատ է սիրում ճարմանդներ նվիրել եւ իր այցելած բոլոր երկրների նախագահներին, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին նվիրել է իր ընտրած ճարմանդները, որոնց վրա դրոշմված է Կապիտոլիումի պատկերը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4