Վերջին տարիներին Արցախում ազգային նշանակության տոնակատարումները եւ միջազգային գիտաժողովներն առավել հաճախակի են դարձել: Այդ կարգի միջոցառումների թվում կարելի է դասել հայ գրերի գյուտի եւ Ամարասի դպրոցի հիմնադրման 1600-ամյակի տոնակատարությունը: Այն փաստը, որ միջազգային գիտաժողովին ու Ամարասում տեղի ունենալիք մշակութային միջոցառումներին մասնակցելու են եկել նաեւ արտերկրից, այդ թվումՙ օտարազգի հյուրեր, վկայում է նախաձեռնության բարձր նշանակության մասին:
Ըստ միջոցառումների ծրագրի, երեկ Արցախի պետհամալսարանում տեղի ունեցավ կրթական գիտաժողով: Նախքան միջոցառումը, համաժողովի մասնակիցները ծաղիկներ դրեցին արցախյան հերոսամարտում զոհված ուսանողների հուշարձանին, որից հետո տեղի ունեցավ գրերի գյուտի եւ Ամարասի դպրոցի հիմնադրման 1600-ամյակին նվիրված հուշատախտակի բացում եւ օծում:
Գիտաժողովում ներկաներին ողջունեց եւ արդյունավետ աշխատանք մաղթեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը. «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ձեռամբ բացված առաջին դպրոցն Արցախում սոսկ դպրատուն չէր, այստեղ դրվեց մեր գոյապայքարի քաղաքական առաջին հիմնաքարը, քանզի Արցախին վիճակված էր Մայր Հայաստանի հարեւանությամբ գտնվելովՙ ինքնուրույն գոյատեւել... Մեսրոպյան գիրը դարձավ ազգային միասնության գաղափարՙ ամեն մի սերնդի մեջ պահպանելով հայ լինելու հպարտությունը»:
Իսկ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրհնության խոսք ասաց համաժողովի մասնակիցներին:
«Մաշտոցի հոգեւոր սխրանքը». այս էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մատենադարանի տնօրեն Ս. Արեւշատյանի զեկուցման թեման:
ԱրՊՀ ռեկտոր Հ. Գրիգորյանը զեկուցեց «Մեսրոպյան գրերը, արցախյան դպրության ակունքները եւ հեռանկարները» թեմայով, իսկ ԱՄՆ Միչիգանի համալսարանից Գ. Բարդակչյանի զեկուցումը նվիրված էր նորագույն շրջանի հայոց լեզվի, գրականության եւ մտքի պատմությանը:
Գիտաժողովի երկրորդ մասում տեղի ունեցան մասնախմբային նիստեր, որոնց թեմաները վերաբերում էին կրթական քաղաքականության եւ մանկավարժության պատմությանն ու հոգեբանությանը, հայագիտական եւ մշակութային խնդիրներին: Ելույթ ունեցողները ինչպես տեղացի, այնպես էլ Հայաստանից ու արտերկրից ժամանած գիտական մասնագետներ էին:
Այսօր Ամարասում տեղի կունենան մշակութային տարբեր միջոցառումներ, նախատեսվում է համաժողովի մասնակիցների հանդիպում ԼՂՀ նախագահի հետ:
ԿԻՄ ԳԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ