«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2005-06-02 | #101, 2005-06-03 | #102, 2005-06-04


ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Հուլիսի 18-29-ը Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան (մինչեւ 19 տարեկաններ) առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականը «B» խմբում կմրցի Նորվեգիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի իր հասակակիցների հետ: Այսպիսի մրցակիցներ բաժին ընկան Հայաստանի պատանեկան հավաքականին երեկ կայացած վիճակահանությամբ: «A» խմբում ընդգրկվել են Հյուսիսային Իռլանդիայի, Հունաստանի, Սերբիայի եւ Գերմանիայի պատանեկան հավաքականները:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պատանեկան հավաքականը մեր ընտրանու մրցակիցն էր անցյալ տարվա աշնանը Մակեդոնիայում կայացած ընտրական մրցաշարի առաջին փուլում: Այն ժամանակ մեր պատանիները մրցակցին զիջել էին 1-2 հաշվով: Ֆրանսիայի հավաքականը դարձել էր ընտրական մրցաշարի հաղթող, իսկ մեր պատանիները զբաղեցրել էին 2-րդ տեղը:

Մրցակարգի համաձայն, խմբերում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները դուրս կգան կիսաեզրափակիչ: Այս փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 26-ին: «A» խմբի հաղթողը կհանդիպի «B» խմբում 2-րդ տեղը զբաղեցրած հավաքականի հետ, իսկ «B» խմբի հաղթողի մրցակիցը կլինի «A» խմբում երկրորդը ճանաչված թիմը: Վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին Բելֆաստի «Վինզոր պարկ» մարզադաշտում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4