«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2005-06-02 | #101, 2005-06-03 | #102, 2005-06-04


ՀԵՆԿ ՎԻՍՄԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է

Այսօր Եվրոպայում կրկին մեծ ֆուտբոլի օր է: Վերսկսվում են ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումները: Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները Երեւանում կհյուրընկալեն Մակեդոնիայի ընտրանիներին: Ժամը 15-ին «Հրազդան» մարզադաշտում ուժերը կչափեն երկու երկրների երիտասարդական հավաքականները, իսկ ժամը 20-ին «Հանրապետականում» կսկսվի ազգային հավաքականների մրցավեճը: Ի դեպ, Հայաստան ուղեւորվելու հարցում մակեդոնացիները որոշակի դժվարությունների էին հանդիպել: Նրանք պետք է Երեւան ժամանեին հունիսի 2-ի երեկոյան, սակայն Թուրքիան օդային տարածք չէր տրամադրել, որի պատճառով հյուրերի ժամանումը սպասվում էր երեկ երեկոյան:

Մինչ մակեդոնացիները լուծում էին Երեւան ժամանելու հետ առաջացած խնդիրները, Հայաստանի ազգային հավաքականը երեկ առավոտյան «Հանրապետականում» հերթական մարզումն անցկացրեց, որից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը հանդիպեց լրագրողներին: Նա նշեց, որ առաջիկա խաղի նախապատրաստությունն ընթանում է նորմալ: Մարզիչը ֆուտբոլիստների հետ մեկ անգամ եւս դիտել է մեկ տարի առաջ մակեդոնացիների հետ Հայաստանի հավաքականի անցկացրած հանդիպումը, որում հայերը զիջել էին 0-3 հաշվով: Ըստ Վիսմանի, համապատասխան եզրահանգումների են եկել տեսագրությունը դիտելիս եւ կաշխատեն ուղղել սխալները: Առաջին հերթին հարկավոր է պաշտպանվելիս մամլիչ գործողությունների դիմել, գնդակը կորցնելուն պես անմիջապես ձեռնարկել պաշտպանական գործողություններ, փորձել խլել գնդակը եւ հակագրոհի անցնել: Վիսմանը նաեւ տեղեկացրեց, որ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենն իրեն լրացուցիչ ինֆորմացիա է հատկացրել Մակեդոնիայի ներկայիս հավաքականի մասին, որի կազմում այս մեկ տարվա ընթացքում զգալի փոփոխություններ են կատարվել: Վիսմանի կարծիքով, մակեդոնացիները Երեւանում պաշտպանական խաղաոճ են ընտրելու: Իսկ ահա մեր հավաքականը որդեգրելու է 3+5+2 տակտիկական խաղաոճը, որը ծանոթ է մեր ֆուտբոլիստներին եւ մարզումների ժամանակ էլ այդ սխեմայով են առաջնորդվում:

Ինչ վերաբերում է այսօրվա խաղի մեկնարկային կազմին, ապա Վիսմանը խորհրդակցելով ֆուտբոլիստների, «Փյունիկի» մարզիչ Վարդան Մինասյանի հետ, արդեն որոշել է 11 ֆուտբոլիստներին: Նրանց թվում չի լինի Էդգար Մանուչարյանը, որը 19 տարեկանների հավաքականում անցկացրած ծանր մրցախաղերից հետո դեռեւս լրիվ չի վերականգնել ուժերը: Վիսմանը լավատես է եւ կարծում է, որ Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում ՀՀ հավաքականն անպայման միավոր կվաստակի, եթե ոչ 3, ապաՙ 1 միավոր: Մնում է հուսալ, որ Հայաստանի ազգային հավաքականին կհաջողվի ռեւանշի հասնել մակեդոնացիների նկատմամբ, իսկ հոլանդացի մարզիչը հաղթանակով կնշի նորամուտը մեր ազգային թիմում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4