Էստոնիայի գյուղատնտեսության առեւտրի պալատում մայիսի 25-ին կազմակերպված համտեսի ժամանակ փորձագետների խումբը ընտրել է 31 լավագույն ապրանքատեսակները, որոնց մեջ է նաեւ հայկական խորովածը: «Լավագույն մսամթերք» անվանակարգում հայկական ազգային խորտիկը ստացել է «Էստոնական ճանաչված ապրանքատեսակ» մրցանակը:
Էստոնական շուկայում հայկական խորովածը հայտնվել է 2000 թվականի մայիսին: Նախաձեռնողը Պիլվասկի մսամթերքի կոմբինատն էր, որ 1998 թվականին հիմնել էր «Տոդաս» բաժնետիրական ընկերությունը: Դժվար չէ կռահել, որ այդ ընկերության համատերը հայ էՙ Սպարտակ Հակոբջանյանը:
Մինչ խորովածին անցնելը կոմբինատը արտադրում էր ամառային տարբեր գրիլներ, սակայն 2000 թվականի մայիսինՙ ամառային շրջանի բացումից առաջ, ընկերության շուկայագետները խորհուրդ տվեցին ապրանքատեսակների մեջ մտցնել նորըՙ հայկական խորովածը:
Էստոնիայում հայկական խորովածը հայտնի դարձրեց խորովածի մեծ վարպետ, հայաստանցի Արա Կարապետյանը: Նա տիրապետում է խորոված պատրաստելու բոլոր նրբերագներին, որի շնորհիվ վերջին 3 տարիներին խորովածի պահանջարկը 3 անգամ աճել է: Հայկական խորտիկը նվաճել է էստոնացիների սիրտը, որի ապացույցը հենց «Էստոնական լավագույն ապրանքատեսակ» մրցանակն էր:
«Ազգին» Էստոնիայից էլեկտրոնային նամակ ուղարկած Գագիկ Սարոյանը գրում է, որ այս տարվանից կոմբինատը կընդլայնի խորովածի տեսականին: Հայկական խորովածը հայտնի է դարձել ոչ միայն որպես առեւտրային հաջող ապրանք, այլեւ էստոնացիներին ճանաչելի դարձրել Հայաստանի ազգային նկարագիրը, ի դեմս Էստոնիայի փոքրաթիվ հայ համայնքի: Հայերը կարծում են, որ սեփական երկիրն ու մշակույթը կարելի է ներկայացնել ոչ միայն բազմադարյան պատմությամբ, այլեւ ազգային հրաշալի խոհանոցով:
Ռ. Պ.