Շուրջպար բնապահպանական տարբերակով
Քանի որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը չարձագանքեց Շիկահողի արգելոցի միջով ճանապարհ բացելու խնդրի շուրջը հասարակական լսումներ կազմակերպելու իրենց առաջարկին, բնապահպանական կազմակերպությունների դաշինքն այս ուրբաթ որոշել է ինքը լսումներ կազմակերպել ամերիկյան համալսարանում: Երեկ նրանք նշեցին ե՛ւ իրենց տոնը` շրջակա միջավայրի պահպանության օրը, ե՛ւ բորբոքված կրկին պլաններ քննարկեցին Շիկահողի արգելոցի փրկության համար: Նրանց հիմնական խաղաքարտը ՀՀ օրենքներն են բնության, բուսական ու կենդանական աշխարհի մասին, միջազգային կոնվենցիաները կենսաբազմազանության, կլիմայի փոփոխությունների, անապատացման վերաբերյալ, որոնց միացել է նաեւ Հայաստանը: Այդ բոլոր օրենքները կխախտվեն, եթե ճանապարհը իրականություն դառնա:
«Մենք դեմ ենք ոչ թե ռազմավարական ճանապարհին, այլ դրա կառուցմանը արգելոցի միջով: Մեր կենսաբազմազանությունը եւս ստրատեգիական, գենետիկական եւ վերջապես տուրիզմի զարգացման ռեսուրս է»:
Կանանց 40 կազմակերպություններ երեկ հայտարարեցին դաշինքին միանալու իրենց պատրաստակամության մասին: Նորա Հակոբյանը պայքարի ծայրահեղ միջոց առաջարկեց` հասարակական կազմակերպությունների, բնասերների մասնակցությամբ, շուրջպարի նորաձեւ դարձած տարբերակով, մարզերով ու գյուղերով զանգվածային երթ կազմակերպել դեպի Շիկահող, իսկ երաժշտության փոխարեն կոչեր ու զգուշացումներ են հնչեցնելու Շիկահողին սպառնացող աղետի մասին:
Հասարակական լսումների ժամանակ կքննարկվեն այլընտրանքային ճանապարհների տարբերակները:
Շիշկերտով անցնող տարբերակին նախարարությունը բացասաբար է վերաբերվում այն հիմնավորումով, թե ոլորաններն ավելի շատ են լինելու, ճանապարհը 19 կմ-ով երկարում է, 200-300 մ-ով ավելի բարձր է լինելու տեղադրությունը, եւ վերջապես 1,5 մլրդ դրամ ավելի է ծախսվելու: Շիշկերտը բնապահպանության նախարարության եւ մարզպետարանի առաջարկած տարբերակն է:
«Վայրի բնություն» համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի առաջարկած այլընտրանքով ճանապարհն անցնելու է մոտ 2156 մ բարձրությունով: Սա նախորդ տարբերակից 100 մ-ով ավելի բարձր է: «Այդ բարձրության վրա Հայաստանում գյուրզաներ են ապրում, իսկ այս կենդանիների բնակավայրն ընդհանրապես 1700 մ-ից բարձր չի լինում: Դա նշանակում է, որ չնայած բարձրությանը, այնտեղ կլիմայական բարենպաստ պայմաններ են, ավելի փափուկ ձմեռ կլինի, ճանապարհնՙ ավելի ապահով», ասում է կազմակերպության նախագահ Կարեն Մանվելյանը: Բայց այդ բոլոր առաջարկները դեռ պիտի ուսումնասիրվեն ու քննարկվեն լսումների ժամանակ:
Անցած շաբաթ «Հայաստանի անտառներ» կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Աֆրիկյանը եւս 13 մասնագետների հետ մասնակցել է մայիսի 28-ից հունիսի 3-ը Շիկահողում անցկացված փորձաքննությանը: Նա ներկայացրեց դրանց արդյունքները, որոնք անսպասելի ինֆորմացիա են պարունակում: Ըստ նախագծի ճանապարհը Մթնաձորը պետք է կտրի 10 մ լայնությամբ ու 16,6 կմ երկարությամբ: Փորձագետների հաշվարկներով, սակայն, պետք է քանդվի ոչ թե 10, այլ 30 մ լայնություն, որպեսզի կառուցվի այդ 10 մ-ը:
Կհատվի 12 հազար ծառ, ներկայացրել են ճանապարհաշինարարները: Փորձագետների հաշվարկներով 26 հազար ծառ է հատվելու, եւս 50 հա էլ ոչնչացվելու է ճանապարհի երկայնքով: Արձանագրության մեջ նշվում են կորուստների եւ վնասի չափերը: Կարեն Աֆրիկյանը հայտարարեց, որ իրենք պատասխանատու են անգամ 0,1 տոկոսի սխալի դեպքում: Արձանագրությունը մտադիր են ներկայացնել կառավարություն, որպեսզի վերջինս քննարկի հերթական նիստում:
Հետաքրքրական է, որ տեղի բնակչության հետ արդեն «աշխատանք» տարվել է, եւ նրանց մի մասը փոխել է կարծիքը: Հիմա ասում են, թե ճանապարհի կառուցումն իրենց աշխատատեղ ու փայտ կտա:
Մթնաձորի հյուսիսային լանջերը, դարձյալ փորձագետների եզրակացությամբ, խոնավության բարձր տոկոս ունեն, ճանապարհ կառուցելու դեպքում այստեղ անընդհատ փլուզումներ են լինելու: Այսինքն, սողանքագիտական ուսումնասիրություններն էլ անհրաժեշտություն են, որպեսզի չկրկնվի այն, ինչ կատարվեց «Լինսի» հիմնադրամով կառուցվող մայրուղիների որոշ հատվածներում: Ձմռանն այս ճամփան սառցակալելու է, մեծաքանակ տեղումներ են լինում այստեղ, ճանապարհի սպասարկումն էլ դժվարությունների հետ է կապվելու:
Բնապահպանները, այնուամենայնիվ, համոզված են, որ կառավարությունը ճանապարհը կառուցելու որոշումն արդեն ընդունել է, մնում է նախագահը վավերացնի:
Հենց դա է, որ ուզում են կանխարգելել:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ