Հայ օդաչուների կանանց երախտագիտությունն Արա Աբրահամյանին
Երկուշաբթի օրը «Ազգի» խմբագրության աշխատանքային գրատախտակին լրագրողներից մեկը գրել էր. «Այսօր հայ օդաչուներին ներում են շնորհել, շնորհավորում ենք բոլորին»: Նույն օրը մեկ ուրիշ լրագրող պատմում էր, որ առավոտյան այդ լուրը լսելուն պես իրենց ընտանիքը ցնծություն է ապրել, իսկ մայրն արտասվել է:
Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման մեղադրանքով դատապարտված հայ 6 օդաչուներինՙ այդ երկրի նախագահիՙ Թեոդորո Օբիանգ Նգումեայի կողմից ներում շնորհելու տեղեկությունը համազգային ուրախության արձագանքներ ունեցավ Հայաստանում: Եվ դժվար չէ պատկերացնել 1,5 տարի աֆրիկյան երկրի բանտային պայմաններում գտնվող նրանց ընտանիքների, հարազատների վիճակը եւ ներկա տրամադրությունները: Հայ օդաչուների կանայք վերջին երեք ամիսներին իր բոլոր հնարավորություններն ի սպաս դրած եւ գործուն միջամտություն ցուցաբերած Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին իրենց մասնավոր երախտագիտությունը հայտնելու համար երեկ հավաքվել էին Համաշխարհային հայկական կոնգրեսի երեւանյան գրասենյակում:
Փորձեր չեմ անի բառերով նկարագրելու ու վերարտադրելու այն ապրումները, որ ունեցել են այս կանայք, սա յուրաքանչյուրի անհատական հուզական այն աշխարհն է, որի մեջ թափանցելն այդ պահին անիմաստ էր: Հանդիպման ընթացքում նրանցից ոմանք չխոսեցին, իրենց ներքին վիճակն արտահայտվում էր կողմնակի թաքնված եւ անթաքույց հուզմունքով, արցունքներով եւ դեռեւս ինչ-որ տեղ անվստահությամբ: Այս 1,5 տարիների ծանր ապրումները, անակնկալ իրադրությունները, հարաբերությունները, հուսադրող եւ հուսալքող սպասումները դեռեւս կասկածով ու տագնապով էին մշուշել իրենց ուրախությունը: Սայթաքուն վտանգներ, անխուսափելի հուսալքումներ ապրած բազում պահերը խեղդվող կարոտի էին վերածվել, որ գրեթե անհնար էր դարձնում խոսելը:
Այս կանայք, որ իրենց երեխաների եւ ընտանիքների ապագան ամուր կապված էին տեսնում այս հողի ու այս երկրի հետ, վերջապես լուսավոր գույներով դա տեսան: «Մեր խորագույն երախտագիտությունն ենք ուզում հայտնել Արա Աբրահամյանինՙ վստահ, որ եթե առաջին օրից Հայաստանի պետությունն իր հնարավոր բոլոր միջոցներով չզբաղվեր այս գործով, չենք կարող պատկերացնել, թե ինչ կլիներ մեր եւ մեր երեխաների վիճակը», ասում էր օդանավի հրամանատարի կինըՙ Նաիրա Հարությունյանը:
Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր նպատակն աշխարհասփյուռ հայության հնարավորինս միավորելն է ազգային շահի շուրջը: Կոնգրեսի հայկական բաժանմունքի տնօրեն Վլադիմիր Աղայանը միասնության ջատագովի դիրքերից նայելով խնդրին ասաց. «Սա Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին կոնկրետ հաղթանակներից մեկն էր այն առումով, որ միասնությանը կարող ենք հասնել մեր ուժերով, խնդիրները միասին քննելով եւ լուծումներ գտնելով: Եվ սա այն դեպքն էր, երբ ՀՀ նախագահը, նախարարը, Արա Աբրահամյանը նույն նպատակով ջանքեր գործադրեցին»:
Հայ օդաչուներն ազատ են արդեն, ուրբաթ օրը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին մամլո ասուլիս կազմակերպել «Դոմոդեդովոյի» օդանավակայանում, իսկ հաջորդ օրը նրանք կլինեն Երեւանում: Հայ օդաչուների կանայք անսահման երախտագիտությամբ հանդերձ հույս ունեին եւ հավատում էին, որ իրենց սիրելի ամուսինների առողջության, անհրաժեշտ բուժման խնդիրներով եւս կզբաղվի Արա Աբրահամյանը եւ փափագում էին երեւանյան այցին ավելի մտերիմ մի հանդիպում նրա հետ:
Մեր ջերմ շնորհավորանքներն ուղղելով ազատագրյալների ընտանիքներին, կանանց, հայ օդաչուներին մաղթում ենք խաղաղ երկինք ու բարեհաջող թռիչքներՙ ստորեւ ներկայացնելով 6 օդաչուների կանանց երախտիքի նամակն ուղղված Արա Աբրահամյանին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան
Մենքՙ Հասարակածային Գվինեայում բանտարկված վեց հայ օդաչուների հարազատներս, մեր անսահման երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ մեր մերձավորների ազատագրմանը նպաստելու համար:
Այս տարվա մարտին Դուք, պարոն Աբրահամյան, Ձեր օգնությունն առաջարկեցիք այդ բազմաբարդ հարցում: ՀՀ ԱԳՆ-նՙ ի դեմս Վ. Օսկանյանի, Ձեզ լիազորեց զբաղվել տվյալ խնդրի լուծմամբ: Մարտի 25-ին մեզ հետ կայացած հանդիպման ժամանակ Դուք ասացիք, որ կջանաք առավել սեղմ ժամկետում անձնակազմը բերել հայրենիք: Դուք կատարեցիք Ձեր խոստումը, եւ շատ շուտով մեր թանկագին ամուսինները կլինեն Երեւանում:
Մեր սրտերը լի են երախտագիտության զգացումով, որն անհնար է արտահայտել բառերով: Դուք, պարոն Աբրահամյան, Ձեր վեհանձն վարմունքով ողջ աշխարհին ապացուցեցիք, որ միավորվելու դեպքում հայերիս համար որեւէ խոչընդոտ չկա, անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացիներ ենք, որ յուրաքանչյուր հայի կյանքը, որտեղ եւ ինչ վիճակում էլ նա գտնվելիս լինի, բարձր է գնահատվում ամբողջ ազգի, ամբողջ ժողովրդի, մեր պետության կողմից, եւ մենք միշտ օգնության ձեռք ենք մեկնում միմյանց:
Հայտնի բարեգործի Ձեր անունը կուզենայինք դասել հայ ժողովրդի արժանավոր զավակներ Շառլ Ազնավուրի, Քըրք Քըրքորյանի եւ շատ ուրիշների հետ միեւնույն շարքում:
Անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում Ձեզՙ մեծ հայիդ, հայրենասերիդ, մեծատառով մարդուդ, որը չխնայեց սեփական ուժերը, իր կարելին արեց եւ աֆրիկյան գերությունից 6 կյանք փրկեց, եւ դրա հետ մեկտեղ ապրելու հնարավորություն պարգեւեց նաեւ մեզ, ընտանիքների անդամներին:
Ե՛վ մենք, ե՛ւ մեր զավակները մշտապես կաղոթենք Ձեզ համար, պարոն Աբրահամյան:
Ն. Հարությունյան, Ն. Ղուլյան, Ա. Թումանյան, Ա. Աբազյան, Ս. Սիմոնյան, Ս. Սարյան