Ամերիկացի հայտնի քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկին իր նշանավոր «Շախմատային մեծ խաղատախտակ» գրքում ձեւակերպելով միաբեւեռ աշխարհում ԱՄՆ-ի համամոլորակային գերիշխանության հասնելու հիմնարար սկզբունքները, Ամերիկայի աշխարհաքաղաքականության գլխավոր նպատակը համարում է նրա վերածումը Եվրասիայի տիրակալի: Բժեզինսկու շատ կանխատեսումներ արդեն իրականացել են, եւ շախմատի տախտակի «ամերիկանացված» ֆիգուրները հաջողությամբ շահելով սկզբնախաղը, ամուր դիրքեր են գրավել միջնախաղում եւ պատրաստ են վերջնահարվածների: Նորագույն երկու քաղաքական իրադարձություններ կրկին հաստատում են փորձառու «շախմատիստի» խորաթափանցությունը. Եվրոպան տարբեր պետությունների առկայության բերումով երբեք միասնական չի լինի ԱՄՆ-ին լիարժեք հակազդելու համար (եվրոսահմանադրության վավերացման ձախողումները եւ եվրոբյուրոկրատիայի շփոթմունքը), Ադրբեջանին կհաջողվի իր բնական պաշարների շնորհիվ առավելագույնս անկախանալ Ռուսաստանի ազդեցությունից (Ռուսաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկումը):
Ադրբեջանի «բախտով» միայն Բժեզինսկին չէ, որ շահագրգռված է: Ռուսաստանյան մամուլը լայնորեն քննարկում է խողովակաշարի շահագործման ու դրա տնտեսական-քաղաքական հետեւանքների հարցերըՙ իրենց երկրի համար բնավ էլ ոչ մխիթարական գնահատումներով: «Նեզավիսիմայա գազետան» վերլուծական մեծ նյութ տպագրելով այդ խնդրի կապակցությամբ, աներկբա եզրակացություն է անումՙ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի վրա Ռուսաստանի ազդեցության միակ գործիքն է:
Ակնհայտ է, գրում է թերթը, որ Ադրբեջանը Արեւմուտքի համար արժեքավոր է բնական հարուստ պաշարների եւ աշխարհաքաղաքական հարմար դիրքի առումով: Այնուհետեւ Ադրբեջանը չի ուզում եւ փաստորեն արդեն չի գտնվում Ռուսաստանի ազդեցության ոլորտում: Սակայն այդ երկրի համար ամենահիվանդագինը շարունակում է մնալ Ղարաբաղի հարցը, ինչն առաջացնում է ոչ միայն հակահայկական, այլեւ հակառուսական տրամադրություններ եւ նրան մերձեցնում է Արեւմուտքի ու Թուրքիայի հետ, ճանապարհ հարթում դեպի ՆԱՏՕ:
Եվ այսպես դեպի Արեւմուտքՙ ընդդեմ Ռուսաստանի: Եվ այս պայմաններում առաջ է գալիս մեր ժամանակների ամենամոդայիկ քաղաքական հարցըՙ հնարավո՞ր է որեւէ գույնի հեղափոխություն Ադրբեջանում: Թերթը տալիս է բավականին պարզորոշ պատասխանՙ միանգամայն հնարավոր է: Ինչո՞ւ:
Հետխորհրդային տարածքում առաջինը Ադրբեջանում տեղի ունեցավ իշխանության դինաստիական փոխանցում. Ալիեւի կլանին հաջողվեց բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով պահպանել ե՛ւ գահը, ե՛ւ ամենագլխավորըՙ հարստությունը: Տեղի ունեցան բողոքի զանգվածային դրսեւորումներ, որոնց կրտսեր Ալիեւը պատասխանեց հոր մեթոդովՙ բռնությամբ:
Սակայն Հեյդար Ալիեւը տաղանդավոր էր, ուներ հսկայական հեղինակություն, քաղաքական մեծ փորձ, չեկիստի կոփվածք: Իսկ որդին սոսկ որդի է, որը կյանքում դժվար է ասել, թե ինչի է հասել սեփական ուժերով: Երկրում շատերը չէ, որ համակրանք են տածում «գահակալի» նկատմամբ: Իլհամին մեղադրում են, որ թույլ ղեկավար է եւ այնքան էլ հաճելի չէ որպես մարդ: Համառ լուրեր են տարածվում նրա կենցաղային թուլությունների մասին (այս բազմիմաստ արտահայտությունը չի վերծանվում- Ռ. Հ.): Այսինքնՙ եթե Ադրբեջանի բախտը բերել էր հոր հարցում, ապա հակառակը չի ստացվել:
Այնուհետեւ հոդվածում բերվող գրեթե բոլոր փաստերը, հետեւությունները, գնահատումները հենվում են զանազան միջազգային կազմակերպությունների լրատվական վկայակոչումների վրա: Այսօր Ադրբեջանը պատրաստվում է պառլամենտական ընտրությունների: Երկրի բնակչության եւ վերնախավի կենսամակարդակների խզումը հիրավի հրեշավոր է: Իշխող կլանի անդամներն արտասահմանյան բանկերին պահ են տվել ավելի քան 5 մլրդ դոլար: Բաքվում եւ նրա շրջակայքում կառուցվել են մոտ 2000 շքեղ առանձնատներ ու դղյակներՙ յուրաքանչյուրը մինչեւ 1 մլն դոլար արժողությամբ, մինչդեռ պաշտոնյաների աշխատավարձը չի անցնում 100-200 դոլարից: Ալիեւների կլանի կառավարման տարիներին բյուջեից անհետացել է առնվազն 3 մլրդ դոլար: Ընդսմին այդ բյուջեի առյուծի բաժինը հատկացվում է կառավարման ապարատը եւ ուժային կառույցները պահելուն: Միջազգային արժութային հիմնադրամի պահանջով Ադրբեջանը պարտավոր է բարձրացնել էներգակիրների գինը, ինչը չի կարող դժգոհություն չառաջացնել հասարակ մարդկանց շրջանում, որոնց միջին աշխատավարձը կազմում է 25-64 դոլար:
Ադրբեջանը մտնում է աշխարհի առավել կոռումպացված երկրների ցուցակի մեջ: Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արտադրանքի ցուցանիշով նա զիջում է նույնիսկ Հայաստանին եւ քիչ է գերազանցում Վրաստանին, որի տնտեսությունը գրեթե լրիվ քայքայվում է:
Պատշաճ ուշադրություն չի նվիրվում սոցիալական ոլորտին. բնակչության 70-80 տոկոսը գտնվում է աղքատության եզրին, 40-50 տոկոսըՙ չքավորության: Դրա հետեւանքով երկիրը լքել է բնակչության 45 տոկոսըՙ մոտ 3250000 մարդ (միայն 3 միլիոնըՙ Ռուսաստանում): Ներկայումս Ադրբեջանում բնակվում է 3,6-3,7 մլն մարդ: Գավառները լքված են, Բաքվից բացի բոլոր մյուս առավել խոշոր քաղաքներում իշխում են համատարած գործազրկությունը, հանցագործությունը, հակասանիտարական վիճակ է:
Եկամուտ բերող բոլոր առեւտրային ընկերությունները բաժանված են կառավարող վերնախավի ներկայացուցիչների միջեւ: Ամենակեր կոռուպցիան համակել է բոլոր իշխանական կառույցներն այն աստիճան, որ արդեն սպառնում է ազգային անվտանգությանը: Երկրի ղեկավարությունը չի լուծել ոչ մի սոցիալ-տնտեսական խնդիր, երկրի իրավիճակը մոտեցնելով սոցիալական պայթյունի: Չնայած նավթի ու գազի արտահանման աճին, կենսամակարդակն ընկնում է, քանզի նավթագազային քաղաքականությունը հարստացնում է միայն կառավարող ընտրախավին:
Ադրբեջանի ազգային ԶԼՄ-ներն ու հատկապես հեռուստատեսությունը լրիվ գտնվում են «ալիեւականների» վերահսկողության ներքո, որոնք էլ զբաղված են «մարդկանց մեծ հարգանքն ու սերը վաստակած» ղեկավարի ու նրա շրջապատի գովերգմամբ: Բացակայում է տարրական քննադատությունը, ընդդիմադիր մամուլի, լրագրողների դեմ օգտագործվում են նրանց ճնշման, մեկուսացման ու վերացման բոլոր միջոցներըՙ բռնություն, հետապնդում, դատ, հարկային ստուգումներ եւ այլն:
Այնպես որ, եզրակացնում է թերթը, զարմանալի ոչինչ չի լինի, եթե հետխորհրդային տարածքում հերթական գունավոր հեղափոխությունը տեղի ունենա Ադրբեջանում:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա