«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2005-06-08 | #105, 2005-06-09 | #106, 2005-06-10


ԲՈՒՇ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈ՞ՒՄ Է ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Թե՞ նոր հարցականներով կասկածի տակ է դրվում համագործակցության նպատակահարմարությունը

Հունիսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Ջորջ Բուշը պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Սթիվեն Հեդլիի ներկայությամբ ընդունել է աշխատանքային այցով Մ. Նահանգներում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որին ուղեկցում էին արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը, պետնախարար Ալի Բաբաջանը եւ ուրիշներ: Բուշ-Էրդողան դռնփակ հանդիպումը նախատեսված կես ժամի փոխարեն տեւել է շուրջ 50 րոպե: Հանդիպմանը քննարկվել են Կիպրոսին, Իրաքին, Հյուսիսային Իրաքում PKK-ի ներկայությանը, «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրին եւ դրա շրջանակներում Իրանին ու Սիրիային, Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը եւ թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր:

Հանդիպման մանրամասները հայտնի չեն: Պարզապես «Ենի շաֆաքն» առանց անուն տալուՙ վկայակոչելով ԱՄՆ-ի պատասխանատու գործչին, հունիսի 9-ի համարում նշում է, որ հանդիպմանը կողմերի ուշադրության կենտրոնում է եղել «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրը, եւ նրանց միջեւ թերեւս ամենալուրջ տարակարծությունն առաջացել է Սիրիայի հարցում: Ըստ թուրքական թերթի, ամերիկացիները մատնանշում են Դամասկոսի վրա միջազգային հարաճուն ճնշումները շարունակելու անհրաժեշտությունը, իսկ Թուրքիան ցանկանում է, որ Սիրիան ոչ թե միջազգային հանրությունից մեկուսացվի, այլ բարեփոխումների իրականացման հարցում միջազգայնորեն խրախուսվի:

Վերոհիշյալ գործիչը «Ենի շաֆաքին» ասել է նաեւ, որ կողմերը PKK-ի եւ Կիպրոսի հարցերում քաղաքականապես տարաձայնություններ չունեն, պարզապես նրանց մոտեցումներն են տարբերվում, ավելացնելով. «Բուշ-Էրդողան հանդիպման մթնոլորտը սառը չէր, սակայն չի կարելի ասել, թե անցավ ջերմ մթնոլորտում: Դա գործնական հանդիպում էր»:

Այս խոսքերը հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում անուղղակիորեն հաստատում է նախագահ Բուշը: Նա ընդգծում է. «Ամբողջական գնահատականի դեպքում հանդիպումը միանգամայն արդյունավետ պետք է համարել»: Վարչապետ Էրդողանն ավելացնում է. «Քննարկել ենք ԱՄՆ-ի հետ Թուրքիայի համերաշխության հեռանկարները: Ռազմավարական այս համատեղությունը վստահորեն շարունակելու ենք ապագայում»:

Հունիսի 8-ին թուրքական հանրային հեռուստատեսությունը, մեջբերելով Բուշի եւ Էրդողանի վերոհիշյալ խոսքերը, հանգել էր հանդիպմանը երկու երկրների ռազմավարական համագործակցության վերահաստատման եզրակացությանը: Մինչդեռ ինտերնետային «Սանսուրսուզ» թերթը հունիսի 9-ի համարում գրում է. «Մինչ թուրքական կողմը Բուշ-Էրդողան հանդիպման ավարտին ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները համառորեն բնութագրում էր որպես «ռազմավարական գործակցություն», ամերիկյան կողմը բնութագրման համար նախընտրեց օգտագործել «ռազմավարական հարաբերություն» արտահայտությունը: Այսպիսով տպավորություն ստեղծվեց, թե Վաշինգտոնը քողարկված ազդանշաններ է հաղորդում: Երկու երկրների ղեկավարների թուրք-ամերիկյան տարաձայնություններից հետո կայացած հանդիպումը պարզորոշ ցույց է տալիս, որ հարաբերությունների մակարդակը կողմերին չի բավարարում: Դրանք «ռազմավարական գործակցության» բնո՞ւյթ են կրում, թե՞ «ռազմավարական հարաբերության», ըստ երեւույթին պարզորոշ կդառնա առաջիկայում»:

«Սանսուրսուզը» դրանով հարցականի տակ է դնում թուրք-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը: Քանի որ Էրդողանը Մ. Նահանգներ էր ուղեւորվել այդ համագործակցության վերականգնման գլխավոր նպատակով, ուստի ինքնաբերաբար հարցականի տակ է դրվում նաեւ նրա այցի արդյունավետությունը: Այդ առումով «Ջումհուրիեթի» գլխավորությամբ «Սանսուրսուզին» են միանում թուրքական այլ թերթեր եւ Թուրքիայում վիճարկման առարկա է դառնում թուրք-ամերիկյան հարաբերությունները որպես «ռազմավարական գործակցություն» բնութագրումը:

Այդ ընթացքում Վաշինգտոնի «Նիքսոն» կենտրոնի հայտնի վերլուծաբան Զեյնո Բարանը, ինչպես այդ մասին նշվում է «Զամանի» հունիսի 9-ի համարում, վարչապետ Էրդողանի Մ. Նահանգներ կատարած այցը որակում է «չիրագործված մեծ առիթ»: Նա կարծիք է հայտնում, որ վարչապետ Էրդողանն ու թուրքական պատվիրակությունը չեն ըմբռնել նախագահ Ջորջ Բուշի տողատակերում հաղորդած ազդանշանները, նույնիսկ սխալ են հասկացել դրանք: Ամերիկացի վերլուծաբանը օրինակ է բերում Էրդողանի հետ հանդիպմանը Բուշի օգտագործած «ռազմավարական հարաբերություն» արտահայտությունը եւ զարմանքով մատնանշում, որ թուրքական պատվիրակությունը թյուրիմացաբար ընկալել է որպես «ռազմավարական գործակցություն», ինչն, ըստ նրա, լուրջ սխալ է, որովհետեւ «ներկա պահին Բուշը Թուրքիային չի համարում ռազմավարական գործակից»:

Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցն ավարտվում է այսօր, հետեւաբար արդյունքները դեռեւս ամփոփված չեն: Առաջիկա օրերին, երբ դրանք ի մի բերվեն, ի հայտ կգան նախագահ Բուշի հետ նրա հանդիպման նոր մանրամասներ, որոնք էլ հնարավոր կդարձնեն այցին հանգամանալից անդրադարձը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4