«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2005-06-09 | #106, 2005-06-10 | #107, 2005-06-11


«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԼՈԲԱԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԺՈՂՈՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Մասնակիցների թվում է Պոլսո հայոց պատրիարքը

Հունիսի 9-ին Ստամբուլում սկսվել են «Ժողովրդավարություն եւ գլոբալ անվտանգություն» թեմայով եռօրյա համաժողովի աշխատանքները: Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության կազմակերպած այս համաժողովին մասնակցում են 68 երկրներից 709 նախարարներ, վարչության պետեր, դիվանագետներ եւ գիտաշխատողներ: Թուրքիայի հրեաների խախամապետ Իցխակ Հալեւայի եւ Թուրքիայում Վատիկանի ներկայացուցիչ Ժորժ Մարովիչի հետ համաժողովի մասնակիցների թվում է նաեւ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը:

Այդ մասին հունիսի 10-ի համարում տեղեկացնում է «Ռադիկալը», իսկ Պոլսո հայոց պատրիարքարանի դիվանի մամուլի օրգան «Լրաբերը» հավելում է թուրքական այս թերթին: Ըստ «Լրաբերի», համաժողովը բացել են Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության պետ Գյոքհան Այդըներն ու ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն: Այնուհետեւ հնչել է Մ. Նահանգներում գտնվելու պատճառով բացակայող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնի խոսքը:

Համաժողովի «Կրոնը եւ ահաբեկչությունը» նիստում զեկուցել է Մութաֆյան պատրիարքը: «Լրաբերի» վկայությամբ, ելույթում «Նորին ամենապատվությունն ամփոփել է Թուրքիայի կրոնական հարանվանությունների պատերազմի եւ ահաբեկչությունների դեմ երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս տարած միջեկեղեցական ու միջկրոնական աշխատանքները», իսկ նրա ելույթին հետեւել են շուրջ 200 մարդ, գլխավորապես «թուրք դիվանագետները, ոստիկանապետները, անվտանգության պաշտոնյաները, գիտնականներն ու մամուլի ներկայացուցիչները»:

Նիստի ավարտին Մեսրոպ Բ Մութաֆյանը մասնակցել է ընդունելությանը, որտեղ առանձնազրույցի առիթ է ունեցել ինչպես Թուրքիայի ներքին գործերի նախարարի, այնպես էլ անվտանգության գլխավոր վարչության պետի հետ, քննարկելով Տիգրանակերտի Սբ. Կիրակոս եւ Կեսարիո Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների անմխիթար վիճակը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4