«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2005-06-09 | #106, 2005-06-10 | #107, 2005-06-11


ՏԻԳՐԱՆ ՀՈՎԻՎՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐՆ ԱՌԿԱ ԵՆ»

Ընթացիկ մրցաշրջանը հայկական ֆուտբոլում նշանավորվեց ֆուտբոլային նոր ակումբիՙ «Երեւան յունայթեդի» հիմնադրումով: Ակումբի նախագահ, լիբանանահայ Տիգրան Հովիվյանը, որ 1977 թ. Երեւանում ուսանել է ֆիզկուլտուրայի տեխնիկումում, այնուհետեւ 1979 թ. բնակություն է հաստատել Ավստրալիայում, մարկետինգի մասնագետ է: Նա համոզված է, որ Հայաստանում ֆուտբոլային բիզնեսի կայացման լավ նախադրյալներ կանՙ դա հիմնավորելով իր գործունեությամբ:

- Պարոն Հովիվյան, ինչպե՞ս ծնվեց Հայաստանում ֆուտբոլային ակումբ հիմնելու գաղափարը:

- Անցած տարվա մարտին որպես զբոսաշրջիկ ժամանելով Երեւան, որոշ չափով ուսումնասիրեցի հայկական ֆուտբոլը: Նկատեցի, որ Հայաստանում ֆուտբոլի մարկետինգի հնարավորությունները մեծ են, սակայն ակումբների ղեկավարներն ու գործարարները դա չեն նկատում: Վերադառնալով Ավստրալիա, տիկնոջս հետ գործի անցանք: Հոկտեմբերին կրկին ժամանեցի Երեւան, հիմնադրեցի ակումբը. պատրաստվեց խորհրդանշանը, նշանակվեց թիմի գլխավոր մարզիչն ու պետը, խոսեցի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որը խոստացավ օգնել ու աջակցել մեզ: Դեկտեմբերի 20-ից «Երեւան յունայթեդը» սկսեց մարզումները, փորձարկվեցին շուրջ 80 ֆուտբոլիստներ, որոնցից ընտրվեցին 20 լավագույնները: Որոշեցի ընտանիքով տեղափոխվել Երեւան: Վաճառելով մեր ողջ ունեցվածքը, փետրվարի 12-ին բնակություն հաստատեցինք Երեւանում: Մայիսի 7-ին «Հանրապետական» մարզադաշտում «Վաղարշապատի» հետ հանդիպման ժամանակ մեծ տոնախմբություն կազմակերպեցինքՙ պաշտոնապես նշելով ակումբի հիմնադրումը: Այդ խաղին հրավիրատոմսեր էինք բաժանել մարզասերներին, որոնց համար ճոխ համերգ էինք կազմակերպել: Մոտ 7000 հանդիսական էր ներկա միջոցառմանը: Այդ օրը առաջին անգամ ժողովրդին ներկայացրինք մեր թալիսմանըՙ 220 սմ հասակ ունեցող առյուծ Մհերին, մեր չիրլիդերսներինՙ 10 հոգանոց աղջիկների խմբին, որոնց անձամբ եմ ընտրել եւ որոնք խաղից առաջ, ընդմիջմանը ելույթներ են ունենում, բարձրացնում են հանդիսականների տրամադրությունը: Այդ օրը մարդիկ մարզադաշտ էին եկել ընտանիքներով եւ հաճելի ժամանակ անցկացրին:

Ակումբի առաջ լուրջ նպատակներ են դրված: Եկող տարի թիմը պետք է բարձրագույն խմբում հանդես գա: Ուրախ եմ, որ Ալբերտ Սարգսյանին հաջողվել է մարտունակ կոլեկտիվ ստեղծել, եւ թիմն այսօր առաջին խմբի առաջատարն է: Այսօր մեր գլխավոր նպատակը ֆուտբոլասերներին մարզադաշտ բերելն է:

- Ի՞նչ ուղիներ եք տեսնում ֆուտբոլասերին մարզադաշտ բերելու համար: Տարեցտարի նրանց թիվը նվազում է, մինչդեռ «Երեւան յունայթեդի» հանդիպումների մուտքը տոմսով է: Արդյոք ռեա՞լ է դա:

- Դժբախտաբար, Հայաստանում ֆուտբոլին չեն նայում որպես բիզնեսի աղբյուր: Մեր ակումբների տերերն այլ գործունեությամբ են զբաղվում եւ այդ գումարներով են հոգում թիմի ծախսերը: Իմ նպատակը ֆուտբոլը բիզնես դարձնելն է: Դա, իհարկե, համբերություն եւ գործի նկատմամբ հավատ է պահանջում: Այսօր որեւէ բիզնեսով զբաղվելուց առաջ հարկ է ուսումնասիրել շուկան: Հայաստանում ժողովրդի 95 տոկոսը ֆուտբոլասեր է, սակայն, դժբախտաբար, նրանց միայն չնչին տոկոսն է հետաքրքրվում հայկական ֆուտբոլով: Շատերը գտնում են, որ Հայաստանում ֆուտբոլ չկա: Երկրպագուներն ասում են, որ ֆուտբոլիստները բարձրակարգ խաղ չեն ցուցադրում, դրա համար էլ մարզադաշտ չեն հաճախում: Ֆուտբոլիստներն էլ բողոքում են, որ դատարկ տրիբունաների առկայությամբ հնարավոր չէ լավ խաղալ:

Ուրեմն ինչպե՞ս ֆուտբոլասերին մարզադաշտ բերել: Նախ, նրա համար պետք է պայմաններ ստեղծել, փորձել յուրաքանչյուր խաղ վերածել տոնախմբության: Այդ դեպքում տոմսով էլ կգան խաղի: Հպարտ եմ, որ այսօր կարողանում ենք տոմսերով ավելի շատ հանդիսականներ մարզադաշտ բերել, քան բարձրագույն խմբի շատ ակումբներ: Նախ ասեմ, որ մինչեւ 16 տարեկանների մուտքը ձրի է: Ունենք տոմսեր 400, 600, 1000, 2500 դրամ եւ ավելի թանկ արժողության: Այժմ մեր խաղերին միջինը 400-500 հանդիսական է ներկա գտնվում տոմսով: Նրանք ոչ միայն հնարավորություն ունեն դիտելու խաղը, այլեւ հանգստանալ, հաճելի ժամանց անցկացնել, դիտել աղջիկների խմբի ելույթը, գնել մեր ակումբի ատրիբուտիկան: Այսօր մեր ակումբը միակն է, որի խաղացողների մարզաշապիկներին գրված են նրանց ազգանունները: Ֆուտբոլիստները գործին պրոֆեսիոնալ մոտեցում են դրսեւորում: Գիտեն, թե ինչպես պետք է ողջունել հանդիսականներին, խաղից հետո նրանց իրենց շնորհակալությունը հայտնեն, գոլի ուրախությունն ինչպես արտահայտեն: Սրանք մանրուքներ չեն: Մենք նորություն չենք կիրառում, պարզապես եվրոպական ֆուտբոլում ընդունված նորմերն ենք կիրառում: Ռուբեն Հայրապետյանը նույնիսկ առաջարկում է, որ ես օգնեմ հավաքականին մարկետինգի հարցում: Պատրաստ եմ աջակցելու: Մեր նպատակն է հզորացնել ակումբները, որպեսզի հավաքականն էլ հզոր լինի: Ուրախ կլինեմ, որ մի օր էլ մեր ակումբի խաղացողը դառնա հավաքականի անդամ:

- Կոնկրետ որքա՞ն երկրպագու պետք է հաճախի խաղերին, որ գոնե ձեր ծախսերը փոխհատուցվեն:

- Մոտ 3000 հանդիսական: Մեր ակումբն ամսական 12 հազար դոլարից ավելի ծախս է կատարում: Հաշվի առնենք նաեւ, որ հանդիսականներից շատերը նաեւ մեր ակումբի խորհրդանշանով ապրանքներ են գնում, սնվում են մարզադաշտում: Սա եւս եկամտի աղբյուր է:

- Կարծում եմ կհամաձայնվեք, որ միայն տոմսերի վաճառքով հնարավոր չէ փոխհատուցել ծախսերը: Ուրիշ ի՞նչ ուղիներ եք տեսնում ֆուտբոլը բիզնեսի վերածելու ճանապարհին: Կարծում եմ, շահույթի մասին առայժմ խոսք լինել չի կարող:

- Շահույթի մասին հնարավոր կլինի մտածել միայն մի քանի տարի անց, երբ թիմը կամրապնդվի բարձրագույն խմբում: Իհարկե, միայն տոմսերի վաճառքով հնարավոր չէ ծախսերը փոխհատուցել: Դրամական մուտքերի աղբյուր են ակումբի ատրիբուտիկայի վաճառքը, ակումբի անդամների անդամավճարները, հովանավորչական պայմանագրերը եւ այլն: Դժբախտաբար, Հայաստանում սխալ են ընկալում հովանավոր բառի իմաստը: Այստեղ հովանավորն ակումբի տերն է: Արտերկրներում դրվածքը այլ է: Ակումբը պայմանագիր է կնքում որեւէ ֆիրմայի հետՙ գովազդելով նրա արտադրանքը, որի դիմաց հովանավորը համապատասխան գումար է վճարում: Այս դեպքում հովանավորը չի խառնվում ակումբի գործունեությանը: Մենք այժմ հովանավորչական մոտ 15 տիպի առաջարկներ ենք մշակել տարեկան 500-ից մինչեւ 25 հազար դոլար գումարի դիմաց եւ այդ ցանկը ծանոթացնում ենք գործարարներին: Մինչ այդ, նրանց հրավիրում ենք ներկա գտնվելու մեր խաղերին, որպեսզի գործարարները գիտենան, թե կոնկրետ ինչի՞ համար են պատրաստ վճարելուՙ հովանավորելով ակումբը: Արդեն մի քանի հովանավորներ ունենք, որոնց հետ առայժմ փոքր գումարներով համագործակցում ենք:

Իհարկե, ֆուտբոլում բիզնեսի լավագույն ձեւերից մեկը ֆուտբոլիստների վաճառքն է: Սակայն Հայաստանում սա ինձ համար բիզնես չէ, քանի որ չես կարող հաստատ համոզված լինել, որ ֆուտբոլիստին կարող ես վաճառել: Այս 13 տարիներին թերեւս միայն Էդգար Մանուչարյանին են բարձր գնով վաճառել: Մեծ եկամուտներ կարելի է ստանալ նաեւ եվրոգավաթներում հաջող հանդես գալու շնորհիվ, սակայն դրան էլ Հայաստանի թիմերը պատրաստ չեն առայժմ:

- Հայաստանում ուրիշ ի՞նչ բիզնես ունեք:

- Իմ բիզնեսը «Երեւան յունայթեդ» ակումբն է, որը 44 բաժնետեր ունի, որոնք չեն խառնվում մեր գործերին: Նրանց բաժինը փոքր էՙ 26 տոկոս, մնացած բաժնետոմսերի տերը ես եմ եւ հիմնական ներդրումները ես եմ կատարում: Նշեմ, որ ունենք ինտերնետ կայք (www.Yerevanunited. com), շաբաթական մոտ 2000 հաճախորդ աշխարհի 38 երկրներից օգտվում է կայքից, որում հանգամանալի տեղեկատվություն է զետեղվում հայկական ֆուտբոլի անցուդարձի մասին:

- Մի քանի խոսք ապագա ծրագրերի մասին:

- Ամենակարեւոր հարցերից մեկը մանկապատանեկան խմբերի ստեղծումն է: Արդեն ունենք 1993 թ. ծնված պատանիներից կազմավորված թիմ, որ մասնակցում է Երեւանի առաջնությանը: Տարիքային բոլոր խմբերի (6-16 տարեկաններ) թիմեր ստեղծելու աշխատանքներ են տարվում: Նաեւ պետք է դուստր թիմ ստեղծենք, որը հանդես կգա առաջին խմբում, երբ մենք բարձրագույնի ուղեգիր կնվաճենք: Պարապմունքներն անցկացնում ենք «Էրեբունի» մարզադաշտում: Մոտակա տարիներին կլուծենք նաեւ սեփական մարզաբազայի հարցը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4