ԱՄՆ-ը Բաքվից պահանջում է արդար ընտրություններ, նույնը պահանջելու է նաեւ Երեւանից
Ադրբեջանի ներքաղաքական վիճակը շարունակում է մնալ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում: Պետքարտուղարությունը մի քանի օր առաջ գոհունակություն է հայտնել հունիսի 4-ին Բաքվում ընդդիմության կազմակերպած ցույցի «առանց միջադեպերի եւ խաղաղ» ընթացքի առնչությամբ: «Մենք Ադրբեջանի կառավարությանը հորդորում ենք շարունակել թույլատրել հասարակական ցույցերը, ինչպես նաեւ հավատարիմ մնալ աշնանը միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ստանձնած մյուս պարտավորություններին», ասվում է հայտարարությունում:
Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ինչպես նշում են ամերիկացի պետական եւ քաղաքական գործիչները, փորձություն են լինելու Իլհամ Ալիեւի համար, եթե դրանք չհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Մայիսի 21-ի ընդդիմության կազմակերպած երթի մասնակիցների նկատմամբ Բաքվի իշխանությունների գործադրած բռնություններին Վաշինգտոնը պատասխանեց «խորին ափսոսանքով»: Բուշի վարչակարգը չտեսնելու էր տվել 2003 թ. նախագահական ընտրություններում արձանագրված համատարած կեղծիքները, բռնությունները, ձերբակալությունները: Սակայն վերջին ամիսներին ամերիկացիներն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ հիացած են ԱՊՀ տարածքում եւ Մերձավոր Արեւելքում ժողովրդավարական հեղափոխություններով:
Այսօր ԱՄՆ-ը հենց Բաքվից է պահանջում արդար ընտրություններ, որովհետեւ ոչ ժողովրդավար պետությունների շարքում առաջինը հենց Ադրբեջանում են տեղի ունենալու ընտրություններ: Հայաստանում ընտրությունները մոտենալու հետ Վաշինգտոնը արդարություն է պահանջելու նաեւ Երեւանից, այնպես որ Հայաստանի պաշտոնական եւ իշխանամետ լրատվամիջոցները, պաշտոնյաները զուր են հաճույքով մեկնաբանում Ալիեւի հասցեին հնչող ամերիկյան զգուշացումները:
Ալիեւի հնարավոր տապալումն առաջին հերթին հարված կլինի Ռոբերտ Քոչարյանի համար, քանի որ Հայաստանի նախագահը կմնա Անդրկովկասում ընտրական կեղծիքները հանդուրժող միակ առաջնորդը: Հետեւաբար Երեւանի համար Ադրբեջանում հնարավոր իշխանափոխությունը չպիտի ցանկալի լինի: Քանի դեռ ուշ չէ, հենց Հայաստանի իշխանություններն ու վերջին շրջանում ընտրակեղծիքների հարցում մասնագիտացված Հանրապետական կուսակցությունը պետք է զերծ մնան տեղական ընտրությունները կեղծելուց, այլապես որեւէ գույնի հեղափոխությունը քաղաքական ասպարեզից իր հետ կտանի հենց նրանց:
Արդեն մի քանի համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որտեղ հաղթել են հանրապետականները: Ըստ էության 2007 թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրությունները կեղծվում են այսօրՙ ՏԻՄ ընտրություններով: Ներկայումս ընտրվող թաղապետները, քաղաքապետները եւ գյուղապետները, ովքեր հիմնականում հանրապետականներից են, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում «վարձահատույց» են լինելուՙ ամեն գնով ապահովելով իշխանությունների հաղթանակը ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններում:
Եթե հարեւան Ադրբեջանում ժողովրդավարության պակասը կամ բացակայությունը փոխհատուցվում է կասպյան նավթով, ապա Հայաստանն Արեւմուտքի համար գրավիչ լինելու այլ ռեսուրս չունի, քան ժողովրդավարությունը (այսինքնՙ ազատ, արդար ընտրությունները), մարդու իրավունքների հարգումն ու օրենքի (այլ ոչ կուսակցությունների, օլիգարխների, թաղային հեղինակությունների, սափրագլուխների) իշխանությունը:
Անշուշտ, Արեւմուտքը համբերություն կունենա եւս որոշ ժամանակահատված աչք փակելու կամ չափավոր ճնշումներ բանեցնելու 1995 թ.-ից ի վեր ընտրություններ կեղծող Հայաստանի իշխանությունների վրա: Սակայն դրա համար էլ պետք է վճարել: Ու քանի որ Հայաստանը վաճառքի թանկարժեք այլ բան չունի, ստիպված կլինի լուրջ զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, մանավանդ եթե Ադրբեջանում իշխանության բերվի Սաակաշվիլու նման մեկը:
Արեւմուտքի համար ի վերջո կարեւոր չէ այն իրողությունը, որ Սաակաշվիլին Շեւարդնաձեից պակաս ժողովրդավար առաջնորդ է: Եթե Շեւարդնաձեի ժամանակ հեռուստաընկերությունների մեծ մասն ընդդիմադիր էր, ապա այսօր բոլորը սպասարկում են Սաակաշվիլուն: Կարեւորն այն է, որ Արեւմուտքի շահերի սպասարկման առումով Սաակաշվիլին նվիրյալ է: Նման նվիրյալ հնարավոր է գտնել նաեւ Ադրբեջանում, թեկուզ Ալիեւից ավելի ավտորիտար, բայց ամերիկյան նվիրյալ: Այս դեպքում Հայաստանը կհայտնվի աննախանձելի վիճակումՙ առաջին հերթին ԼՂ հարցում:
Ջորջ Բուշը, Կոնդոլիզա Ռայսը եւ բարձրաստիճան ամերիկացի մյուս պաշտոնյաներն ամեն առիթով գոհունակություն են հայտնում ԱՊՀ տարածքում ու Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած եւ ընթացքի մեջ գտնվող «խաղաղ հեղափոխությունների» իրողությունից: Թեեւ նրանք բացահայտորեն «թեկնածուների» շարքում չեն հիշատակում Հայաստանը, սակայն հայաստանյան ընդդիմությունն ակնհայտորեն ոգեւորվում է: Մեր ընդդիմադիրները, որոնց համար դեռեւս մի քանի տարի առաջ Կրեմլը քաղբյուրո էր, իսկ Ռուսաստան-Բելառուս դաշինքին Հայաստանի միանալն առաջնահերթ ուղղություն, շահագրգռված են ոչ թե Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման, այլ իշխանության գալով:
Արեւմուտքին եւս այնքան էլ չի հետաքրքրում ժողովրդավար Հայաստանը, հակառակ դեպքում կզրկվի ճնշումներ բանեցնելու հնարավորություններից: Իրական ժողովրդավարության հաստատումը Հայաստանում պետք է հետաքրքրի մեզՙ շարքային քաղաքացիներիս, որովհետեւ ամեն քայլափոխի ոտնահարվում են մեր իրավունքները, յուրաքանչյուր ընտրության մեր քվեներն են առեւանգվում եւ ամեն քայլափոխի կհանդիպենք ապօրինությունների, սափրած գլուխների:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ