«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2005-06-10 | #107, 2005-06-11 | #108, 2005-06-14


«ՄԵՆՔ ԲԱԶՈՒՄ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ ԵՆՔ»

Հայաստանում է Իրանի կրթության նախարարը

Եռօրյա այցով երեկ Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կրթության եւ դաստիարակության նախարարության պատվիրակությունը` նախարար Մորթեզա Հաջիի գլխավորությամբ: Նախատեսվում են այցելություններ դպրոցներ, կրթահամալիրներ եւ փոխհամաձայնության հուշագրի ստորագրում այցի վերջին օրը, երբ բանակցային փուլը ավարտված կլինի: Հուշագիրը ենթադրում է այնպիսի հարցերի հստակեցում, ինչպիսիք են երկկողմ կրթական կապերի ընդլայնումն ու համագործակցության շրջանակների ճշտումը, երկու երկրների դասագրքերում նշյալ պետությունների մասին տեղեկությունների տեղադրումը, ուսուցիչների վերապատրաստումը, պարսկերեն լեզվի կարճաժամկետ դասընթացների կազմակերպումը եւ մի շարք այլ հարցեր:

Այցի առաջին օրը պատվիրակությանն ընդունելիս կրթության եւ գիտության նախարար Սերգեյ Երիցյանը նշեց հանդիպման կարեւորությունը: Նախարարի խոսքերով, ԻԻՀ պատվիրակության ներկայացուցչական կազմով այս օրերին (երբ Իրանը նախագահական ընտրությունների նախաշեմին է) Հայաստանում լինելը վկայում է, թե ինչ մեծ տեղ է տալիս Իրանը Հայաստանի հետ փոխհարաբերություններին: Պրն Երիցյանը նաեւ հույս հայտնեց, որ ստորագրվելիք հուշագիրը ավելի առարկայական կդարձնի համագործակցության հետագա ընթացքը:

ԻԻՀ կրթության նախարար Մորթեզա Հաջին հավաստիացրեց, որ անկախ այն հանգամանքից, թե ով կընտրվի Իրանի նախագահ, նա կպաշտպանի այս օրերին ձեռք բերված համաձայնությունները: Նախարարի համոզմամբ, բանակցությունները կլինեն արդյունավետ, քանի որ մենք բազում ընդհանրություններ ունեցող հարեւաններ ենք: Բացի այդ, «երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները վերընթաց են ապրում, իսկ կրթական եւ գիտական հարաբերությունները զարգացման փուլում են եւ հուսով եմ, որ դեռ կզարգանան», ավելացրեց Մորթեզա Հաջին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4