«Սերգեյ Փարաջանով. վերջին գարունը»
Կինոռեժիսոր Միքայել Վարդանովի «Սերգեյ Փարաջանով. վերջին գարունը» ֆիլմը հայաստանյան հանդիսականին ծանոթ չէ: Երբ 1993 թ. արժանացավ ռուսական կինոակադեմիայի բարձրագույնՙ «Նիկա» մրցանակին, Հայաստանում հանրային կինոդիտում չանցկացվեց. համատարած խավարի տարիներ էին, իսկ ֆիլմը նկարահանվել էր մեր դժվարինՙ 1991-92 թվականներին: 1993-ից սկսած մեծ հաջողություններ արձանագրեց աշխարհումՙ Ֆրանսիայում, Չեխիայում, Կանադայում, Գերմանիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում:
Հունիսի 15-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ֆիլմի երեւանյան առաջին ցուցադրությունը եւ այս առիթով է մեր հանդիպումը ռեժիսորի հետ:
Երբ անցած դեկտեմբերին «Hollywood Entertainment museum»-ում Փարաջանովի 80-ամյակի առիթով կազմակերպվեց նրա կոլաժների եւ նկարների ցուցադրությունը, Միքայել Վարդանովը ներկայացրեց նաեւ իր ֆիլմը: Ամերիկյան մամուլը հիացմունքով արտահայտվեց, կինոնկարն ընդունվեց մեծ հուզականությամբ ու հափշտակությամբ, ալեկոծ, հոտնկայս ծափահարություններով դահլիճներում: Ֆիլմը համարվեց ճամփորդություն բանականության խորքերը, ստեղծագործական մտքի մի տիեզերք, որտեղ պետք է խորաթափանց, մտահայող տեսողություն:
Սան Ֆրանցիսկոյի 1995 թ. միջազգային ֆիլմ-փառատոնում 51 երկրներից 1280 ներկայացված գործերի մեջ Վարդանովի ֆիլմը շահեց լավագույն վավերագրական ֆիլմի «Golden Gate» մրցանակը, 2003 թ. «Beverly Hills» ֆիլմ-փառատոնում արժանացավ նման փառատոներում վավերագրական ֆիլմերին հազվադեպ տրվող լավագույն ֆիլմի «Golden Palm» մրցանակը:
Փարաջանովի առեղծվածը Ժամանակի դրաման
Փարաջանովիՙ աշխարհը տեսնելու անսովոր կերպը, տարբեր ժամանակների, երկրային ու տիեզերական երեւույթների միջեւ կապերն ու առնչություններն իրերի միջոցով բացահայտելուՙ մտածողի ու ներհայողի բացառիկ տաղանդը, գեղագետի, նկարչի, ռեժիսորի, արտիստի ապրում-մտաձեւերի առարկայական հայտնությունները, մարդու հոգու շարժերը բնության երեւույթների հետ զուգակցելու կարողությունները նրա արվեստին առինքնող ու անբացատրելի խորհուրդ են հաղորդում, որի մասին է պատմում Միքայել Վարդանովի ֆիլմը:
...«Արմենֆիլմի» կինոստուդիայում Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական կյանքի վերջին հնարավորություններն են: Կյանքը մոտենում է սահմանագծին, մայրամուտին, ռեժիսորն իր վերջինՙ «Խոստովանություն» ֆիլմի ձայնագրություններն է փորձարկում:
Ավարտվող կյանքին ու ստեղծագործական ընդհատման ողբերգությանը հանգուցել ինչ-որ բան մարդուց վեր, անկարելի բան է, նրա հետեւից Փարիզից օդանավ են ուղարկում, նա մեկնում է... Էկրանին հայտնվում է Փարաջանովի բանտի տարիներին արված եւ աշխարհը շրջած մի նկար, Էյֆելյան աշտարակըՙ վրան-ամպիկՙ «Իմ երազանքը» մակագրությամբ, ներքեւում ինքն էՙ բակի փոշին մաքրող հավաքարարի տեսքով: Հետո հաջորդում են ի պաշտպանություն Փարաջանովի Կաննում նշանավոր մտավորականների կազմակերպած ցույցերից հատվածներ:
Ֆիլմի անսովոր մթնոլորտը պայմանավորված է հավերժական բաժանման մեծ ողբերգությամբ, սա այն ծանր դրաման է, որ երկրային կյանքում ունենում է նույնիսկ այդ կյանքը լիովին ապրած, ամբողջովին ինքնադրսեւորված անհատը:
Լուսանկարների միջով բեմադրիչը բացում է անսովոր մի կենսագրություն ու հարուստ ներաշխարհ: Հրաժեշտի ծանր զգացողությունը ֆիլմին հուզականության մեծ լիցք է հաղորդում: Փարաջանովի գլխավերեւում Սայաթ-Նովայի նկարը պահ առ պահ խոշոր պլանով երեւալովՙ կյանքի նշույլներ է արթնացնում, հաջորդում են կադրեր «Նռան գույնից», անհետանում, ապա հայրը խաչքարն է շոյում, իր գերեզմանին նվագում են զուռնաչիները, փչում է քամին, օրորվում են կիպարիսները, աչքերի առաջ բարձրանում է հողն ու մոխիրը, իր գերեզմանից թռչում է աղավնին ու գնում դեպի հավիտենություն...
Փարաջանովի կինոյի լեզուն
Ինչպե՞ս է հաջողվել Մ. Վարդանովին բացել Փարաջանովի կինոյի գաղտնիքը, առեղծվածային լռության գույնըՙ հոգեւոր ապրումների թանձր ենթաշերտերով, մարդու ենթագիտակցության մեջ գործող նրա արվեստի խիստ յուրօրինակ էսթետիկան:
- Ես փորձել եմ թափանցել նրա արվեստի արտահայտչականության, պատկերաձեւերի խորքը, որովհետեւ նա հենց այնպես ոչինչ չէր անում, դրանց հետեւում թաքնված խորհուրդ կա միշտ: «Նռան գույնը» բանաստեղծի ճակատագիրն է առհասարակ, նրա ողբերգությունը, ծնունդը, սերը, մահը եւ աշխարհի գեղեցկությունները, որում ապրում է մարդը: Փարաջանովը Սայաթ-Նովայի դարաշրջան է փոխադրում իր մանկության ապրումները, որովհետեւ գտնում էր, որ հայ պատանին արդեն 400 տարի նույն կենցաղով ու սովորույթներով է ապրում:
Աշխարհում մարդու դրաման նա կարողացավ բացահայտել հոգեկան ապրումի ու պատկերի երբեւէ չեղած մթնոլորտի մեջ, արտահայտել իրադրություններ, ստեղծել մետաֆիզիկական ըմբռնումների այնպիսի առարկայական (խաչքարը եւ թիթեռը) ասոցիացիաներ, որով անգամ ցավին ու ողբերգությանը հիացմունք արթնացնող զգացողություններ են հաղորդվում:
«Նռան գույնի» փարաջանովյան պոետական հնարանքներն ուսումնասիրության լուրջ նյութ են, նրա ամեն դրվագը մանրանկարչություն է, դա շարժման ու պլաստիկայի մեջ դրված մի թաքնված լեզու է, որ ահռելի մշակութային պոտենցիալ է կրում:
Ի՞նչ արեց Լեոնարդո դա Վինչին, իրենից հետո հարյուրավոր ավելի գեղեցիկ կանանց նկարներ են ստեղծվել, ինչո՞ւ են կառչել այդպես Ջոկոնդայից, ուրեմն գաղտնիք կա, որ հարյուրամյակների ուշադրությունն է գամում, ի՞նչ են անում սրբապատկերները. նրանք լռում են եւ այնտեղ է թաքնված գաղտնիքը, շարժումի, դիրքի խորհրդավորության մեջ:
Կատարյալ հանճարեղ մտահղացումներ է արել Փարաջանովը, աներեւակայելի է Ջոկոնդայի կոլաժների նրա շարքը, կերպարային փոխակերպում-անցումները, որ նրա ամենից հարազատ թեմաներն էին:
«Նռան գույնը» ֆիլմի դեռ չհայտնաբերված երեւույթը մեր ազգային կինոյի այսբերգն է: Համաշխարհային կինո ներմուծած նրա լեզուն աներեւակայելի հարուստ է գունային նրբերանգներով, պատկերային խորհրդանիշներով, լռությամբ: Հիմա շատերն ասում ենՙ նա հանճար է, բայց դեռ չեն հասել այդ լեզվի խորքային բացահայտումների: Ես նկարեցի այս ֆիլմը, որ բացահայտեմ Փարաջանովի կինոյի լեզուն, չնայած բացատրել այդ լեզուն անմտություն է, չի կարելի, ծիծաղելի է, բայց մյուս կողմիցՙ դա երեւույթ է, եւ ոչ ոք դեռ չգիտի այդ լեզուն:
Կինոռեժիսոր Միքայել Վարդանով
Միքայել Վարդանովը Փարաջանովի մտերմագույն ընկերն էր շուրջ 25 տարի: Գրոզնիում ծնված միակ հայ կինոռեժիսորը Մոսկվայի կինոինստիտուտն ավարտելուց հետո մասնակցում է «Դիմակի մենախոսությունը» ֆիլմի նկարահանումներին, որն աֆրիկյան արվեստի միջազգային փառատոնում արժանանում է «Ոսկե եղջերու» մրցանակին: «Պրավդա» թերթի արձագանքից հետո աշխատանքային բազմաթիվ առաջարկներ է ստանում: Փարաջանովի «Կիեւյան որմնանկարներով» հիացած գալիս է Հայաստանՙ մասնակցելու իր համար արդեն հանճարեղ ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումներին: Սցենարի ուշացման պատճառով աշխատանքի է ընդունվում վավերագրական ֆիլմերի ստուդիայում եւ այդ ընթացքում նկարում «Հայկական մանրանկարչություն», ապա եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվերովՙ «Հայոց հողի գույնը» ֆիլմերը, այս վերջինում առաջին անգամ նկարում է Փարաջանովին «Նռան գույնի» 1967 թ. նկարահանումների հրապարակում, ինչպես եւ Մինասին, Էլիբեկյաններին, Արտո Չաքմաքչյանին, Երվանդ Խոջաբեկյանին եւ ուրիշների:
Սովետական ցենզուրան եւ աշխատանքային բարոյականությունը մեծապես ազդել են նրա ստեղծագործական ընթացքի վրա եւ բազմակի արգելքներ ստեղծել, մերժվել են ֆիլմեր («Քաջարան»), մասնավորապես «Կերպար եւ գույն» սցենարային մտահղացումը, երբ նա ֆիլմադարանում հայտնաբերում է 140 արկղ «Նռան գույնից» դուրս մնացած դուբլեր եւ կինոժապավենի հատվածներ, որոնք կորստյան վտանգի տակ էին: «50 տարեկանում անդրադարձա, որ 50 րոպե անգամ իմ ֆիլմը չեմ նկարել, եղածըՙ փառք ՍՄԿԿ-ի էր: Երբ այդ ամենը վերջացավ, 1990-ին իմ ստուդիան ստեղծեցի, որտեղ չկար գեղարվեստական ղեկավար ու խմբագիր, հենց այդ տարիներին որդուսՙ Մարտինի հետ նկարեցի «Ս. Փարաջանով. վերջին գարունը» ֆիլմը:
Ֆիլմի աշխատանքներին մասնակցել է օպերատոր Հայկ Կիրակոսյանը, իսկ հնչյունային ռեժիսոր Կարեն Քուրդիյանի եւ կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի գտնված երաժշտությունն օգնում է ֆիլմի խորքային բացահայտումներին:
Հիշողություններ...
Մեր զրույցի ընթացքում Միքայել Վարդանովը հաճախ էր հիշողությունների մեջ ընկնում, անցած կյանքից հատվածներ պատմում.
- Փարաջանովի անունը որքան մեծանում, այնքան ընկերները շատանում են, մեկ ուզում եմ հրաժարվել, բայց ես միակն եմ, որ բանտի տարիներին իր հետ կապ եմ ունեցել, ծանրոցներ ուղարկել, նամակներ գրել ու ստացել, եւ դա իմ կենսագրության վրա եւս անդրադարձել է:
Այդ ժամանակ էր, որ ԿԳԲ-ն սկսեց հետաքրքրվել ինձնով, ստուդիայում սկսեցին խեղդել եւ աշխատել չէին թողնում:
Փարաջանովը բանտում խստագույն ռեժիմի տակ էր գտնվում, իր փառքի գագաթնակետինՙ 50 տարեկանում, բանդիտների ճամբարում անցկացրեց: Բայց գիտեքՙ ի՞նչ արեց նա այնտեղ, նրանց նկարել, գրել սովորեցրեց, վերադարձրեց հավատն իրենց նկատմամբ: Փարաջանովին ճամբարից ճամբար էին տեղափոխում. ուզում էին եւս 5 տարի ավելացնել: Նա ինձ գրում էր. «Երեւի սա վերջն է, Միշա, սա իմ մազերն են (ցելոֆանի մեջ էր դրված), եթե ես չհասնեմ Հայաստան, կթաղես մեր հողում»: Նա Հայաստանը շատ էր սիրում, երբ ազատվեց, հեռագիր ուղարկեց. «Արմենֆիլմ»: Վարդանովինՙ բոլորի համար: Այսօր երեկոյան ազատվեցի, թռչում եմ Թբիլիսի: Համբուրում եմ բոլորիդ եւ մեր չքնաղ հողը»:
Ի պաշտպանություն Փարաջանովի հանդես եկան մշակույթի շատ հայտնի գործիչներ, բայց վճռականը Լուի Արագոնիՙ ՍՍՀՄ-ում «Ժողովուրդների բարեկամության» շքանշան ստանալու առիթով արված միջնորդությունը եղավ: Փարաջանովի հետ մտերմություն էր անում Մայակովսկու կինըՙ Լիլյա Բրիքը, իսկ նրա քույրըՙ ֆրանսիացի հայտնի գրող Էլզա Տրիոլեն Լուի Արագոնի կինն էր...
...Փարաջանովը մշտապես շրջապատված էր երկրպագուների բանակով, նրա հետեւից գնում էին ինչպես Մեթրի հետեւից: Որովհետեւ նա շրջապատված էր եւ իր շուրջն անմիջապես ծաղկում էր տաղանդը, նա բացահայտելու այդ ուժին էր տիրապետում:
...Կադրեր կան, որ ֆիլմ չմտան, ինչպես օրինակ, կինոխցիկի առաջՙ ձեռքին անթառամների փունջ կանգնած է Փարաջանովը, մյուս ձեռքն այնպես է պահել, որ այնտեղ հայտնվի եկեղեցու մանրակերտը: Իսկ տեքստում, ասում է նա, պետք է գնաՙ «Սա մեծ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն է, որ ծնվել է 1924 թ. Թբիլիսիում», իսկ օպերատոր Սուրեն Շահբազյանը շարունակում է. «Եվ մահացավ նկարահանման հրապարակումՙ համեստությունից»:
Երբ ես գնացի «Նռան գույնում» աշխատելու, ինձ տվեց սցենարը: Կարդալուց հետո առաջարկեցի սովորաբար ֆիլմերում ընդունված մեկ վայրկյանում 24 կադրի փոխարեն 30 կադր անել, այսինքնՙ կադրի շատ աննկատ դանդաղեցումՙ պլաստիկան առավել ընդգծելու համար: Նա ապշեց, դա իրեն այնպես դուր եկավ, որ ինձ Լեւոն Ներսիսյանին ներկայացնելիս ասաց. «Եթե քեզ պետք է անկեղծություն, գնա Վարդանովի մոտ»:
«Միշա, ասում էր, դու տեսնում ես, կոշիկներն ինչպես են դրված»: «Ո՞րը, ասում եմ: Այն մահճակալի մոտՙ քիթ-քթի»: Ընդհանուր պլան էր, չէր նկատվում, բայց ինքը կարծում էրՙ ես պետք է տեսնեի. «Չէ՞ որ դու լավ նայող ես», ասում էր:
...Կյանքի փորձը ցույց տվեց, որ մեր բարեկամությունն ամուր է ու լուրջ: Նամակներից մեկում նա ինձ գրում էր. «Դու քո պարտքն ընկերոջ եւ եղբոր վաղուց կատարել ես»: Բայց ես այս ֆիլմից հետո միայն համարում եմ իր հանդեպ պարտքս կատարած:
Ֆիլմի փառատոնային դիտումներ շատ են եղել, բայց լայնէկրան, հեռուստատեսային ցուցադրությունՙ դեռ ոչ: Անհրաժեշտ ֆինանսների բացակայությունը խանգարում է այն փոխանցել ժամանակակից տեխնիկայի: Դրանք այսօր շատ կարեւոր են, բայց Փարաջանովն իր հանճարեղ «Նռան գույնը» նկարեց հասարակ սովետական կինոխցիկով: Պետք է, այնուամենայնիվ, հասկանալ, որ ամենից կարեւորն արվեստումՙ հոգի պետք է լինի, մարդը, մտածողությունը... երեւակայությունը...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ