Ադրբեջանի նախագահը հունիսի 13-16-ը աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, որտեղ մասնակցեց եւ իր երկիրը ներկայացրեց 9-րդ միջազգային տնտեսական ֆորումին: Բացի այդ, Իլհամ Ալիեւը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաեւ մասնակցեց հանգուցյալ հոր հուշատախտակի բացման արարողությանը: Հեյդար Ալիեւը 1949-50 թթ. ուսանել է Սանկտ Պետերբուրգում, այն նույն հաստատությունում, որտեղ հետագայում հետախուզական արվեստի գաղտնիքներն է սովորել Ռուսաստանի գործող նախագահը:
2003 թ. հոկտեմբերին բռնություններով, հարյուրավոր ձերբակալություններով իշխանությունը հորից ժառանգելուց հետո Ալիեւ կրտսերը հասցրել է արդեն վեց անգամ լինել Ռուսաստանում: Ադրբեջանի երրորդ հանրապետության պատմության մեջ որեւէ նախագահ այդքան հաճախակի չի այցելել որեւէ երկիր: Փաստորեն Ալիեւը Պուտինի մոտ գնալու իր սովորությամբ գերազանցեց Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ անօրինական ճանապարհով իշխանությունից հեռացված Կիրգիզիայի նախագահ Ասկար Ակաեւին:
Ավելորդ չէ նշել, որ ԱՄՆ-ին ռազմավարական գործընկեր համարող Ադրբեջանի նախագահը դեռեւս չի հանդիպել Ջորջ Բուշի հետ: 2004 թ. աշնանը, երբ ՄԱԿ-ում ելույթ ունենալու նպատակով Նյու Յորք էր մեկնել Ալիեւը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ԱՄՆ նախագահը չէր ընդունել Ադրբեջանի առաջնորդին: Վերջերս արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հավաստիացրել է, որ առաջիկա ամիսներին նախատեսված է պետության ղեկավարի այցը Վաշինգտոն:
Ադրբեջանական լրատվամիջոցները Պուտին-Ալիեւ հանդիպման մասին տեղեկացնում են, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, ինչպես նաեւ Կասպիցի իրավական կարգավիճակին եւ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող խնդիրներ: Մասնավորապես Ալիեւը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման մակարդակից, «դրանք այսօր հասել են ռազմավարական գործընկերության աստիճանի, ինչը բխում է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ադրբեջանի շահերից»:
Ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական շրջանառությունը վերջին մի քանի տարում 300 միլիոնից հասել է 1 մլրդ դոլարի: Ներկայումս, ինչպես նշել է Իլհամ Ալիեւը, ադրբեջանական շուկայում մշտապես գործում են 400 ռուսական ընկերություններ: Փաստորեն Ալիեւի իշխանության գալուց հետո ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է: Ռուսաստանն Ադրբեջանի համար կարեւորվում է հատկապես այն առումով, որ 1990-ից ի վեր Ռուսաստանում ժամանակավոր կամ հիմնական կացություն են հաստատել մոտ 2 մլն ադրբեջանցիներ, որոնց ուղարկած գումարների հաշվին է նաեւ գոյատեւում Ադրբեջանը: Եթե Ադրբեջանի բյուջեն մոտ 2 մլրդ դոլար է (2005 թ. համար նախատեսված), ապա ամեն տարի Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներն իրենց բարեկամներին ուղարկում են մոտ 2 մլրդ դոլար:
Երեկ, ի դեպ, Ադրբեջանում պետական մակարդակով նշվում էր «Ազգային փրկության» 12-րդ տարեդարձը: 1993 թ. հունիսի 15-ին հանգուցյալ Հեյդար Ալիեւը Նախիջեւանից ժամանեց Բաքու եւ ռազմական հեղաշրջման միջոցով զավթեց իշխանությունը: Այս օրը ոչ բոլոր ադրբեջանցիներն են ընդունում փրկության օր: Բնակչության եւ քաղաքագետների մի մասի կարծիքով, իրոք Ալիեւի իշխանության գալով Ադրբեջանը փրկվեց մասնատումից: Ալիեւյան կլանի ներկայացուցիչները պնդում են, որ եթե չլիներ ազգի հայրը, ապա փաստացի անկախ Ղարաբաղի հետ կլիներ նաեւ թալիշ-մուղանական հանրապետություն երկրի հարավում, լեզգիները կառանձնանային հյուսիսում, երկրի ներսում չէր հաստատվի կայունություն:
Մինչդեռ մյուսները հունիսի 15-ը համարում են ողբերգություն: Նախ նշվում է, որ հենց Ալիեւի իշխանության գալուց հետո Ադրբեջանը կորցրեց Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջանները: Բացի այդ, Ալիեւի իշխանության գալով Ադրբեջանում հաստատվեց նախիջեւանյան կոռումպացված կլանը, երկիրը հետեւողականորեն սկսեց շարժվել ավտորիտար կառավարման ուղղությամբ, բանտերը լցվեցին քաղբանտարկյալներով:
Երեկ, ըստ «Մեդիամաքսի», Բաքվի Գյուլիստան պալատում տեղի է ունեցել «Հեյդար Ալիեւն իմ կյանքում» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են կառավարության անդամները եւ բազմաթիվ պատգամավորներ: Գրքի խորհրդատուն եւ նախաբանի հեղինակն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւն է, խմբագիրըՙ աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Ի դեպ, հենց Մեհտիեւն է համարվում այսօրվա Ադրբեջանի ամենաազդեցիկ գործիչըՙ «գորշ կարդինալը»: Երբ Ադրբեջանի արեւմտյան գործընկերները Ալիեւին հորդորում են ազատվել նախկին վարչակարգի որոշ պաշտոնյաներից, առաջին հերթին նկատի ունեն Մեհտիեւին:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ