«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2005-06-14 | #109, 2005-06-15 | #110, 2005-06-16


ՄՇՏԱՊԵՍ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ծանոթություն լիբանանահայ նկարիչ Ստեփան Թորոսյանի արվեստի հետ

«Երբ ետիս կը նայիմ, այն տպաւորութիւնը կունենամ, որ կեանքս կը մեկնէր ամէն ուղղութեամբ», սփյուռքահայ երիտասարդ նկարիչ Ստեփան Թորոսյանի այս խոսքերով փորձենք հասկանալ իր նկարչությունը, որ կարելի է նաեւ հայ մարդու ու արվեստագետի աստանդական հոգու ճակատագիր կամ կեցություն համարել: Իր նկարչությունը որոշվում է իդեալականի եւ իրականի, մտացածին-երեւակայականի, ֆիզիկական աշխարհի հետ հանդիպումների մի վայրով, որտեղ իր ներկան փորձում է ճշտել անցյալի միջոցով, որը ծննդավայրի հիշողությունների շարունակությունն է նաեւ: Ծնվել է Բեյրութում լիբանանյան պատերազմին նախորդող շրջանում (1974 թ.) եւ պատերազմական արհավիրքներիցՙ Սիրիա, Հորդանան, Հայաստան դեգերումների ընթացքում եւ Լիմոժում (Ֆրանսիա) հաստատվելուց հետո շարունակ օտարության զգացումներ է ունենում:

Ծնողները նկարիչներ են, մայրըՙ Կիման, ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, հայրըՙ լիբանանահայ հայտնի նկարիչ Հարություն Թորոսյանը, կերպարվեստ է ուսուցանում շուրջ 40 տարի եւ իր մանկավարժական գործունեության ընթացքում շատ շնորհալի սաների մեջ նկատել է նաեւ իր որդու ինքնատիպ տաղանդըՙ խիստ ուրույն նախասիրություններով...

Ստեփանը ապրիլին «Օտար մարմիններ» խորագրով Լիմոժում, իսկ դրանից առաջ ուրիշ ցուցահանդեսներ կազմակերպել էր Փարիզումՙ դրական արձագանքներ ունենալով սփյուռքահայ եւ ֆրանսիական մամուլում:

Արվեստագետի «գեղագիտական նկարագիրը» պայմանավորելով իր ապրած ժամանակաշրջանովՙ Ստեփան Թորոսյանը տառապանքից կամ պայքարից ծնված ստեղծագործությունների մեջ նորարարական փորձերն անհնարին է համարում, իսկ հանգիստ վիճակից ծնվածներին, իր կարծիքով, սպառնում է լճացման վտանգը, բարձր, ճշմարիտ արվեստին չի կարող հավակնել նաեւ ներանձնականության արտահայտություն-ստեղծագործությունը: Իրական արվեստի ճանապարհը ես-ից դուրս ապրումներն ու վերանձնական գեղեցկությունների ընկալումներն են: Ստեփանի նկարչությունն աշխարհի ռեալ գեղեցկություններով եւ մարդկային կյանքի իրական ազդակներով հիացողի ու երազողի արտահայտություն է, բայց «տեւականապէս դէմ ու դէմ մահուան հետ, կը գործածէ խորհրդապաշտական արժէքներըՙ հասնելու համար անմահութեան մարզը» (Քարոլի Պենարոշ):

Լիմոժում կազմակերպված ցուցահանդեսի «Օտար մարմիններ» խորագիրը պայմանականություն չունի, այն ավելի որոշակի է: Պատերազմի ժամանակ ռմբահարությունից մատի մեջ մտած բեկորի եւ իր մարմնի միջեւ առաջացած օտարության շոշափելի զգացումն է, որ շարունակվում է հետագայի իր բոլոր բնակավայրերում, դեռ մանկությունից, ծնողներից սկսվելով. «Մայրս հայ է եւ հայրս վերապրող մը սփիւռքի մէջ 1915 թ. ջարդերէն ետք, որուն մնացորդացը ապաստան գտաւ Լիբանան եւ Սուրիա: Միշտ գտնուած եմ իմ նկարչութեան մթնոլորտին մէջ, չեմ կրնար ապրիլ առանց այդ մթնոլորտին, անկէ աւելի կախարդական բան չկայ», գրում է նկարիչը:

Նկարչի ստեղծագործություններում իրապաշտականը խառնված է երեւութականին, բնության երեւույթներն ու տեսարանները լռության ապակու մեջ բացում են աշխարհի գեղեցկությունները, մյուս կողմիցՙ արտահայտում պատերազմական սարսափների հիշողության տագնապը լիբանանցու ճակատագրի համար, որում քաղաքացիական կեցվածքի իր վերաբերմունքն է դրսեւորում նաեւ Լիբանանի նախկին վարչապետ հանգուցյալ Ռաֆիկ Հարիրիի անձի հանդեպ: «Լիբանան սկսած էր դառնալ երկիր մը, ուր հաճոյք էր ապրիլը»: Սա արվեստագետի սրտացավությունն ու կարոտն է իր ծննդավայրի, իր մանկության երկրի համար...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4