Լեւոն Սյուրմելյանի «Ասացվածք ծառ տնկելու առթիվ» բանաստեղծության վերջինՙ «Մեռելներուս իբրեւ խաչ ես այս ծառը տնկեցի» տողերը սաստիկ հուզեցին երեկ Ծիծեռնակաբերդում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծառ տնկող Լոս Անջելեսի Թեքեյան մշակութային միության Արշակ Տիգրանյան հայկական դպրոցի ավարտական դասարանի սաներին ու հայոց լեզվի ուսուցչուհի Լորա Գույումջյանին: Արդեն 4 տարի դպրոցի ավարտական դասարանի աշակերտները Թեքեյան միության նախաձեռնությամբ գալիս են հոգեւոր հայրենիքի փոխարեն տեսնելու իրականը, ճանաչելու ու սիրելու: «Այս տարին բացառիկ էր, որովհետեւ լրացավ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը, այդ առիթով բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացրել դպրոցում: Ի լրումն այդ ամենի մեզ առիթ տրվեց այստեղ ծառ տնկելու եւ այդ ձեւով մեր հոգեկան եւ ֆիզիկական կապը շոշափելի դարձնելու: Այն ամենը, ինչ նրանք կարդացել են գրքերում, տեսել լուսանկարներում, այստեղ մարմին ու ոգի է դառնում, որ այլեւս անբաժան պիտի լինի նրանցից: Սա է այցի հիմնական առաքելությունը», ասաց Լորա Գույումջյանը: Դպրոցի սաները Հայաստանից 20-30 տարի առաջ գաղթածների զավակներն են, նրանց մեծ մասն առաջին անգամ է հայրենիքում, որի մասին գրեթե ամեն օր խոսվում է նրանց ընտանիքներում:
«Հասուն տարիքում հայրենիք այցելելը բոլորովին այլ զգացում է առաջացնում: Սփյուռքում մենք շարունակ երազում ենք Արարատը տեսնելու, Երեւանի փողոցներում շրջելու մասին: Մեր երազն այստեղ իրականություն է դարձել, ամենուրեք միայն հայերեն ենք լսում, հայկական դեմքեր տեսնում: Ցեղասպանության թանգարանում շատ ազդեցիկ էր, բոլորս ծանր ապրումներ ունեցանք: Ամեն անգամ խոր հուզում ենք ապրում 1915 թվականին թուրքերի գործած հրեշավոր արարքների մասին նոր փաստեր իմանալուց: Մեր սերունդը պետք է ուժեղ լինի եւ գործուն քայլեր անի ապագայի համար», ասաց Ստեփան Ալեքսանյանը:
Ալբերտ Գալաջյանն առաջին անգամ Արարատը տեսնելիս շփոթվել է, աչքերին չի հավատացել ու չի պատկերացրել, որ հայրենիքում է: «Բոլորիս երազանքն է, որ աշխարհի բոլոր ծայրերից հայերը վերադառնան Հայաստան, նրանց հետ նաեւ մենք: Գանք ու այլեւս երբեք չհեռանանք: Սա երազային մի բան է թվում, բայց տա Աստվածՙ իրականանա», ասաց նա:
Երիտասարդները համոզված են, որ այս այցից հետո իրենց մեջ ամեն տարի գալու ցանկություն է առաջանալու. «Մենք մեծացել ենք հայկական միջավայրում, խոսում ենք արեւելահայերենով եւ այստեղի երիտասարդներից գրեթե չենք տարբերվում: Շատ սիրեցինք Հայաստանը, մարդիկ այստեղ ջերմ են ու անչափ բարեհամբույր, իսկ երեկոյան կարելի է հանգիստ քայլել քաղաքում: Միակ բանը, որից նեղվեցինք, փողոցներում դրամ խնդրող մեծահասակներն են: Մեկ շաբաթվա ընթացքում որքան կարողացանք օգնեցինք նրանց, բայց հետո ի՞նչ է լինելու այդ մարդկանց վիճակը», ասաց Լուսինե Նալչաջյանը: Սփյուռքում նրանց ամենից շատ հուզում է հայապահպանության խնդիրը, քանի որ ոչ բոլոր երիտասարդներն են պահպանում իրենց լեզուն, մշակույթն ու ավանդույթները:
Ծիծեռնակաբերդից նրանք մեկնեցին Խոր վիրապ, առաջիկա օրերին կլինեն նաեւ Սարդարապատում, Մատենադարանում եւ այլ վայրերում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ