ԼՂՀ-ում երբեւէ անցկացված բոլոր կարգի ընտրություններում քաղաքական ուժերի այսպիսի բեւեռացում չի եղել: Հիմնական ընտրապայքարը, սակայն, տեղի է ունենում Արցախի ժողովրդավարական կուսակցության եւ ՀՅԴ-ի միջեւ: Վերջինիս հետ դաշինք կազմած «Շարժում- 88»- ը եւս աչքի է ընկնում ընդգծված արմատականությամբ: Դաշինքի ելակետային մոտեցումները խարսխվում են գործող իշխանությունների հանդեպ ունեցած խորը դժգոհության վրա, թեպետ արդեն իսկ հիմա երկու կուսակցությունների ներկայացուցիչները անթաքույց դիտել են տալիս, որ խորհրդարան մտնելու դեպքում իրենք գործելու են իբրեւ առանձին կուսակցություններ:
Ըստ մայրաքաղաքում եւ շրջաններում արված լոկալ հարցումներիՙ ընտրողների զգալի մասը նույնիսկ պատկերացում չունի, թե ինչ է իրենից ներկայացնում համամասնական ընտրակարգը, եւ այս նկատառմամբՙ հազիվ թե վերջին մի քանի ամսում հապճեպորեն կազմավորված մյուս կուսակցությունները կկարողանան համամասնական ընտրություններում ցանկալի արդյունքների հասնել:
Շոշափելիորեն առկա է փոքր տարածքի գործոնըՙ քաղաքական դասավորումները անձնավորված են, եւ ընտրողները նախապատվությունը որեւէ կուսակցության տալուց առաջ նախՙ նկատի են առնում տվյալ կուսակցությունը ներկայացնող անձանց: Այս տեսակետից, ԼՂՀ նորաթուխ կուսակցություններից կարելի է առանձնացնել «Ազատ հայրենիքին», որի շուրջ համախմբված են ինչպես օլիգարխներ, այնպես էլ Արցախում ճանաչված մտավորականներ: Հստակորեն պարզ չէ սակայնՙ «Ազատ հայրենիքը» ապագա խորհրդարանում իշխանամետ է լինելու, թե՞ համալրելու է ընդդիմադիր թեւը, մանավանդ, որ քարոզարշավի ընթացքում նրանց հնչեցրած ելույթների քննադատական սրությունը հաճախ չի զիջում ընդդիմականին:
Մոտավորապես նույնը կարելի է ասել կոմկուսի մասին. ինչպես նախորդ բոլոր կարգի ընտրություններում, կոնկրետ դեպքում էլ կոմունիստների «ագրեսիվությունը» չի հատում զգուշավորության սահմանը, քննադատությունը սոսկ «անվտանգության» տիրույթում է: Այդ է, թերեւս, պատճառը, որ կոմկուսի հետ իշխանամետ ու ընդդիմադիր թեւերը հեռանկարային հույսեր չեն կապում:
Առհասարակ, քննադատությունը այս ընտրարշավում դարձել է քարոզչության գլխավոր միջոցը: Երբեմն նույնիսկ հրապարակ են հանվում ծայրահեղացված, հեղափոխական շնչով տոգորված կարգախոսներ, եւ անպայմանՙ գործող իշխանության դեմ ուղղված: Թե ինչքանով է հասարակությանը մարսելի մատուցվող հեղափոխականությունըՙ գոնե հրամցված հիմնավորումների փորձերում չի հստակեցվում: Դարձյալ ու դարձյալ հնչում է ծամծմված թեմանՙ սոցիալական ծանր կացություն, իշխող վերնախավի կոռումպացվածություն, ղարաբաղյան կարգավորման մշուշոտ հեռանկար եւ այլն: Բուն նպատակը ապագա խորհրդարանում մեծամասնություն ապահովելն է, որը հնարավորություն կտա վերահսկելի դարձնել կառավարության գործունեությունը: Ընդդիմությունը թերագնահատում է դեռեւս գործող խորհրդարանին հենց այս հենքովՙ օրենսդիր մարմինը չպիտի դառնա գործադիրի կցորդը: Ընտրապայքարիՙ քննադատությունների դաշտից բերվող այս կռվանների ցուցադրմանը զուգահեռ, որոշակի քաղաքական ուղղվածություն չդրսեւորող թեկնածուների մի մասն էլ առանց մակաբերելու ժողովրդի բարեկեցության վայրընթացի պատճառներըՙ քարոզչական ելույթներում ու ընտրողների հետ հանդիպումներում խոստանում է ընտրվելու դեպքում կրկնապատկել կենսաթոշակներն ու նպաստները, լցոնել փողոցների քանդված փոսերը, նորոգել շենքերի տանիքները եւ այլն: Մասամբ գործում է նաեւ ընտրակաշառքը. դրա մասին Ստեփանակերտում բացահայտ խոսվում է, բայց չգիտես ինչու դեռեւս ոչ ոք չի բռնել կաշառատու թեկնածուի ձեռքը: Կասկածամիտներն այս առնչությամբ ասում ենՙ երեւի դա ձեռնտու է երկուստեք կողմերին:
Ընտրական լարվածություններում առայժմ որոշակի կոռեկտություն է պահպանում ԱԺԿ-ն: Իշխանական այս կուսակցությունում վստահ են իրենց ներուժին այն առումով, որ ներկա ժողովրդավարական մակարդակը ԼՂՀ-ում (ինչի մի վկայությունը, թերեւս, այս նախընտրական բումն է իր ազատ դրսեւորումներով) ապահովվել է հենց ԱԺԿ-ի շնորհիվ, եւ ժողովուրդը անպայման դա գնահատելու է:
Իսկ ժողովուրդը համբերատար ունկնդրում է իր վաղվա ընտրյալներին: Կա հավատ եւ զգուշավորություն. խոստումները միշտ չէ, որ կենսագործվում են, պետք է իրատեսական լինել: Մանավանդՙ ընտրություն կատարելուց առաջ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ