«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2005-06-15 | #110, 2005-06-16 | #111, 2005-06-17


ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ՕՐԵՆՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 19-ին ԼՂՀ-ում տեղի են ունենալու 1991 թ. ի վեր խորհրդարանական չորրորդ ընտրությունները: Առաջին անգամ չճանաչված հանրապետությունում ընտրություններն անցկացվելու են խառն ընտրակարգովՙ 22 տեղ մեծամասնական եւ 11ՙ համամասնական, կուսակցական ցուցակներով: 7 կուսակցություններ եւ 1 դաշինք հավակնում են ԱԺ 33 մանդատների:

Հստակ դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի նոր խորհրդարանը, ինչպիսին կլինի ուժերի հարաբերակցությունը: Խիստ հավանական է համարվում, որ երկուՙ Արցախի Ժողովրդավարական եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունները, ինչպես նաեւ ՀՅԴ-«Շարժում-88» դաշինքը կզբաղեցնեն նոր խորհրդարանի աթոռների մեծամասնությունը: Իշխանական ԱԺԿ-ն ինչպես ԱՊՀ ճանաչված եւ չճանաչված հանրապետություններում է դարձել ավանդույթ, կփորձի խորհրդարանում կազմել մեծամասնությունՙ օգտագործելով վարչական եւ ֆինանսական ռեսուրսները:

ՀՅԴ-«Շարժում-88»-ի հնարավորությունները եւս բարձր են: Դաշինքից ՀՅԴ-ն բավականին ամուր հիմքեր եւ շրջաններում ակտիվ գործող կառույցներ ունի տակավին 90-ական թթ. սկզբներից: «Շարժում-88»-ը գլխավորում է Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, որը 2004 թ. քաղաքապետի ընտրություններում հաղթեց իշխանության թեկնածուին:

Դիտորդների կարծիքով, իշխանությունների «գիտությամբ» ստեղծված «Ազատ հայրենիք» կուսակցությունըՙ չնայած նախընտրական կարգախոսներին, իշխանամետ է, որի շարքերում քիչ չեն գործարարները: Ենթադրվում է, որ նորաստեղծ այս կազմակերպությունը եւս ներկայացված կլինի խորհրդարանում եւ հավանական է, որ կկազմի մեկ խմբակցություն ԱԺԿ-ի հետ: Մյուս չորս կուսակցություններիՙ Կոմկուսի, «Սոցիալական արդարության», «Բարոյական վերածնունդի» եւ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունների հնարավորությունները մեծ չեն:

Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցներում (տե՛ս, ներքին էջերը) բոլոր կուսակցությունները կարեւորում են ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ ընթացքը: Ճիշտ է, միջազգային հանրությունը չի ճանաչում ԼՂՀ-ն եւ այնտեղ տեղի ունեցող տեղական, խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, սակայն դա չի նսեմացնում ընտրությունների կարեւորությունը: Ավելին, լինել չճանաչված եւ ունենալ կեղծիքներով ընտրված խորհրդարան, կրկնակի հարված է: Այս առումով ուշագրավ է չճանաչված մեկ այլ հանրապետությանՙ Աբխազիայի օրինակը: 2004 թ. աշնանը, այն բանից հետո, երբ կեղծվեցին նախագահական ընտրությունների արդյունքները, միջազգային հանրությունն անմիջապես միջամտեց, որից հետո միայն նախագահ դարձավ ընտրություններում իսկապես հաղթող Սերգեյ Բաղապշը:

Խորհրդարանական ընտրությունները կարեւոր են նաեւ ներքաղաքական իմաստով: Միայն արդար եւ ազատ ընտրություններով ձեւավորված խորհրդարանին եւ վերջինիս առաջադրած վարչապետին կվստահի ԼՂՀ ժողովուրդը: Մեր բոլոր զրուցակիցները պնդում են, որ Արցախում նախորդ բոլոր ընտրություններն անցել են ավելի ազնիվ եւ արդար, քան Հայաստանում եւ Ադրբեջանում: Որպես վառ ապացույց նշում են 2004 թ. ՏԻՄ ընտրությունները, որում իշխանությունը պարտվեց:

Այսօր, ի տարբերություն միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի, չճանաչված ԼՂՀ-ում չկան քաղբանտարկյալներ: Ըստ «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության, եթե Ադրբեջանը դասվում է «ոչ ազատ» երկրների շարքում, ապա Ղարաբաղը համարվում է «մասնակի ազատ»: Ադրբեջանում բոլոր տեսակի ընտրությունների կեղծման ֆոնին ԼՂՀ-ում հերթական ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը չափազանց կարեւոր է:

Եթե արցախահայությանը հաջողվի իրոք հաստատել ժողովրդավարական կարգեր, թեկուզ չճանաչվածության պայմաններում հարգվեն մարդու իրավունքները, Ղարաբաղում իշխի օրենքը եւ ոչ թե չինովնիկական կամայականությունը, ապա ԼՂՀ-ն ակնհայտորեն առաջ կանցնի ավտորիտար հակումներով Ադրբեջանից: Այս դեպքում միջազգային հանրությունը կարող է հաշվի նստել Ստեփանակերտի իշխանությունների հետ: «Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում» արտահայտությունը անհրաժեշտ է ամրապնդել գործով:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4