Տիգրան Թորոսյանը բացատրում է, թե ինչու
Հուլիսի 1-ին Ադրբեջան է ժամանելու Միգրացիայի, փախստականների եւ բնակեցման հարցերով ԵԽ ԽՎ զեկուցող, Լատվիայի Սեյմի պատգամավոր Բորիս Շեյլեւերը: Ըստ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության, լատվիացի խորհրդարանականը այցելելու է փախստականների մի քանի ճամբարներ, ծանոթանալու է ադրբեջանցի տեղահանվածների կենցաղային պայմաններին:
Հուլիսի առաջին օրերին Բաքվում անց է կացվելու «Հարավային Կովկասի բնակչության վերաբնակեցումը» թեմայով սեմինար, որին Հայաստանի խորհրդարանականները չեն մասնակցելու: Լատվիայի Սեյմի պատգամավոր Շեյլեւերը փախստականների ճամբարներ այցի եւ սեմինարի նյութերով պատրաստելու եւ ԵԽ ԽՎ-ին է ներկայացնելու զեկույց:
ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, որը նաեւ Միգրացիայի, փախստականների եւ բնակեցման հարցերով ԵԽ ԽՎ հանձնաժողովի անդամ է, «Ազգ»-ի հետ զրույցում ասաց, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք սեմինարին երկու հիմնական պատճառով: Նախ, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սեմինարն անց է կացվում Ադրբեջանում (առաջինն անց է կացվել մի քանի տարի առաջ, երբ ԵԽ ԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն առաջադիմական-ազատական Հովհաննես Հովհաննիսյանն էր-խմբ.), եւ, ըստ էության, վիրավորական է 500,000 հայ փախստականների հասցեին:
Երկրորդ պատճառն, ըստ Թորոսյանի, այսօրվա Ադրբեջանում տիրող հակահայկական հիստերիան է: «Մի քանի ամիս է մնացել այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հակահայկական հիստերիան հասել է գագաթնակետին: Այս պայմաններում մեր մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում», ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը, հավելելով, որ այդ սեմինարում լուրջ քննարկում չի լինի, որեւէ որոշում չի ընդունվի: Թորոսյանն ավելացրեց, որ Բաքու այցելելու հրավերի կարիք, ըստ էության, ինքը չունի, քանի որ ԵԽ ԽՎ տվյալ հանձնաժողովի անդամ է:
Մինչդեռ ԵԽ ԽՎ-ում ադրբեջանցիներն արդեն հայտարարում են, որ հայերը ջանացել, սակայն չեն կարողացել Բաքու այցելության հնարավորություն ստանալ: Հավանաբար սա ադրբեջանական քարոզչական հերթական հնարքն է: Բայց արդյոք արդարացվա՞ծ է հայկական կողմի` Բաքվի սեմինարին չմասնակցելը: Երկրորդ, ինչպե՞ս է ստացվում, որ ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը հաջողվում է երկու անգամ նույն հարցով սեմինարն անցկացնել Բաքվում, մինչդեռ Հայաստանինՙ ոչ:
Անշուշտ, հայերը մասնակցեին թե չմասնակցեին սեմինարին, ադրբեջանցիներն այդ միջոցառումը վերածելու էին հակահայ քարոզչության, ինչին հայկական դիվանագիտությունը` պաշտոնական թե խորհրդարանական, արդեն վարժվել է: Մյուս կողմից, եթե հայերը հայտարարեին Բաքվի սեմինարին իրենց պարտադիր մասնակցության մասին, ապա ադրբեջանցի ծայրահեղականները, սովորության համաձայն, աղմուկ-աղաղակ էին բարձրացնելու:
Հիշենք 2004 թ. ՆԱՏՕ-ի դեպքը, երբ Բաքվում զորավարժությունները վերջին պահին չեղյալ հայտարարվեցին պաշտոնական Բաքվի` հայ սպաների հասցեին հնչեցրած սպառնալիքների պատճառով: Բայց չպետք է մոռանալ նաեւ 2004 թ. փետրվարի 19-ի Բուդապեշտի գիշերային կացնահարումը: Այնպես որ, զուտ մարդկային տեսանկյունից, կարելի է հասկանալ Բաքու մեկնող յուրաքանչյուր հայի մտահոգությունը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ