«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2005-06-15 | #110, 2005-06-16 | #111, 2005-06-17


«ԻՄ ՀԱՅՐԸ ՄԱՀԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՌԸ ՇՈՒՐԹԵՐԻՆ»

Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված գիտաժողով

Լրացավ նորվեգացի մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի Հայաստան այցելության 80-ամյակը (1925 թ.), որի առթիվ «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը օրերս գիտաժողով էր կազմակերպել Ծաղկաձորում:

Նշանավոր նորվեգացին, որն աշխարհին հայտնի է որպես խոշոր գիտնական, բեւեռախույզ, նկարիչ եւ գրող, նաեւ մեծ հումանիստ էր, որը մեծապես օգնել է հայ ժողովրդին: Նանսենի մարդասիրական գործունեության շնորհիվ է, որ վերածնվել է հազարավոր ռազմագերիների, սովյալների ու գաղթականների ապրելու հույսը: Նանսենյան անձնագրերով 320.000 հայեր կարողացել են փրկվել Եղեռնից: Մեծ մարդասերը իր լայնեզր գլխարկով աշխարհի մեծ երկրներում հանգանակություն էր հավաքում եւ դրանով կառուցում Շիրակի ջրամբարը, որի բացման ժամանակ գլխարկը նետում է ջրամբարըՙ հույս ունենալով, որ այլեւս հայ ժողովուրդն օգնության կարիք չի ունենա:

1925 թ. Հայաստան այցից հետո Ֆրիտյոֆ Նանսենն իր հուշերն ու մտորումները ամփոփում է «Խաբված ժողովուրդ» մենագրության մեջ: Գիտաժողովում Նանսենի գիրքը ներկայացրեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայցորդ Լուսինե Արզումանյանըՙ նշելով, որ անցյալն ու ներկան կամրջող այդ գիրքը կարդալիս հեղինակի հետ ճամփորդելու տպավորություն է ստեղծվում: «Ես չեմ պատկերացնում, ինչպես կարելի է ծանոթանալ նման մշակույթ, պատմություն եւ ճակատագիր ունեցող երկրի հետ եւ չհիանալ նրանով», նշել է Նանսենը եւ զարմացել այդքան տանջված եւ ինքնությունը չկորցրած մեր ժողովրդով. «Կա՞ մեկ այլ ժողովուրդ այս ընդարձակ հողագնդի վրա, որ այսչափ տառապած լինի եւ չոչնչացված, ինչպես հայ ժողովուրդը»:

«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, որը վարում էր գիտաժողովը, ներկայացրեց օրվա բանախոսներին, որոնցից յուրաքանչյուրն իր զեկույցում յուրովի բացահայտեց մեծ մարդասերին:

ԵՊՀ դասախոս Վազգեն Սաֆարյանը լուսավոր անհատի մասին փոքրիկ խոհում շեշտեց այն միտքը, թե այսօրվա գովազդվող մարդասիրությունը քաղաքականացված է, իսկ իրական մարդասերները, ինչպիսին էր Նանսենը, դրա կարիքը չունեն: Իսկ ազգային ակադեմիայի արվեստի բաժնի տնօրեն Աննա Ասատրյանը ներկայացրեց հումանիստի վերաբերմունքը հայ արվեստի նկատմամբ, որտեղ Նանսենն ընդգծում է հայկական ճարտարապետության տիպիկ յուրահատկություններն ու գեղագիտական առանձնահատկությունները:

Գիտաժողովում ներկայացվեց Ֆրիտյոֆ Նանսենի աղջկաՙ Լիվ Հեյեր Նանսենի «Գիրք հորս մասին» երկհատորյակի հայերեն հրատարակությունը, որտեղ դուստրը պատմում է ծնողների եւ նրանց մարդասիրական գործունեության մասին: Գրքի «Ժողովուրդ, որ մոռացված էր հզոր տերությունների կողմից» բաժինը նվիրված է Հայաստանին եւ հայ ժողովրդին: Այս բաժնում Լիվ Հեյերն անդրադառնում է Հայաստանի նկատմամբ ունեցած հոր սիրունՙ նշելով. «Իմ հայրը մահացավ Հայաստան բառը շուրթերին»:

Ֆելիքս Բախչինյանը մարդասիրական գործունեության համար նանսենյան հուշամեդալներով պարգեւատրեց գեներալ-գնդապետ, ՀՀ նախագահի խորհրդական Գուրգեն Դալիբալթայանին, գյուղատնտեսության անտառային տնտեսության վարչության պետ Վարդան Մամիկոնյանին, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Նաիրա Մելքումյանին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4