«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2005-06-15 | #110, 2005-06-16 | #111, 2005-06-17


ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ

Երեկ ողջ օրը Բուզանդի կիսափուլ փողոցի 11-րդ բակը մարդաշատ էր: Հանուն նոր Երեւանի վտարվում էին հին երեւանցիները: Պապյանների ընտանիքի հայրենական տան տարածքի համար, որ կազմում է մոտ 200 քառ. մետր, գնորդ ընկերությունն առաջարկել է 14 000 դոլար: Յոթ հոգանոց ընտանիքի մայրը` նկարչուհի Սաթենիկ Դավթյանը հուզված ասում է. «Սա ջարդ է, ոգու ջարդ: Ես մահու չափ վիրավորված եմ մեր կառավարությունից, նախագահից, որին իմ ձայնն եմ տվել: Էլ ի՞նչ եմ նկարելու եւ ի՞նչ սրտով»: Պապյաններին սատարելու են եկել Եզ. Կողբացու փողոցի վտարված բնակիչները: Նրանք միասնության կոչեր են անում, հորդորում դուրս չգալ տնից: Կենտրոնական մի քանի փողոցների նախկին բնակիչները հավաստիացնում են, թե մարդու սահմանադրական իրավունքները ոտնահարող, անօրինական եւ աղաղակող այս փաստերի դեմ պետք է միասնական պայքարել` ստեղծելով հասարակական կազմակերպություն հանուն կենտրոնից անարդար ու ապօրինի վտարված քաղաքացիների պաշտպանության: Բնակիչները հիշում են արխիվի աշխատակցի այն պատասխանը, թե քո իրավունքները հաստատող փաստաթղթերը գնա նրանից պահանջիր, ով վառել է դրանք: Պետական կատարածու լեյտենանտն էլ, որ սպասում էր հերթական դատական նիստի գուցե թե կասեցման որոշմանը, մտել էր Դավթյանների տուն եւ հիացած դիտում էր նկարչուհու աշխատանքները: Վաղն արդեն այդ նկարներն ու նրանց հեղինակը կհայտնվեն վտարանդի վիճակում, որի պատճառը միայն եւ միայն «պետական կարիք» համարվող մասնավոր ընկերության շահն է:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4