«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2005-06-16 | #111, 2005-06-17 | #112, 2005-06-18


ՈՌՈԳՄԱՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁՆ ԱՇԽԱՏԵՑ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մեկ տարում ոռոգվող հողատարածքներն ավելացել են 20 հզ. հեկտարով

Խորհրդային Միության տարիներին Հայաստանում շուրջ 200 հազար հա հողատարածք ապահովված էր ոռոգման ջրով: 90-ական թվականների կեսերին սակայն ոռոգվում էր այդ տարածքների կեսըՙ մոտ 100 հազար հա: Ո՞րն էր դրա պատճառը եւ ի՞նչ պետք էր անել գյուղատնտեսության զարգացումն ու ընդհանրապես գոյությունը վտանգող այդ գործընթացը կանգնեցնելու համար:

Հողի սեփականաշնորհման հետեւանքով ապապետականացվեց շուրջ 450 հազար հա գյուղատնտեսական օգտագործելի հողատարածք, որը մասնատվեց բազմաթիվՙ մոտ 1,4 մլն փոքր հողակտորների: Դրա հետեւանքով խորհրդային տարիներին կառուցված ոռոգման համակարգի ներտնտեսային ցանցերը փաստորեն դարձան դժվար կառավարելի: Դրանք կառուցվել էին մեծ հողատարածքներ (մի քանի հարյուր հեկտար) ոռոգելու համար, մինչդեռ, ինչպես արդեն նշեցինք, սեփականաշնորհումից հետո առաջացան հարյուր հազարավոր մանր, մինչեւ 0,1 հա հողակտորներ:

Մյուս կողմից, ոռոգման համակարգը գրեթե չէր նորոգվում եւ գտնվում էր փլուզման եզրին: Այս երկու գործոններն իրենց աղդեցությունն էին թողնում ջրի մատակարարման վրա: Գյուղացիները մշտապես դժգոհում էին ջրամատակարարման ուշացումից, պահանջվող քանակից քիչ մատակարարելուց, բարձր սակագնից, իսկ ջրամատակարար կազմակերպությունըՙ ջրօգտագործողների չվճարելուց եւ, որպես դրա հետեւանք, համակարգի բնականոն շահագործման համար անհրաժեշտ գումարների բացակայությունից:

Ստեղծված վիճակից ելքը համարվեց, բացի Համաշխարհային բանկի գումարներով համակարգի նորոգման ծրագրերից, այս ոլորտում կառավարման համակարգի բարեփոխումներ անցկացնելը: ՀԲ կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրեր իրականացնող Ջրային տնտեսության բարեփոխումների եւ զարգացման գրասենյակը, խորհրդակցելով միջազգային մասնագետների հետ եւ ուսումնասիրելով իրավիճակը, եկավ այն եզրակացության, որ Հայաստանում ոռոգման համակարգի կառավարման լավագույն տարբերակը կարող է լինել ջրօգտագործողների ընկերությունների միջոցով գյուղացիների մասնակցային կառավարումը:

Ջրի կառավարման նման քաղաքականություն է տարվում բազմաթիվ, զարգացման տարբեր մակարդակի վրա գտնվող երկրներում: Բացի զարգացած ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից եւ Եվրոմիության այլ երկրներից, ոռոգման համակարգի կառավարման այդ սկզբունքն են ընտրել աշխարհի ամենաարագ տեմպերով զարգացող Չինաստանը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Եգիպտոսը, համեմատաբար ավելի ցածր զարգացման մակարդակ ունեցող Սուդանը եւ այլ երկրներ:

Հայաստանում ոռոգման կառավարումը ջրօգտագործողներին փոխանցելու առաջին փորձը կիրառվեց դեռ 1996 թ.: Այդ ժամանակ ստեղծված ընկերություններն ապացուցեցին, որ ընտրվել է կառավարման ճիշտ սկզբունք, բայց օրենսդրական դաշտի, տեխնիկատնտեսական հիմնավորման, կառավարության աջակցության բացակայության պայմաններում անհնար էր լուրջ հաջողությունների հասնել: Լրացուցիչ ուսումնասիրություններն ու փորձագիտական քննարկումները տեւեցին մի քանի տարի, մշակվեց եւ ընդունվեց օրենքը: Դրանից հետո, 2004 թ. սկսվեց եւ ավարտին հասավ ջրօգտագործողների ընկերությունների ստեղծման հիմնական փուլը, որի արդյունքում ամբողջ Հայաստանի տարածքում ստեղծվեցին 54 այդպիսի ընկերություններ:

Ընկերությունների ստեղծման գլխավոր նպատակը մեկն էՙ ջրօգտագործող գյուղացուն տալ այնքան ջուր, որքան նրան անհրաժեշտ է եւ երբ նա կցանկանա: Դրա համար առաջարկվում է ոռոգման համակարգի կառավարումը հանձնել հենց իրենցՙ գյուղացիներին: Սա այն մեխանիզմն է, որը կարող է երաշխավորել ոռոգման ջրի մատակարարման արդարությունն ու արդյունավետությունը: Իսկ այդ երաշխիքի հիմնական գրավականը ջրօգտագործողների ակտիվ մասնակցությունն է ընկերության գործունեությանը: Այդուհանդերձ, դեռեւս բավականին խնդիրներ կան գյուղացիներին իրենց իրավունքները պարզաբանելու հարցում, որպեսզի նրանք ակտիվ լինեն իրենց շահերը պաշտպանելու համար: Բարեփոխումների եւ զարգացման գրասենյակը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում աջակցելու գյուղացիներին եւ նրանց ստեղծած ընկերություններին:

Ի դեպ, գրասենյակից տեղեկացանք նաեւ, որ անցյալ եւ այս տարի ոռոգվող հողերը մի քանի տարի առաջ եղած 100 հազար հա-ի փոխարեն հասել են 120 հազար հա-ի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4