Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնից (ՀՍԻԿ) ստացված տեղեկությունների համաձայն, սոցիալական քարտերից հրաժարվելու պատճառով 5 ամսվա կենսաթոշակներ չստացած Վանաձորի բնակիչներ Հովել Մարդանյանի եւ Ջուլիետա Մայրանյանի բողոքները հունիսի 21-ին կքննի վերաքննիչ դատարանը: Բնակիչների բողոքներն ուղղված են Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2005 թ. ապրիլի 27-ի վճռի դեմ, որով մերժվել է կենսաթոշակների վճարման պահանջը այն բանի համար, որ վերջիններս, ելնելով իրենց քրիստոնեական հոգեւոր համոզմունքներից, հրաժարվել են սոցիալական քարտերից: Փաստորեն արդեն 5 ամիս հազարավոր մարդիկ զրկված են կենսաթոշակներից, աշխատավարձերից ու նպաստներից:
ՀՍԻԿ-ը ենթադրում է, որ գործադիր իշխանության ճնշմամբ են Լոռու մարզի առաջին ատյանի դատավորները կայացրել նախադեպը չունեցող անօրինական վճիռներ` մերժելով մարդկանց սեփական վաստակի վճարման պահանջները եւ ոտնահարելով մարդու իրավունքների նորմերը:
Կենսաթոշակառուների շահերը դատարանում պաշտպանող ՀՍԻԿ-ը մտահոգված է, որ կառավարությունն իր լծակները կօգտագործի նաեւ վերաքննիչ դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, ուստի շարունակելու է պաշտպանել մարդկանց իրավունքները` ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ