Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ տեղի ունեցավ Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Անդրեյ Մազիեւի գործով երրորդ դատական նիստը: Անդրեյ Մազիեւը մեղադրվում է լրտեսության ձեւով պետական դավաճանության, ինչպես նաեւ ՀՀ կարգը խախտելու, բնակչությանն ահաբեկելու նպատակով ահաբեկչության եւ պետական, քաղաքական գործչի նկատմամբ սպանության նախապատրաստմանն օժանդակելու մեջ: Այս բոլոր մեղադրանքներում ամբաստանյալը ճանաչել է իր մեղավորությունը: Անդրեյ Մազիեւը Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) մարմինների հետ սկսել է համագործակցել 1999 թ. հոկտեմբերից` ստանալով «Ֆրոլով» ծածկանունը:
Դատական նիստում, որը վարում էր դատավոր Տիգրան Պետրոսյանը, ցուցմունք տվեց գործով վկա Ալեքսանդր Ժդանովը` պատասխանելով մեղադրող կողմի` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ դատախազ Արամ Ամիրզադյանի հարցերին: Նիստում Ալեքսանդր Ժդանովի ցուցմունքներից հետո հրապարակվեցին վկաներ Աշոտ Մնացականյանի, Արա Ավետիքյանի, Արամ Մարտիրոսյանի եւ Սվետլաննա Մկրտչյանի ցուցմունքները:
Որպես գործի իրեղեն ապացույցներ ներկայացվեցին ամբաստանյալ Մազիեւի եւ Ադրբեջանի ԱԱՆ աշխատակցի միջեւ կապավորի դեր կատարող Զուրաբի հեռախոսազանգերի 2 ձայնագրությունները` իրենց վերծանումներով: Ամբաստանյալը հաստատեց, որ այդ հեռախոսազանգերում, որոնք ապացուցում էին իր համագործակցությունը Ադրբեջանի ԱԱՆ Ղազախի բաժնի պետի տեղակալ Ֆայիկ Շամիլեւի հետ, խոսողն ինքն է: Իրեղեն ապացույցների շարքում ներկայացվեց Մազիեւի բնակարանի խուզարկումից հետո հայտնաբերված թղթի կտորը, որտեղ նշված տվյալները, անուններն ու այլ գրառումները եւս բացահայտում են Մազիեւի կապն Ադրբեջանի հետ: Ամբաստանյալը հաստատեց, որ դրանք գրված են իր ձեռագրով: Մեղադրյալը խոստովանեց նաեւ, որ տարբեր ժամանակներում եւ տարբեր վայրերում հավաքված այդ տվյալները հարկ եղած դեպքում ինքը պետք է տրամադրեր Ադրբեջանին: Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին տեղեկություններ իմանալու նպատակով, Մազիեւը Ադրբեջանի ԱԱՆ աշխատակցի ցուցումներով, ընդգրկվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերում:
Դատարանը ճանաչեց ներկայացված իրեղեն ապացույցները, իսկ մյուս փաստաթղթերի ուսումնասիրումը տեղափոխեց հաջորդ դատական նիստ, որը կկայանա հունիսի 22-ին:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ