«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2005-06-17 | #112, 2005-06-18 | #113, 2005-06-21


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ԻՐԱԿԱՆ ԱՆՑԱԹՈՒՂԹ ԴԵՊԻ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կայացանՙ արձանագրելով դրանց ակնկալվող ազատությունն ու թափանցիկությունը: Այս մասին արտահայտվեցին նաեւ իրենքՙ միջազգային դիտորդները, նշելով, որ այս ընտրությունները ԼՂՀ-ի համար եւս մի կարեւոր քայլ են ժողովրդավարության ճանապարհին: Մինչ վկայաբերելը դիտորդական խմբերի կարծիքները ընտրությունների վերաբերյալ, նշենք, որ «Ընտրություններ-2005»-ի առանձնահատկություններից մեկը ընտրողների աննախադեպ ակտիվությունն էր: Եթե 2000 թ. ԼՂՀ Աժ ընտրությունների ժամանակ 85.866 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էին շուրջ 31 հազար հոգի, ապա այս անգամ 89.576 ընտրողներից, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել են 66.794 հոգի (մոտ 78%): Դիտորդները ընտրությունների ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսների ժամանակ հատկանշում էին այս փաստը, ընդգծելով այն մեծ հերթերը, որոնք գոյացել էին ընտրական տեղամասերում: Ընդ որում, ընտրողների այդ կուտակումները բնավ էլ չեն խախտել քվեարկությունների հանգիստ ռիթմը:

Ընտրությունների ամենամեծ անակնկալը թերեւս հենց դրանց արդյունքն էր: Վերլուծաբանների ենթադրությունները հիմնականում չարդարացան, որովհետեւ ներունակ համարվող «ՀՅԴ -Շարժում-88» դաշինքը մեծամասնական ընտրակարգում բացարձակապես ձախողվեցՙ ոչ մի պատգամավորական մանդատ չստանալով: Դրա փոխարեն անսպասելի արդյունքներ ապահովեց «Ազատ հայրենիք»-ըՙ ԱԺԿ-ի հետ հավասարապես ստանալով 7 պատգամավորական տեղ ապագա խորհրդարանում: Մյուս 8 ընտրատարածքներում հաղթել էին անկախ թեկնածուները: Ակնկալվում է, որ 4-րդ գումարման ԱԺ-ում նրանց մի մասը համալրելու է նշված երկու խմբակցությունների շարքերը: Թերեւս բացառություն է կազմելու անկախ պատգամավոր Արմեն Աբգարյանը, որը Արցախում առավելապես հայտնի է Ամուլյա մականունով: Նա միեւնույն ժամանակ հայտնի է որպես նախկին սամվելբաբայանական, որի հետ քաղաքական ասպարեզից հեռացել էր 2000 թ. մարտի 22-ի ահաբեկչության կապակցությամբ:

Համամասնական ընտրակարգում արդյունքները ակնկալելի էինՙ ԱԺԿ-ն ստացավ 5 տեղ, իսկ «Ազատ հայրենիքն» ու «ՀՅԴ -Շարժում-88» դաշինքըՙ 3-ական: Այսպիսով, եթե հետագայում անկախ պատգամավորների հաշվին խորհրդարանական խմբակցությունները չաճեն, ապա ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի դասավորությունը կլինի այսպեսՙ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»ՙ 12, «Ազատ հայրենիք»ՙ 10, «ՀՅԴ -Շարժում-88»ՙ 3 եւ անկախ պատգամավորներՙ 8:

Ընտրությունների վերաբերյալ դիտորդների գնահատականները հիմնականում դրական էին: Մամուլի ասուլիսների ժամանակ նրանց բնութագրությունները փաստում էին Լեռնային Ղարաբաղում ժողովրդի կամարտահայտության ազատ դրվածքը, որը շահեկան կարող է լինել հակամարտության կարգավորման ճիշտ տարբերակների հետագա որոնումներում: ԼՂՀ-ում ստեղծվել է ինքնակառավարման ուժեղ համակարգ, որը կարող է դրական դեր կատարել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում, նշեցին նրանք:

Ամերիկացի դիտորդները մասնավորապես կարեւորեցին այն փաստը, որ զորամասերում զինվորները քվեարկել են համամասնական, իսկ պայմանագրային ծառայողներն ու սպաներըՙ նաեւ մեծամասնական ընտրակարգերով:

Կոնստանտին Զատուլինը (ՌԴ) նույնիսկ նշեց, որ ժողովրդավարության առումով ԼՂՀ-ում դրվածքը մի քանի անգամ ավելի բարձր է, քան հարեւան երկրներում, առանձնապեսՙ Ադրբեջանում, որն այդպես էլ չի ուզում ԼՂՀ անկախությունը ճանաչել: Որոշ դիտորդներ, որոնք մասնակցել էին նաեւ 2002 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին, նշեցին, որ ժողովրդավարությունը Ղարաբաղում ներկայումս ավելի ամուր հիմքերի վրա է, քան եղել է 2-3 տարի առաջ:

Խորվաթ իրավապաշտպան Զորան Պուզիչի կարծիքովՙ ղարաբաղյան ընտրությունները լիարժեք ազատ ու արդար էին, եւ այս դրվածքով դրանք ոչնչով չեն զիջում քաղաքական այն միջոցառումներին, որոնք ինքը դիտարկել է բալկանյան երկրներում: Առհասարակ նկատված խախտումներն ու թերությունները տեխնիկական բնույթի էին, որոնք դիտորդների տեսակետով բնութագրական են նաեւ եվրոպական երկրներին:

Ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն պետք է հրապարակի 6 օր հետո, սակայն նախնական տվյալները հազիվ թե էական փոփոխության ենթարկվեն ամփոփիչ փաստաթղթում: Բնականաբար, ընտրությունների արդյունքներից դժգոհ է «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքը, որի ներկայացուցիչները, ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի տեղեկատվական ելույթից շուրջ մեկ ժամ հետո, լրագրողների ու դիտորդների առաջ հանդես եկան հայտարարությամբ, որով նրանք ոչ արդար ու թափանցիկ են ճանաչում հունիսի 19-ի ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները: Գլխավոր պատճառաբանումը իշխանությունների վարչական ռեսուրսների օգտագործումն է: Նրանց այս փաստարկմանը լրագրողները հարց ուղղեցինՙ արդյոք դաշինքն օգտագործել է ի՛ր վարչական ռեսուրսները, որոնք նա նույնպես ունի: Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետը դաշինքի մաս կազմող «Շարժում-88»-ի առաջնորդն է: Պատասխանը կոնկրետ չէրՙ դաշինքը փորձել է հնարավորինս արդար եւ ազնիվ մասնակցել ընտրություններին: Լրագրողներին նաեւ զարմացրել էր դաշինքի հայտարարության բովանդակությունը, քանի որ քվեարկության օրը տարբեր լրատվամիջոցներով, այդ թվումՙ Արցախի հանրային հեռուստատեսությամբ, ընտրատեղամասերում գտնվող դաշինքի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, թե քվեարկությունն ընթանում է արդար ու թափանցիկ, եւ իրենք ոչ մի բողոք չունեն: Վերոհիշյալ հայտարարությունը լրագրողներին ներկայացրած ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը եւ «Շարժում-88»-ի փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանը խոստացան այդ հարցի պատասխանը եւս ընդգրկել նախապատրաստվող հայտարարության մեջ, որն ըստ նրանցՙ հանրությանը կներկայացվի առաջիկայում: Նրանք չբացառեցին այն հավանականությունը, որ դաշինքը կարող է հրաժարվել իրենց 3 մանդատներից:

Ազատության համար պայքարող Արցախը հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններով վերահաստատեց ժողովրդավարությանը հավատարիմ մնալու իր որդեգրած դիրքորոշումը: Ինչպես դիտորդներից մեկն է իրավամբ նշելՙ եթե երկիրը ընտրել է ժողովրդավարության ուղին եւ դա ապացուցում է համաժողովրդական քվեարկությամբ, ապա այդ երկրի ձգտումները պետք է միջազգային հանրությունը գնահատի: Հուսանք, որ այս ընտրությունները իրական անցաթուղթ կդառնան դեպի ԼՂՀ-ի միջազգային ճանաչում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4