Աբխազական երկաթգծի վերաբացման հարցում Թբիլիսին մեղմացնում է դիրքորոշումը
Հունիսի 15-ին Թբիլիսիի իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են Մոսկվայի հետ բանակցություններ սկսել Անդրկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման եւ վերաբացման հարցով: Համաձայն նախնական հաշվարկների, վրացական Զուգդիդ քաղաքից մինչեւ Աբխազիայի վարչական կենտրոն Սուխում ձգվող երկաթուղու վերականգնման համար անհրաժեշտ է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար:
1992-1993 թթ. վրաց-աբխազական պատերազմից եւ Աբխազիայի փաստացի անկախացումից ի վեր երկաթուղին պարապուրդի է մատնվել, մասամբ ապամոնտաժվել-թալանվել: Արդեն երկրորդ տարին վերագործարկվել է երկաթուղու Սոչի-Սուխում հատվածը: Խորհրդային տարիներին Անդրկովկասյան երկաթուղին Հայաստանը կապում էր Ռուսաստանի հետ, ամեն տարի միջին հաշվով տեղափոխվում էր 15 մլն տոննա բեռ:
Թվում է, Վրաստանը փոխում է նախկին դիրքորոշումը երկաթուղու վերագործարկման հարցում: «Վրաստանի նախկին իշխանություններն այլ դիրքորոշում ունեին եւ դեմ էին վերաբացմանը, մինչդեռ նոր իշխանությունների վերաբերմունքն ավելի դրական է», հայտարարել է վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Վրաստանի վարչապետը, մյուս կողմից, նկատել է, որ երկաթուղու վերաբացման հետ կապված կան մի շարք կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ, առաջին հերթին` Գալիի շրջանում վրաց բնակչության անվտանգության ապահովումը:
Նախկինում Թբիլիսին երկաթուղու վերաբացման հիմնական նախապայման էր նշում Աբխազիա, մասնավորապես Գալիի շրջան բոլոր փախստականների վերադարձը: Եթե Էդուարդ Շեւարդնաձեի օրոք Թբիլիսին առաջնային էր համարում աբխազական հակամարտության կարգավորումը, ապա այսօրվա իշխանությունները երկաթուղու վերագործարկումը դիտում են կարեւոր խթան կարգավորման գործում:
«Վրացական կողմը շահագրգռված է, քանի որ երկաթուղու գործարկումը կաշխուժացնի տնտեսությունը, ինչպես նաեւ կօժանդակի կարգավորման գործընթացին», վրացական «Սիվիլ» ինտերնետային թերթին ասել է վրացական երկաթուղիների ղեկավար Դավիթ Օնոպրիշվիլին: Վերջինս նկատել է, որ երկաթուղու վերականգնման համար անհրաժեշտ ավելի քան 100 մլն դոլարի ֆինանսավորմանը, Վրաստանից ու Ռուսաստանից բացի, որոշ չափով պետք է մասնակցեն Հայաստանն ու Ադրբեջանը:
Պաշտոնական Երեւանն անմիջապես արձագանքեց: Հայկական երկաթուղիների ղեկավար Արարատ Խրիմյանը հայտարարեց, որ եթե Ռուսաստանն ու Վրաստանը պետական մակարդակով ընդունեն վերջնական որոշում աբխազական երկաթուղու վերականգնման շուրջը, ապա Հայաստանը մասամբ ֆինանսական օժանդակություն կտրամադրի: Խրիմյանը նշել է, որ Անդրկովկասյան երկաթուղին անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրներին:
Երկաթուղու գործարկման դեպքում ամենամեծ տնտեսական եկամուտները կստանա Աբխազիան որպես տարանցիկ հանրապետություն: Սուխումի նոր իշխանությունները, մասնավորապես չճանաչված երկրի փոխվարչապետ Լեոնիդ Լակերբայան, ընդգծել են դրա կարեւորությունը: Թբիլիսին եւս, տարանցման դիմաց խոշոր եկամուտներ կարող է ակնկալել: Կասկածից վեր է, որ գործարկման դեպքում հայկական բեռների մեծ մասը հենց այդ երկաթուղով կտեղափոխվի:
Ադրբեջանն ու Թուրքիան խանդավառված չեն, քանի որ աբխազական երկաթուղու վերաբացումն ինչ-որ չափով կթեթեւացնի Հայաստանի վիճակը, երկիրը մասամբ կթոթափի թուրք-ադրբեջանական շրջափակումը, որը շարունակվում է 12 տարի Անկարայի եւ 15 տարի Բաքվի կողմից: Ռուսաստանը եւս շահագրգռված է երկաթուղու գործարկումով, որի դեպքում ոչ միայն կհաստատի համեմատաբար հուսալի ու էժան կապ իր ռազմավարական դաշնակցի` Հայաստանի հետ, այլեւ հնարավորություն կստանա գոնե տնտեսապես իր ազդեցությունը պահպանել Հարավային Կովկասում:
Հունիսի 16-ին Մոսկվայում կայացած ռուս-աբխազ-վրացական բանակցություններում, թեեւ կողմերի միջեւ առկա մի շարք տարաձայնություններին, աբխազական երկաթուղու վերականգնման ու վերաբացման հարցում գրանցվել է առաջընթաց: Հուլիսի մեկին Գալիի շրջանում հավաքվելու են հայ, ռուս, վրացի եւ աբխազ երկաթուղային փորձագետները` տեղում ուսումնասիրելու երկաթուղու տեխնիկական վիճակը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ