«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2005-06-18 | #113, 2005-06-21 | #114, 2005-06-22


ԵՐԳԻԾԱՆՔԸ ՈՒԺ Է

Հայ երգիծանկարիչների ասոցիացիան հիմնադրումից (2004 թ. ապրիլի 1) սկսած ունեցել է մի քանի ցուցահանդեսներ, առաջինը միջազգային ահաբեկչության դեմ ակցիան էր նկարիչների միությունում, ապաՙ սեպտեմբերին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանըՙ «Ահաբեկչությունը տեղ չունի երկրի վրա» խորագրով, իսկ ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում կազմակերպված ակցիան ուղղված էր ծխելու դեմ, այս տարվա ապրիլի 1-ինՙ «Տեղ արեւի տակ» ցուցահանդեսը խլուրդի խորհրդանշանի տակ անցավ, որ մարդու ագահությունն ու ընչաքաղցությունն էր ծաղրում:

Երգիծանքի գեղարվեստական բազմազան արտահայտչամիջոցները, օգտագործվող այլաբանության լեզուն հնարավոր են դարձնում հասարակության ախտերի ու պախարակելի երեւույթների առավել բացահայտումներիՙ հումորի, հեգնանքի, ծաղրի, արհամարհանքի երանգներով: Երգիծանքի սուր եւ անխնա լեզուն ջայլամային հոգեբանությամբ ապրող հասարակությանը, բնականաբար, հաճելի չի կարող լինել, որպես կանոն սրաթափանց ու խորամիտ երգիծաբանին այնքան էլ չեն սիրում...

Հայ երգիծանկարչությունը, որի սկիզբն ընդունված է համարել XIX դարում Օսմանյան կայսրությունում հայ առաջին երգիծաթերթի գոյությամբ (հրատ. խմբագիր եւ նկարիչ Հովսեփ Վարդանյան փաշա), հետագայում սփյուռքում եւ Հայաստանում զարգացում ապրեց Նշան Պերպերյանի, Ալեքսանդր Սարուխանի, Տիրան Աճեմյանի, Էդմոն Գիրավի, Սերգեյ եւ Միքայել Արուտչյանի եւ այլոց ստեղծագործություններում:

Այսօրվա երգիծանկարչությունը, շարունակելով ավանդները, թեմատիկ եւ ոճական առումներով արդիական մոտեցումներ ու ձեւեր է ի հայտ բերում: Այս տարվա փետրվարին հայ երգիծանկարիչներն Իրանում կազմակերպեցին արտերկրյա անդրանիկ ցուցահանդեսը, որին մասնակցում էին նաեւ իրանահայ երգիծանկարիչներ:

Այդ առիթով ասոցիացիան «Ալիք» հաստատության եւ XMG-ի աջակցությամբ հրատարակել է «Հայ ծաղրանկար-2005» կատալոգըՙ ասոցիացիայի 16 անդամների եւ իրանահայ ծաղրանկարիչների ստեղծագործությունների ընդգրկումով եւ հեղինակների կենսագրական տվյալներով:

Ցուցահանդեսն անցել է հաջողությամբ, Գեորգի Յարալյանի, Վրեժ Քասունու, Սուքիաս Թորոսյանի ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրական արձագանքներով: Իսկ կատալոգում ընդգրկված աշխատանքները ոճական առանձնահատկություններով բնորոշում են յուրաքանչյուրի անհատական մոտեցումները կյանքին եւ հասարակությանը, երբեմն հումորի, իսկ ոմանց մոտՙ անխնա սատիրայի լեզվով: Տոտոյի նկարներն այլաբանական շեշտադրումներով եւ ավելի ինտելեկտուալ շեշտերով են աչքի ընկնում, Ագնես Ավագյանի մոտՙ ընդգծված են, թանձր արտահայտչամիջոցներով, Գեւորգ Յարալյանին բնորոշ է նուրբ հումորն ու թաքնված ծաղրը, Արզոյինՙ սուր դիտողականությունն ու քաղաքացիական շունչը, ճակատային եւ բաց է նաեւ Քասունու, Վլադիմիր Աբրոյանի երգիծանքը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4