Ռոբերտ Սիմոնսը ռուսական գործոնը խոչընդոտ չի համարում Հայաստան-ՆԱՏՕ կապերը խորացնելու հարցում
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Բրյուսել
Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, անվտանգության համագործակցության եւ գործընկերության հարցերով գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ռոբերտ Սիմոնսն ասում է, որ եթե Հայաստանի կառավարությունը չցանկանա այլեւս իր տարածքում ռուսական ռազմակայանի ներկայությունը, ապա Հյուսիսատլանտյան դաշինքն այդ հարցում կօժանդակի Երեւանին:
Սիմոնսը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հայ, վրացի, ադրբեջանցի լրագրողների ու փորձագետների հետ հանդիպման ընթացքում չափազանց դրական գնահատեց ռուս-վրացական վերջին բանակցությունները, համաձայն որոնց Մոսկվան պատրաստակամություն է հայտնել հավատարիմ լինել 1999 թ. Ստամբուլի ԵԱՀԿ գագաթաժողովում ստանձնած պարտավորություններին եւ իր ռազմակայանները դուրս բերել Վրաստանից:
Բրյուսելը ողջունում է ռուսական ուժերի դուրսբերումը Վրաստանից, մինչդեռ Ռուսաստանը պահպանում է իր ռազմակայանը Հայաստանում, ավելին` վրացական ռազմակայաններից ծանր տեխնիկայի մի մասը տեղափոխում է Հայաստան: Սիմոնսն ասում է, որ դա չի հակասում Եվրոպայում սովորական զենքերի մասին պայմանագրին, սակայն, մյուս կողմից, Վրաստանից Հայաստանի ռազմակայան զենքի տեղափոխումը ցանկալի չէ, քանի որ եթե Հայաստանն այլեւս չցանկանա ռուսական ռազմական ներկայությունն իր տարածքում, որոշակի դժվարություններ կլինեն (դրանց դուրս բերելու հետ կապված):
«Ազգի» հարցին, թե արդյոք Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը չի՞ խոչընդոտում Երեւան-ՆԱՏՕ հարաբերությունների հետագա խորացմանը, Սիմոնսը բացասաբար պատասխանեց, հավելելով, որ ՆԱՏՕ-ի համար դա խնդիր չէ, մանավանդ որ Հայաստանը համաձայն է ռուսական ռազմական ներկայությանն իր տարածքում: ՆԱՏՕ-ն, ըստ նրա, գործընկեր երկրների հետ իր հարաբերությունները չի կառուցում մրցակցության հիման վրա եւ Հարավային Կովկասում Ռուսաստանին չի համարում մրցակցող պետություն:
«ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհը»` այսպես էր վերնագրել Սիմոնսն իր կարճ ելույթի թեման: Վրաստանը` նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու գործում առաջ է անցել Հայաստանից եւ Ադրբեջանից: Թբիլիսին միակն է Հարավային Կովկասի երկրներից, որ արտահայտել է դաշինքին անդամակցելու իր ցանկությունը: Մյուս կողմից, ըստ Սիմոնսի, առաջիկա տարիներին ակնկալել, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իրատեսական չէ:
«Մակեդոնիան, Ալբանիան եւ Խորվաթիան են անդամակցության գործընթացում: Ուկրաինան ինտենսիֆիկացրել է, իսկ Վրաստանն ինտենսիֆիկացնում է անդամության գործընթացը», ասաց նա, հավելելով, որ վաղ է Վրաստանի անդամակցության հարցում հաճախ նայել օրացույցին: ՆԱՏՕ-ին անդամակցող երկիրը պետք է համապատասխանի դաշինքի չափանիշներին` պաշտպանության, ներքին քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում: Սիմոնսը հավելեց, որ դաշինքի դռները բաց են յուրաքանչյուր երկրի առաջ, սակայն այսօր ՆԱՏՕ-ին անդամակցելու ակնհայտ հավակնորդներն են Ալբանիան, Խորվաթիան եւ Մակեդոնիան:
Հայաստանի պաշտպանության նախարարը հունիսի 10-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է հանձնել Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ կամ` Individual Partnership Action Plan) ներկայացման փաստաթուղթը: Հունիսի 16-ին այդ փաստաթուղթը ՆԱՏՕ-ի խորհրդի հաստատմանը ներկայացրեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Պաշտոնական Երեւանը սա համարում է շրջադարձային փուլ Հայաստանի եվրոպական ինտեգրացիոն ուղղության հարցում:
ԱԳԳԾ-ի գործադրման մասին հայտարարվել է 2002 թ. ՆԱՏՕ-ի պրահյան գագաթաժողովում: Ծրագիրը բաց է այն պետությունների առաջ, որոնք ունեն քաղաքական կամք եւ կարողություններ` խորացնելու հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Գործընկեր պետություններն իրենք են ընտրում գործունեության առանձին ձեւեր` հիմք ընդունելով իրենց նպատակներն ու հնարավորությունները, որոնք շարադրված են ներկայացման փաստաթղթում:
Հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը ԱԳԳԾ-ի ներկայացման փաստաթուղթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են ներկայացրել 2004 թ., նույն տարվա նոյեմբերին Թբիլիսին եւ Բրյուսելը մշակել են անհատական գործընկերության ծրագիրը, այս տարվա մայիսին` Բաքուն եւ Բրյուսելը:
Հայաստանի ԱԳԳԾ-ի փաստաթուղթը մշակել է միջգերատեսչական հանձնաժողովը, որի համանախագահներն են Սերժ Սարգսյանն ու Վարդան Օսկանյանը: Փաստաթղթում արտացոլված են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացմանը միտված եւ պաշտոնական Երեւանի առաջադրած նպատակները, անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության արդյունավետ մեխանիզմները: Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից փաստաթղթի հաստատումից հետո մշակվելու է ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը:
«Կարո՞ղ ենք ԱԳԳԾ-ն համարել ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության եթե ոչ խոստում, ապա հեռանկար», «Ազգի» հարցին Սիմոնսը պատասխանեց. «ԱԳԳԾ-ն Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության փաստաթուղթ չէ եւ չի նշանակում անդամակցության գործընթաց»:
Ղարաբաղյան կարգավորման հարցում ՆԱՏՕ-ն իրեն չի տեսնում միջնորդի դերում, եւ, ինչպես շեշտեց Սիմոնսը, «Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ-ին եւ չենք ուզում կրկնօրինակել Մինսկի խմբին»: Նրա խոսքերով, եթե կողմերը ՆԱՏՕ-ին առաջարկեն ավելի մեծ դեր ԼՂ կարգավորման հարցում, ապա «մենք կքննարկենք դա»: Դաշինքը, Սիմոնսի ասելով, կողմնակալ դիրքորոշում չունի եւ աջակցում է խնդրի խաղաղ կարգավորմանը: