Դրանց էական իջեցում պետք չէ ակնկալել
Այսօր իր առաջին մամուլի ասուլիսը կհրավիրի Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմ» ընկերությունը: Ամենայն հավանականությամբ, ընկերությունը կհայտարարի իր մոտալուտ գործունեության մասին: Փաստորեն, մրցակցության սկիզբն այս ոլորտում սարերի հետեւում չէ: Վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում «Արմենտելի» կողմից բջջային կապի սակագների համատարած իջեցման հայտարարությունները դրա եւս մեկ, անուղղակի ապացույցն են: Ի՞նչ կարող են ակնկալել այս դաշտում կատարվող փոփոխություններից սպառողները:
«Ղ-Տելեկոմի» ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ սակագնային քաղաքականության մասին խոսելը դեռեւս վաղ է: «Արմենտելի» հետ փոխկապակցման պայմանագրի կնքումից հետո էլ այդ դիրքորոշումը չփոխվեց: Այսօրվա մամուլի ասուլիսում, ի թիվս ընկերության գործունեության հեռանկարների, այս մասին ենթադրաբար նույնպես կասվի: Սակայն ակնկալել, որ բջջային կապի ոլորտում շուտով կունենանք այնպիսի սակագներ, ինչպիսիք կան, ասենք, Ռուսաստանում կամ հարեւան Վրաստանում, իրատեսական չէ:
«Ղ-Տելեկոմի» սակագները հաստատապես ավելի ցածր կլինեն, քան «Արմենտելի» սակագներն էին մինչեւ վերջին օրերի փոփոխությունները: Հակառակ դեպքում «Արմենտելին» անհրաժեշտ չէր լինի իջեցնել իր սակագները նոր օպերատորի գործունեությունից առաջ: Սակայն չի կարելի հուսալ, որ բջջային կապի երկրորդ օպերատորի սակագներն էապես կտարբերվեն «Արմենտելի» արդեն իջեցրած սակագներից:
Նախկինում հրավիրված մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ այդ մասին ակնարկեց «Արմենտելի» գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը: Եվ դա, թերեւս, մրցակից ընկերության նկատմամբ բացասական մոտեցման արտահայտություն չէր: Ինչո՞ւ:
Ներկայումս, չնայած մենաշնորհի վերացմանը, Հայաստանի բջջային կապի ոլորտում գործելու են ընդամենը երկու ընկերություններ: Այս հանգամանքը հնարավորություններ է թողնում նրանց միջեւ համաձայնությունների կայացման համար: Եթե դրանք կոնկրետ սակագնի վրա կանգնելու համաձայնություններ էլ չլինեն, ապա գոնե կարող են լինել սակագների որոշակի շրջակայքից շատ չշեղվելու շուրջը:
Սակագների էական իջեցման ակնկալիք չտածելու մյուս կարեւոր գործոնն այն է, որ ինչպես «Ղ-Տելեկոմը», այնպես էլ «Արմենտելը» ներկայումս ներդրումային ծրագրերի իրականացման ակտիվ փուլում են: Բնականաբար, նման խոշոր ներդրումների պարագայում բիզնեսի տեսակետից ուղղակի անհնար կլինի կտրուկ իջեցնել սակագները, հատկապես որ շուկայի ներկայիս գները դրա անհրաժեշտությունը չեն առաջացնում: Այսինքն, չնայած դրանք բարձր են, բայց պահանջարկը գերազանցում է առաջարկին:
Միաժամանակ չի կարելի բացառել, որ հետագայում, եթե մրցակցային շուկան իսկապես կայանա, սակագների առավել լուրջ իջեցում տեղի կունենա: Հարկ է նկատի ունենալ, որ երկու օպերատորների գոյությունն այստեղ շարունակվելու է մինչ 2009 թ., որից հետո այս ոլորտն ամբողջությամբ ազատականացվելու է: Հետեւաբար, երկու ընկերություններն էլ խնդիր ունեն մինչ այդ ամրապնդելու իրենց դիրքերն այս շուկայում: Այսինքն, երկար ժամանակահատվածի համար (մեկ-երկու տարում) իրատեսական է թվում սակագների առավել էական իջեցումը: Եթե «Արմենտելին» եւ «Ղ-Տելեկոմին» չհաջողվի մինչեւ 2009 թ. գործել մրցակցային դաշտին բնորոշ սակագներով, ապա Հայաստանի շուկա մուտք գործելու ցանկություն ունեցող ընկերությունները իրենց սակագնային քաղաքականությամբ դժվար վիճակի առջեւ կկանգնեցնեն նրանց: Ինչեւէ:
Անկախ վերոնշյալից, միանշանակ է, որ երկրորդ օպերատորի մուտքը շուկա կհանգեցնի ոչ միայն այս ծառայության որոշակի գնային, այլեւ էական որակական փոփոխությունների: Սա բջջային կապի մեր շուկային բնորոշ երկրորդ առավել կարեւոր խնդիրն է, որի լուծումը ավելի իրատեսական է թվում սակագների համար ակնկալվող փոփոխությունների համեմատ: Նման հույս տալիս է վերոնշյալ ընկերությունների կողմից նոր սարքավորումների ներմուծումն ու տեղադրումը Հայաստանում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ