Մեր առաջարկները «Հազարամյակի մարտահրավերներին»
Ինչպես արդեն հայտնի է, ի պատասխան ծրագրեր ներկայացնելու «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի առաջարկի, Հայաստանի կառավարությունը ներկայացրել է 175 մլն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթ: Այստեղ գերակշռում են ոռոգման համակարգի համար նախատեսվող ծրագրերըՙ 118 մլն դոլար արժողությամբ: Գյուղական ճանապարհների նորոգման համար ներկայացվել է 57 մլն դոլարի առաջարկ:
Ինչպես նշեց ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ-ի փոխտնօրեն, «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի նախապատրաստման խմբի անդամ Տիգրան Քալանթարյանը, սա նախնական տարբերակն է: Հնարավոր են ճշգրտումներ եւ ավելացումներ: Խոսքը մասնավորապես նոր բաղադրիչներ ավելացնելու եւ ծրագիրն ավելի համալիր դարձնելու մասին է:
Տիգրան Քալանթարյանը հայտնեց, որ ծրագիրը փաստորեն բաժանված է երեք փուլերի: Առաջինը առաջարկների ներկայացման փուլն է, որն անցել ենք: Երկրորդը հնարավորությունների գնահատման փուլն է: Այս փուլում ամերիկյան կողմը պետք է համոզվի, որ մեր առաջարկները հրատապ են, իրականանալի են եւ իրականացումից տարիներ հետո կարիք չի լինի նոր դոնոր գտնել կառուցածը նորոգելու համար: Այդ նպատակով կորպորացիայի աշխատանքային առաքելությունը ներկայումս գտնվում է Հայաստանում: Այս փուլում պետք է գծագրվի այն ծրագիրը, որը դառնալու է պայմանագրի հիմք: Պայմանագրի ստորագրումից հետո կսկսվի աշխատանքներն իրականացնելու փուլը:
Որո՞նք են ամերիկացիներին ներկայացրած մեր առաջարկների հիմնական ուղղությունները: Մեր զրուցակիցն ընդգծեց դրանցից վեցըՙ ինքնահոս համակարգերի եւ նոր ջրամբարների կառուցում, դրենաժային համակարգերի, պոմպակայանների, մայր ջրանցքների եւ ներտնտեսային ցանցերի վերականգնում:
Մայր ջրանցքների վերականգնման բաղադրիչով առաջարկվել են վերականգնման առավել առաջնահերթ խնդիրներ ունեցող 4 ջրանցքներ, Դրանք են` Արզնի-Շամիրամի, Թալինի, Արտաշատի, Շիրակի մայր ջրանցքները: Նորոգվող ջրանցքների երկարությունը կկազմի 111 կմ, իսկ դրա համար առաջարկվող գումարըՙ 12 մլն դոլար: Մայր ջրանցքների նորոգման շնորհիվ տարեկան կխնայվի 82 մլն խմ ջուր:
Կառուցվելու են 7 փոքր ջրամբարներ, կվերակառուցվեն Արթիկի եւ Կապսի ջրամբարները: Ջրամբարները հիմնականում կառուցվելու են Արագածի ստորոտին, իսկ մեկըՙ Լիճքի ջրամբարը, Մեղրիում: Ջրամբարների կառուցումը կարժենա 8,4 մլն դոլար:
Մեր հարցին, թե Եղվարդի ջրամբարն ընդգրկված չէ՞ այդ ծրագրում, Տիգրան Քալանթարյանը պատասխանեց, որ սկզբնական շրջանում դիտարկվել է Եղվարդի եւ Վեդիի ջրամբարներն այդ ծրագրում ընդգրկելու հարցը: Սակայն բարձր արժեքի եւ տնտեսական ցուցանիշների պատճառով չեն ընդգրկվել:
Ինքնահոս համակարգերի առումով եւս նախնական առաջարկը որոշ փոփոխություններ է կրել: Սկզբնական առաջարկով նախատեսված է եղել կառուցել 30 ինքնահոս համակարգ, սակայն գումարային սահմանափակման պատճառով ներգրավվել են 19 տնտեսապես առավել հիմնավորվածները: Այդ համակարգերի կառուցման արդյունքում շահագործումից դուրս կգան պոմպակայաններ եւ էլեկտրաէներգիայի լուրջ խնայողություն կարձանագրվի: Ինչպես նշեց առաջարկների նախապատրաստման խմբի մասնակիցը, դրա շնորհիվ տարեկան կտնտեսվի 53 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա եւ կոռոգվեն 24 հազար հա հողատարածքներ: Ինքնահոս համակարգերի կառուցումը կարժենա 32.2 մլն դոլար:
Ծրագրի մեկ այլ բաղադրիչի` Արարատյան հարթավայրի դրենաժային վերականգնման արդյունքում կբարելավվի շուրջ 24 հազար հա հողատարածքների մելիորատիվ եւ սանիտարական վիճակը, կբարձրանա դրանց բերքատվությունը եւ առավել եկամտաբեր մշակաբույսերի մշակմամբ կավելանան գյուղացիական տնտեսությունների եկամուտները: Այս բաղադրիչի արժեքը գնահատվել է 12.7 մլն ԱՄՆ դոլար:
Առավել անմխիթար վիճակում գտնվող շուրջ 80 ոռոգման պոմպակայանների եւ խողովակաշարերի, որոնք ավելի քան տասը տարի չեն հիմնանորոգվել, վերականգնման համար ծրագրով նախատեսվել է 14.9 մլն ԱՄՆ դոլար:
Մեծ հոսակորուստներ ունեցող, ընդամենը 17 հազար կմ կազմող ներտնտեսային ցանցերն այսօր խոչընդոտում են ջրօգտագործողների ընկերությունների կայացմանը: Դրանք նույնպես առաջարկվել են իրականացնել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի միջոցներով, ինչի համար ներկայացվել է 24.5 մլն ԱՄՆ դոլարի ծրագիր:
Տիգրան Քալանթարյանն ավելացրեց, որ 5,3 մլն դոլար է նախատեսվել ջրօգտագործողների ընկերությունների եւ ոլորտում գործող միակ պետական կառույցի` «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի կայացման նպատակով: 118 մլն ԱՄՆ դոլարից մնացած 8 մլն դոլարը կծախսվի նախագծային եւ վերահսկման աշխատանքների համար: Աշխատանքները կիրականացվեն 4 տարում:
Ծրագիրն ամբողջությամբ մեր զրուցակիցը բնութագրեց որպես ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման ծրագիր, որի շնորհիվ համակարգի ծախսերը կկրճատվեն շուրջ 25 տոկոսով, ինչն էլ հնարավորություն կտա կիսով չափ նվազեցնել պետության սուբսիդավորումն այստեղ: Հիշեցնենք, որ անցյալ տարի այս ոլորտի պետության սուբսիդավորումը կազմել է ավելի քան 5 մլրդ դրամ, իսկ այս տարիՙ գրեթե 4 մլրդ դրամ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ