Բջջային կապի նոր օպերատորը կգործի հուլիսի 1-ից
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առաջ անցնելով նշենք, որ այս անգամ եւս ընկերության ղեկավարները չխոսեցին բջջային կապի սակագների մասին: Գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնեց, որ սակագների մասին բոլոր նորությունները իրենք կհայտնեն հունիսի 28-ին կամ 29-ին: Իսկ Փարաջանովի տուն թանգարանում երեկ հրավիրված բազմամարդ ասուլիսին ներկա էին նաեւ «Ղ-Տելեկոմ» ընկերության բաժնետերերի խորհրդի նախագահ Պիեր Ֆաթուշը, խորհրդի անդամ Հուսեին Ռիֆային, Հայաստանում Լիբանանի դեսպան Գաբրիել Շաարան:
«Ղ-Տելեկոմի» բաժնետերերի խորհրդի նախագահի եւ բաժնետերերի կողմից ելույթ ունեցավ Հուսեին Ռիֆաին: Նա հայտնեց, որ հուլիսի 1-ից ընկերությունը կսկսի իր գործունեությունը Հայաստանում: Նա այն կարծիքը հայտնեց, որ ընկերության գործունեության ազդեցությունը կգերազանցի մինչ այժմ եղած ակնկալիքները: Մասնավորապես ընդգծվեց «Ղ-Տելեկոմի» որակյալ ծառայություններ մատուցելու եւ մրցունակ գներով աշխատելու վճռականությունը: Լիբանանյան ընկերության ներկայացուցիչը նշեց նաեւ, որ մինչ այժմ իրենց ներդրումների ծավալը կազմում է 75 մլն դոլար:
Ընկերության գործունեության հեռանկարներին առավել հանգամանորեն անդրադարձավ Ռալֆ Յիրիկյանը: Նա նախ հայտարարեց «Ղ-Տելեկոմի» ապրանքանիշի մասին: «Հայաստանն այժմ ունի նոր ձայն եւ այն կոչվում է VIVA cell», ասաց Ռալֆ Յիրիկյանը: Ապրանքանիշը խորհրդանշում է կյանք, ազատություն եւ եռանդ: Ապրանքանիշի հետ կհամադրվի «Ձեր ընտրանքը» նշանաբանը: Նշանաբանն, ըստ գործադիր տնօրենի, նշանակում է հաճախորդին վերապահված ընտրություն:
Գործունեության առաջին օրվանից VIVA cell-ը ամբողջությամբ ծածկույթ կապահովի Երեւանում, Արմավիրում եւ Արարատում, մասամբՙ Արագածոտնում, Կոտայքում եւ Գեղարքունիքում, իսկ երեք ամիս անց ցանցը հնարավորություն կունենա սպասարկելու ավելի քան 300 հազար բաժանորդների: Առաջին օրվանից ընկերությունը հաճախորդներին կտրամադրի sms կարճ հաղորդագրությունների, vms ձայնային փոստի ծառայությունները, մեկ ամսվա ընթացքում կներմուծվի ռոումինգի, ապագայում նաեւՙ gprs ծառայությունները: Վերջինս հնարավորություն կտա բաժանորդին հեռախոսից միանալու ինտերնետին:
Հաճախորդներին տրամադրվող քարտերը կկոչվեն ALO եւ classic: Առաջինը կլինի կանխավճարային, երկրորդըՙ բաժանորդային քարտ: «Ալո» քարտը լինելով կանխավճարային, ըստ էության, SIM քարտ է: VIVA cell-ը կձեռնարկի բոլոր քայլերը, որպեսզի «Ալո» քարտերը հասանելի լինեն բոլորին: Սկզբնական շրջանում դրանք կվաճառվեն ընկերության երեք կետերում, հետագայում դրանք հնարավոր կլինի ձեռք բերել ավելի քան 1000 կետերիցՙ Հայաստանի ամբողջ տարածքում: Թե ինչպիսին կլինեն դրանց գները, ինչպես արդեն նշեցինք, Ռալֆ Յիրիկյանը առայժմ չցանկացավ հայտնել: Այն հարցին, թե դրանք ինչպիսին կլինեն Ղարաբաղում գործող սակագների համեմատությամբ, գործադիր տնօրենը պատասխանեց, որ Ղարաբաղի սակագները Ղարաբաղի համար են, Հայաստանինըՙ Հայաստանի:
VIVA cell-ի նպատակն է Հայաստանում բջջային հեռահաղորդակցության ծառայությունների առաջատար մատակարար դառնալը եւ այդ նպատակին հասնելու համար ջանք չի խնայվի: Այս մասին հայտարարելով, Ռալֆ Յիրիկյանը հայտնեց, որ ընկերությունը համագործակցում է լիբանանյան առաջատար «Քոմյոն» ընկերության հետ, իսկ սարքավորումների մատակարարների թվում են «Ալկատել», «Իտրակոմ», «Աքսալտո», «Էսկադենիա» ընկերությունները: Ընկերությունում այժմ աշխատում են 140 աշխատակիցներ, եւ աշխատակազմը շարունակվում է ընդլայնվել: Նրանք բոլորը հայեր են, կան նաեւ արտերկրից հրավիրված եւ ժամանակավոր աշխատանք կատարող մասնագետներ եւ խորհրդատուներ:
Հայաստանում Լիբանանի դեսպանն իր ելույթի ժամանակ ներկայացրեց լիբանանցի գործարար Պիեռ Ֆաթուշին, ասելով, որ նա Արցախի մեծ բարեկամն է, քանի որ ոչ ոք չէր ցանկանում ռիսկի դիմել եւ այնտեղ ներդրումներ կատարել, իսկ նա կատարեց դա:
Լրագրողների հարցերին պատասխանելով Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ հիմա «Արմենտելի» հետ խնդիրներ չկան, սակայն ասաց, որ որոշ ծառայություններ, մասնավորապես միջազգային ելքը, մնում է «Արմենտելի» մենաշնորհը: Նա զգուշացրեց, որ եթե տվյալ ծառայությունների հետ կապված բաժանորդները խնդիրներ ունենան, ապա դրանց պատճառն իրենք չեն: Նա կարծիք հայտնեց, որ սկզբնական շրջանում հնարավոր են խոչընդոտներ, բայց դրանք ժամանակի ընթացքում կհաղթահարվեն: Այդուհանդերձ, ընկերության գործադիր ղեկավարը վստահություն հայտնեց, որ հաճախորդների դժգոհությունները կմնան անցյալում:
Այն հարցին, թե ընկերության բաժնետերերի մեջ չկա՞ն Հայաստանի քաղաքացիներ, Ռալֆ Յիրիկյանը բացասական պատասխանեց, ասելով, որ բաժնետերերը հիմնականում Ֆաթուշի ընտանիքի անդամներն են: Մեկ այլՙ «Ի՞նչ առնչություն ունի ընկերությունը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանի հետ» հարցին գործադիր տնօրենը պատասխանեց, որ «Ղ-Տելեկոմը» «Հարությունյաններ» իրավաբանական գրասենյակի հաճախորդն է արդեն 4 տարի: