Կալանավայրից տուն վերադարձած Գեւորգ Կոշկարյանը թերթ է հրատարակում
47-ամյա Գեւորգ Կոշկարյանը կյանքի մի մասն է անց է կացրել կալանավայրում: 2004 թ. 11-ամյա բանտարկությունից հետո նա որոշել է նոր կյանք սկսելՙ դառնալ հասարակության լիարժեք անդամ: Ընդունվել է մանկավարժական ինստիտուտ, մի քանի ամիս առաջ ամուսնացել: Հիմնադրել է կալանավայրերից վերադարձողների աջակցության հասարակական կազմակերպություն, իսկ մարտ ամսից հրատարակում է «Վերադարձ» ամսաթերթը:
«Շատ տարիներ եմ անցկացրել ճաղերից այն կողմ: Ծանր վայր է կալանավայրը: Առաջին անգամ արած գողության պտուղը քաղցր է թվում, բայց դա իրականում շատ դառն է, եւ ամբողջ կյանքում զղջում ես արածիդ համար: Ես չեմ մոռանում ընկերոջս, որը գաղութում լացելով պատմում էր, որ աղջիկը դպրոց չի գնում, որովհետեւ դասընկերները նրան ասել ենՙ հայրդ գող է», գրում է Կոշկարյանը թերթի համարներից մեկում:
Ինչո՞ւ նախկին կալանավորը որոշեց թերթ հրատարակել: «Թերթը դարդ ու ցավ պատմելու միջոց է, այդ ձեւով կլուսաբանենք նախկին բանտարկյալների խնդիրները, նրանց ձայնը կհասցնենք պատկան մարմիններին: Գաղութից ազատվելուց հետո հազար ու մի խնդիրներ են առաջանում», ասում է Կոշկարյանը եւ թվում խնդիրները: Նա թերթի եւ հասարակական կազմակերպության միջոցով փորձելու է այնպես անել, որ գաղութից նոր վերադարձածները կամ այն երեխաները, ում ծնողները բանտում են, շատ դժվարություններ չզգան:
«Բանտարկվածների երեխաներ կան, որ կոշիկ չունենալու պատճառով դպրոց չեն գնում: Լավ միջոցառումներ կազմակերպել ենք: Երեխաներ կան, որ կրկեսում, մանկական թատրոնում չեն եղել: Ի պատիվ մշակույթի որոշ աշխատողների, էդ երեխեքն էլ են ծիծաղում, նրանց դեմքին էլ է ժպիտ լինում: Բոլոր երեխաները նույն իրավունքներով են աշխարհ եկել, նույն ձեւով էլ պետք է օգտվեն բարիքներից: Երեխան չպիտի զգա, որ ծնողը ինչ-որ ժամանակով մեկուսացվել է հասարակությունից», ասում է Կոշկարյանը:
Նա եւ գաղութից մի քանի այլ վերադարձածներ Վարդաշենի թիվ 9 ուսումնարանի հանրակացարանում սենյակներ են ստացել: Կոշկարյանը ուզում է շնորհակալություն հայտնել ուսումնարանի տնօրեն Խաչատրյանին, Նուբարաշենի դատախազ Բաբայանին, գործարար Գուրգեն Արսենյանին ու բոլոր նրանց, ովքեր օգնում կամ անգամ լսում են նախկին բանտարկյալներին:
Կոշկարյանն ասում է, որ ցանկություն ունի կալանավայրերից վերադարձածների համար արտադրություն հիմնել. «Ունենք շենքային լավ պայմաններ, սակայն չունենք աշխատանքային գործիքներ: Հույս ունենք, որ մեկնումեկը կօգնի մեզ, որպեսզի կարողանայինք փայտի մշակմանՙ դուռ-լուսամուտի արտադրություն սկսել: Հիմա լավաշ ենք թխում, որը բավարարում է կալանավայրերից վերադարձածների մի քանի ընտանիքների»: Կոշկարյանը համոզված է, որ շատ դեպքերում սոցիալական վիճակն է մարդուն դրդում հանցագործության, հետեւաբարՙ «Օրվա հացը լինի, հանցագործությունը կպակասի»:
Ինչպե՞ս է հասարակությունն ընդունում կալանավայրերից վերադարձածներին: «Մարդ կաՙ խղճահարությամբ է վերաբերվում, որ քո ճակատագիրը խեղաթյուրվել է, կան մարդիկ, որ փորձում են անցյալդ չհիշեցնել քեզ, մարդ էլ կաՙ թշնամաբար է նայում: Եթե մեկի տնից գողություն է եղելՙ ինչպե՞ս վերաբերվի: Մարդուն ներելով ավելի շուտ կուղղեն, քան իր արածը երեսին տալով»: Նա նշում է, որ անմեղ մարդ կալանավայրում համարյա չկա: «Կան դեպքեր, երբ կարելի է մարդուն ոչ թե մեկուսացնել, այլ տուգանել: Ներվելով երբեմն մարդ ավելի շուտ է ուղղվում, քան դատվելով: Հետո, երբ մարդը մի անգամ դատվում է, դա սովորություն է դառնում, ինքը բանտից չի վախենում: Շատերն այնտեղ ավելի լավ են զգում», ասում է Կոշկարյանը:
«Վերադարձի» գլխավոր խմբագիրը ցավով նկատում է, որ կալանավայրերում գտնվող ծնողների երեխաները շատ դեպքերում հոգեբանորեն ջարդվում են: «Կոտրված երեխաներ շատ կան, ո՞վ հպարտ կլինի, որ իր հայրը գաղութում է: Դեպք գիտեմ, որ երեխան դպրոց չի գնում, քանի որ նրա դասարանցիները դպրոցում ասել ենՙ պապադ ջեբկիր է, էդ երեխան ամոթից դպրոց չի գնում»: Կոշկարյանը հպարտությամբ պատմում է, որ հասարակությանը հայտնի մի շարք մարդիկ օգնում, համագործակցում են իրենց հետ: «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը մեզ հետ սիրով աշխատում է, մեր կազմակերպության պատվավոր անդամ է: Պարտադիր չէ, որ բանտարկված լինեն, օրինակ, դու էլ կարող ես լինել, եթե ցանկանում ես դառնալ մեր անդամը: Մենք լավ իրավապաշտպաններից, լրագրողներից, ծնողներից ենք օրինակ վերցնում, պարտադիր չէ, որ դատված լինես»:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ