«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2005-06-23 | #116, 2005-06-24 | #117, 2005-06-25


ԼՂՀ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է

Երեկ ԼՂՀ ԿԸՀ-ում ընտրատարածքային հանձնաժողովների նախագահները կազմեցին եւ ստորագրեցին հունիսի 19-ի ընտրությունների համամասնական ընտրակարգի ամփոփիչ արձանագրությունը: Հանձնաժողովների նախագահները համակարծիք էին այն հարցում, որ ընտրությունները եղել են ազատ եւ թափանցիկ: Որոշ նկատառումներ արտահայտվեցին քվեարկության կազմակերպման պայմանների վերաբերյալ: Մասնավորապես հանձնաժողովների նախագահների մի մասը բողոքեց որոշ ընտրատեղամասերի անհարմարավետությունից: Այդ կապակցությամբ առաջարկվեց, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ընտրությունների օրը սպասարկի հազարից ոչ ավելի ընտրողի, այլապես կուտակումներն անխուսափելի են լինելու: Եղավ նաեւ առաջարկ հանձնաժողովների անդամների վարձատրության վերաբերյալ, ըստ որի վարձատրությունը պետք է կատարել ընտրողների թվին համամասնորեն:

Արձանագրությանը կցվեց նաեւ ԿԸՀ-ի` ՀՅԴ-ական երկու անդամների կարծիքը: Նրանց համոզմամբ` ընտրությունների նախօրյակին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ընտրողները չէին կարողանում արտահայտել սեփական համակրանքը, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

Նույն օրը նորընտիր պատգամավորներին հանձնվեցին մանդատները:

Ըստ ամփոփիչ փաստաթղթի` համամասնական ընտրակարգով 89 հազար 121 ընտրողից ընտրություններին մասնակցել է 66 հազար 974-ը: Անվավեր է ճանաչվել 5 հազար 257 քվեաթերթիկ, 1186 ընտրող նշում է կատարել «Բոլորին դեմ եմ» տողում, 6 կուսակցությունից եւ մեկ դաշինքից խորհրդարան անցել են «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», որը ստացել է 22 հազար 709 քվե, «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որը ստացել է 15 հազար 960 քվե եւ «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքը, որը ստացել է 14 հազար 850 քվե: Խորհրդարանում համամասնական 11 տեղերից 5-ը զբաղեցնելու են ԱժԿ-ի, 3-ը` «Ազատ հայրենիքի» եւ 3-ը` դաշինքի անդամները:

Ընտրությունների արդյունքներով, ԿԸՀ-ն որոշում է ընդունել համամասնական ընտրակարգով ԼՂՀ ԱԺ պատգամավոր ընտրված համարել եւ պատգամավոր գրանցել, ԱժԿ-ից` Աշոտ Ղուլյանին, Անդրանիկ Սարգսյանին, Լյուդմիլա Բարսեղյանին, Յուրի Հայրապետյանին եւ Գարիկ Գրիգորյանին: «Ազատ հայրենիքից», ըստ ցուցակի, մանդատ են ստացել Արպատ Ավանեսյանը, Ռամելա Դադայանը եւ Հովիկ Ջիվանյանը: Դաշինքում, քանի որ ցուցակով երրորդը գրանցված Էդուարդ Աղաբեկյանը իր տեղը զիջել է հաջորդին, պատգամավորական հետեւյալ կազմն է ընտրվել` Արմեն Սարգսյան, Վիտալի Բալասանյան եւ Գեղամ Բաղդասարյան: Այս երեքն էլ չէին անցել մեծամասնական ընտրակարգով:

ԱժԿ-ի համամասնական ցուցակում եւս փոփոխություն է կատարվել` ըստ հերթականության ցուցակով ընտրված Սվետլանա Խաչատրյանին խորհրդարանում փոխարինելու է Գարիկ Գրիգորյանը:

Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից 5-ը նախորդ գումարման պատգամավորներ են: Նախորդ գումարումից 2 հոգի խորհրդարան են անցել Արցախի ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակով:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4