«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2005-06-23 | #116, 2005-06-24 | #117, 2005-06-25


ՆԱՏՕ. ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔ

Ռազմաքաղաքական կազմակերպությունը պատրաստվում է «կլանել» նոր գոտիներ

Հարավային Կովկասում, Միջերկրականում, Մերձավոր Արեւելքում

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունիսի 23-ին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Յաափ դե Հուուփ Սխեֆերը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքն ուժ կկիրառի ժողովրդավարությունը պաշտպանելու համար: «Մեր դաշինքի համար գլխավորը ժողովրդավարության պաշտպանությունն է, ասել է նա: Եթե ժողովրդավարության աջակցության համար անհրաժեշտ լինի ռազմական միջոցների գործադրումը, ապա կօգտագործենք դա` պահպանելով (միջազգային) բոլոր նորմերն ու օրենքները: Բալկաններում խաղաղություն է տիրում, որովհետեւ մենք չվախեցանք ուժի գործադրումից»:

ՆԱՏՕ-ն վերակառուցվում-ձեւափոխվում է` ավելի շատ ներգրավվելով այնպիսի գործառույթների մեջ, որոնք բնորոշ չեն եղել դաշինքին սառը պատերազմի տարիներին եւ մինչեւ 90-ական թվականների կեսերը: Եթե նախկինում ՆԱՏՕ-ի գերխնդիրը Մ. Նահանգներին ու նրա եվրոպական դաշնակիցներին Խորհրդային Միության հնարավոր հարձակումից պաշտպանելն էր, ապա այսօր դաշինքն ընդլայնվում է դեպի արեւելք, Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, Միջին Արեւելք, Հյուսիսային Աֆրիկա: Ըստ էության, ՆԱՏՕ-ն Մ. Նահանգների գլխավորությամբ խաղի կանոններ է թելադրում կազմակերպության անդամ երկրների տարածքներից հեռու սահմաններում:

Բելգիայի Մոնս քաղաքում է տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գլխավոր հրամանատարությունը: Զինվորական պաշտոնյաներից մեկը խորհուրդ է տալիս մոռանալ այն դերը, որ ուներ դաշինքը մինչեւ սառը պատերազմի ավարտը, երբ կազմակերպությունն «արեւմտյան ժողովրդավարություններից կազմված ակումբ էր» եւ Մ. Նահանգներին ու դաշնակիցներին հնարավոր հարձակումներից պաշտպանելու գերխնդիր ուներ:

Այսօր ՆԱՏՕ-ի եւ եվրատլանտյան տարածության համար առկա են մի շարք «ապակայունացնող գործոններ եւ ռիսկեր», հետեւաբար դաշինքն իրեն իրավունք է վերապահում դիմակայելու դրանք: Զինվորականը դրանք թվարկում է ըստ վտանգավորության աստիճանի. ահաբեկչություն, զանգվածային բնաջնջման զենքի տարածում, կազմակերպված հանցագործություն, ծայրահեղ ազգայնականություն, կրոնական ծայրահեղականություն, Միջին Արեւելքի եւ տարածքային խնդիրներ, հարավից դեպի հյուսիս միգրացիա, տնտեսական դժվարություններ:

Սառը պատերազմի ավարտին, ըստ էության, ՆԱՏՕ-ն այլեւս չուներ անելիք եւ նպատակներ, շատ մեկնաբաններ խոսում էին կազմակերպության հնարավոր մայրամուտի մասին: Մինչդեռ դաշինքը ոչ միայն չկազմալուծվեց, այլեւ իր շարքերը համալրեց տասը նոր պետություններով, տասնյակ այլ երկրների հետ անհատական հարաբերությունները խորացնում է «Համագործակցություն հանուն խաղաղության», «Միջերկրականի երկխոսություն», «Անհատական գործակցության գործողությունների» ծրագրերի շրջանակներում:

Բրյուսելի կենտրոնակայանի ամերիկացի պաշտոնյաներից մեկն ասում է, որ եվրատլանտյան տարածքից դուրս խաղաղարար գործողությունները դառնում են առաքելություն: Այսօր ՆԱՏՕ-ն ներկայություն ունի Կոսովոյում, Բոսնիա-Հերցեգովինայում, Աֆղանստանում, Իրաքում, շուտով կունենա Դարֆուրում (Աֆրիկա): 1949-1989 թթ. դաշինքը որեւէ անգամ չի դիմել կանոնադրության 5-րդ հոդվածին, ըստ որի ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկրի վրա հարձակումը հավասարազոր է հարձակման ՆԱՏՕ-ի վրա: Առաջին անգամ դաշինքը ռազմական ուժ է գործադրել կազմակերպության ստեղծումից 45 տարի անց, ընդ որում, ոչ եվրատլանտյան տարածքում. 1995 թ. ռմբակոծվեցին Բոսնիայի սերբական ուժերի դիրքերը: 1999 թ. Հարավսլավիայի ռմբահարումներով լուրջ հարված հասցվեց ՄԱԿ-ի հեղինակությանը, որը տասնամյակներ առանցքային դեր էր կատարում աշխարհում խաղաղության, կայունության պահպանման եւ միջազգային հարաբերությունների հարցերում: Աշխարհի որեւէ անկյունում ռազմական ուժ կիրառելու դեպքում Մ. Նահանգներն ու ՆԱՏՕ-ն այլեւս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Չինաստանի, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի հավանական վետոյի կիրառման խնդրին չեն բախվում:

ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում ամերիկացի մի պաշտոնյա ասում է, որ դաշինքը Ռուսաստանին անհանգստացնելու նպատակ չունի, բայց դրական է արձագանքում Հարավային Կովկասի երկրների` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պատրաստակամությանը: Նրա խոսքերով, դաշինքի այս եւ առաջիկա տարիների առաջնահերթություններից են Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, Միջին Արեւելք ընդլայնումը, «եվրատլանտյան կանոնների տարածումն» այդ տարածաշրջաններում: Նա նշում է, որ հարավկովկասյան երկրները շատ լավ են արձագանքում համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ:

Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը դեպի տարածաշրջաններ, որոնք տասնամյակներ գտնվել են ռուսական ուղղակի կամ անուղղակի ազդեցության ոլորտում, դառնում է անշրջելի գործընթաց: Անշուշտ, սա կարող է մեզ դուր գալ կամ ոչ, բայց չի կարելի հաշվի չառնել իրողությունը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Բրյուսել-Մոնս-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4