Սակայն մի շարք մասնագիտությունների գծով առկա են թափուր աշխատատեղեր
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խորհրդային Միության փլուզման, դրան հաջորդած տրանսպորտային շրջափակման եւ էներգետիկ ճգնաժամի պատճառով 90-ական թվականներին Հայաստանը բախվեց դաժան իրականությանը: Այդ ամենի հետեւանքով փակվեցին ավելի քան 600 հազար աշխատատեղեր: Դրանց մի մասը չնայած անցավ գյուղատնտեսության ոլորտ, բայց գործազրկությունը դարձավ Հայաստանի ամենացավոտ խնդիրներից մեկը:
Զբաղվածության շուկայում վերջին 3-4 տարիներին իրավիճակը սկսեց որոշակիորեն փոխվել: Այդ ընթացքում արձանագրված երկնիշ տնտեսական աճն իր ազդեցությունը թողեց նաեւ աշխատաշուկայի վրա: Սակայն ասել, թե Հայաստանում գործազրկության խնդիրը լուծվել է, բնականաբար, չի կարելի: Մյուս կողմից էլ դեռեւս առկա է մեկ այլՙ ցածր աշխատավարձերի եւ դաժան շահագործման խնդիրը, որն այլ խոսակցության առարկա է, եւ որին մեր թերթը բազմիցս անդրադարձել է:
Հայաստանի աշխատանքի շուկայում այս տարվա առաջին եռամսյակում աշխատանք փնտրողների թիվն, ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության ծառայություն» գործակալության, եղել է 138 հազար, որն աշխատունակ բնակչության 9 տոկոսն է:
Անցյալ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է գրեթե 8 տոկոսով: Աշխատանք փնտրողների մեջ գերակշռում են քաղաքային բնակիչները, որոնք ընդհանուրի 94 տոկոսն են: Հիշյալ 138 հազարը գործակալության տարածքային ստորաբաժանումներ դիմած մարդիկ են: Գործակալությունում տեղյակ չեն, թե որքան մարդ է դիմել աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալություններին:
Զբաղվածության պետական գործակալությանը դիմած մարդկանցից 4900-ը ստանում են գործազրկության նպաստ, որի առավելագույն չափը 7800 դրամ է: Դա կազմում է նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը: Այս գումարը գործազուրկը կարող է ստանալ նվազագույնը 5, առավելագույնը 10 ամիս ժամանակահատվածում: Գումարի չափը եւ տրամադրման ժամկետը կախված են այն բանից, թե ինչ պատճառներով է գործազուրկը մնացել առանց աշխատանքիՙ գործատուի մեղքո՞վ, թե՞ սեփական ցանկությամբ: Գործակալությունում հայտնեցին նաեւ, որ եթե երկու անգամ առաջարկված աշխատանքից գործազուրկը հրաժարվում է, նրան այլեւս նպաստ չի տրվում:
Գործազրկության այս ցուցանիշներով հանդերձ, Հայաստանում մի շարք մասնագիտությունների առումով առկա է բարձր պահանջարկ: Դրանք են որակյալ համակարգչային ծրագրավորողները, գործավարները, թարգմանիչները, ապահովագրական գործակալները, բրոքերները, բանվորական մի շարք մասնագիտություններ: Խառատներ, եռակցողներ, ֆրեզերագործներ, գորգագործներ պահանջող աշխատատեղերը թափուր են մնում, որովհետեւ աշխատավարձերը ցածր են, համապատասխան որակավորում ունեցող մասնագետները քիչ են եւ տարեց: Երիտասարդ կադրեր էլ չեն պատրաստվում: Փոխարենը, օրինակ, Երեւանում ուսուցիչների ավելցուկ կա: Անցյալ տարի հանրակրթական համակարգում իրականացված օպտիմալացման հետեւանքով մոտ 6 հազար ուսուցիչներ դարձան գործազուրկ: Նրանք հրաժարվում են գյուղեր մեկնելուց, որտեղ մանկավարժների պահանաջարկ կա, քանզի աշխատավարձը ցածր է եւ կեցության պայմաններ չկան: Նույն խնդիրն առկա է նաեւ բժիշկների դեպքում: Գործազուրկներ են դարձել նաեւ մեծ թվով հումանիտար մասնագիտություն (փիլիսոփաներ, պատմաբաններ, բանասերներ) ունեցողներ:
Որքանո՞վ են վերոնշյալ տվյալներն արտացոլում Հայաստանում գործազրկության ծավալների իրական պատկերը: Ինչպես արդեն նշվեց, այս ցուցանիշներից դուրս են մնացել աշխատանքի տեղավորման մասնավոր ծառայություններին, ուղղակի գործատուներին դիմած կամ թերթերի հայտարարությունների միջոցով աշխատանք փնտրող մարդիկ: Գործազրկության իրական պատկերը պարզելու համար ազգային վիճակագրական ծառայությունը 2001 թ.-ից անընդմեջ անցկացնում է աշխատուժի ընտրանքային հետազոտություն: Վերջին, 2004 թ.-ի օգոստոսին անցկացրած հետազոտությունն ընդգրկել է 2539 տնային տնտեսություններ եւ ֆինանսավորվել է Եվրոմիության «ՏԱՍԻՍ» ծրագրի շրջանակներում:
Հետազոտությունն իրականացրած խմբի ղեկավար, ազգային վիճակագրական ծառայության աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի, ըստ ուսումնասիրության արդյունքների, գործազրկության մակարդակը Հայաստանում եղել է 31,6 տոկոս: Այսինքն, աշխատունակ բնակչության գրեթե մեկ երրորդը:
Ազգային վիճակագրական ծառայությունը գործազրկության մակարդակի երկու գնահատական ունի: Առաջինը, որ սահմանված է օրենքով, զբաղվածության ծառայության պետական գործակալությունում պաշտոնապես գրանցված գործազուրկներն են: Դրանց մեջ ընդգրկված են նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչներ են, ունեն մեկ տարվա աշխատանքային ստաժ եւ կարող են ստանալ գործազուրկի կարգավիճակ: Երկրորդ մակարդակը գնահատվում է աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ: Այսինքն, գործազուրկ են համարվում նրանք, ովքեր չունեն աշխատանք, ակտիվորեն փնտրում են աշխատանք եւ պատրաստ են անցնել աշխատանքի: Ընդ որում, դրանք ոչ միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության ծառայության, այլեւ մասնավոր ծառայությունների, բարեկամների եւ ծանոթների, թերթերի, հայտարարությունների միջոցով եւ ինքնուրույն աշխատանք փնտրող մարդիկ են: Լուսինե Քալանթարյանն այս հանգամանքով բացատրեց ընտրանքային հետազոտության եւ պետական զբաղվածության ծառայության տվյալների տարբերությունը: Նա նաեւ նշեց, որ իրենց կողմից հարցվածների միայն 14,6 տոկոսն է որպես աշխատանք փնտրելու միջոց ընտրել պետական զբաղվածության ծառայությունը: Սա էլ հիմք է տալիս աշխատանքի վիճակագրության բաժնի պետին համոզմունք արտահայտել, որ իրենց տվյալներն առավել մոտ են աշխատանքի շուկայում ստեղծված իրական պատկերին:
Սակայն ազգային վիճակագրական ծառայության անցկացրած հետազոտությունն այլ ցուցանիշներ ստանալու հնարավորություններ չի տալիս: Հարցվողների ընտրանքը շատ ներկայացուցչական է, օրինակ, հնարավորություն չի տալիս պարզելու, թե ինչպիսի՞ն են գործազրկության համեմատական ցուցանիշները մարզերի եւ մայրաքաղաքի միջեւ, որո՞նք են առավել պահանջարկ ունեցող կամ ավելորդ դարձած մասնագիտությունները, տոկոսային ցուցանիշներն ինչպիսի՞ թվային արտահայտություն ունեն եւ այլն:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայաստանում ներկայումս գործում են զբաղվածության երկու ցուցանիշներՙ պաշտոնական եւ ընտրանքային հետազոտության արդյունքում ստացվածը: Երկուսն էլ այս կամ այն պատճառով չեն տալիս աշխատաշուկայում տիրող վիճակի լիարժեք պատկերը, թեւեւ զուտ գործազրկության մակարդակի առումով առավել հավաստի է թվում ընտրանքային հետազոտության արդյունքում ստացած ցուցանիշը: