Դատական ձգձգված նիստերից հետո տնտեսական դատարանը երեկ բավարարեց «Երեւանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության հակընդդեմ հայցըՙ անվավեր ճանաչելով լեզվի պետական տեսչության այս տարվա ապրիլին կազմած ակտը: «Ազգի» նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ Երեւանի կոնյակի գործարանի շենքի ճակատի «Արարատ» լատինատառ գրության համար լեզվի տեսչությունը կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Էրվե Կարոֆիին առաջին ատյանի դատարանը մայիսին տուգանել էր 150 հազար դրամ, որից հետո նա դիմել էր տնտեսական դատարանՙ տեսչության ակտը անհիմն եւ անօրինական ճանաչելու հայցով: Կոնյակի գործարանի փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանի պնդումներով, «Արարատ» բառը ապրանքանիշ է, որն իրենք իրավունք ունեն գովազդելու, 43 երկրներում այդ ապրանքանիշը գրանցված է լատինատառ եւ ռուսատառ, եւ այժմ ապրանքանիշը հայատառ դարձնելը կվնասի իրենց գործին: ՀՀ գովազդի մասին օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, գովազդի լեզուն հայերենն է, սակայն նույն հոդվածի մեկ այլ կետով ապրանքանիշը հայերեն չի թարգմանվում: Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանի պնդմամբՙ ապրանքանիշը տվյալ դեպքում գործածվում է որպես ցուցանակ, իսկ ՀՀ կառավարության 2002 թվականին ընդունած որոշմամբ Հայաստանում ցուցանակի լեզուն հայերենն է:
«Մեր տեսչությունը լեզվաքաղաքականություն իրականացնող միակ հիմնարկն է, եւ այս պահին փաստորեն խոչընդոտ է առաջանում մեր գործառույթներն իրականացնելիս: Առաջին ատյանի դատարանի ճիշտ որոշումից հետո տնտեսական դատարանն այսպիսի վճիռ է կայացնում, որով կոնյակի գործարանը կարող է ինչ-ինչ տուգանքներ պահանջել լեզվի տեսչությունից: Մենք հույս ունեինք, որ կոնյակի գործարանը հետ կվերցնի իր հայցը տնտեսական դատարանից, որովհետեւ լեզվական քաղաքականությունը տնտեսական հարթության խնդիր չէ, բայց այնպես ստացվեց, որ նրանք շահեցին դատը», ասաց Մարինե Հովյանը:
Նա հավելեց, որ արդարացի վճիռ ստանալու նպատակով լեզվի տեսչությունը մտադիր է բողոքարկել տնտեսական դատարանի վճիռը: Ի դեպ, լեզվի պետական տեսչության աշխատակիցները դատարան էին ներկայացել առանց փաստաբանի, քանի որ կրթության նախարարության իրավաբանի լիազորագիրը չէր ընդունվել դատարանում: Վերաքննիչ դատարան նրանք կգնան լուրջ փաստաբանի հետ, որպեսզի այս անգամ էլ դատը տանուլ չտան:
«Մենք մի կողմից սրբացնում ենք մեր այբուբենը, քարե տառեր ստեղծում, մյուս կողմից ընդունում մեր լեզուն քամահրող վճիռներ: Սա կարող է նախադեպ լինել հետագայում, եւ տուգանվողները, կառչելով ձեւական բնույթի պահանջներից, կշահեն դատերը: Առ այսօր մեր կազմած վարչաիրավական ակտերը չեն մերժվել, անօրինական չեն ճանաչվել: Սա առաջին դեպքն էր, որն իր բարոյական կողմով մեզ ուղղակի ապշեցրեց», ասաց Մարինե Հովյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ