Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) շահագրգռված է նախագահ Իլհամ Ալիեւի թիմի շուտափույթ փոփոխությամբ, որպեսզի ընդդիմությունը կարողանա Ադրբեջանում միատեսակ պայմաններով մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին տեղեկացնում է «Նեզավիսիմայա գազետան», մեջբերելով Ստրասբուրգից վերադարձած ադրբեջանական պատվիրակության անդամների խոսքերը:
«Եվրոպայի խորհուրդը մտադիր է լրջորեն հետեւել ինչպես ընտրարշավին, այնպես էլ 2005 թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքին», մասնավորապես ասել է պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեն: Ընդսմին ԵԽԽՎ-ն անձամբ նախագահ Ալիեւից չի դժգոհել:
Ավելի վաղ ԵԽԽՎ վերահսկողական խմբի զեկուցող Անդրեաս Գրոսը հայտարարել էր, թե վեհաժողովը 2006 թ. հունվարին չի հաստատի Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության մանդատը, եթե միջազգային կազմակերպություններն ազատ եւ արդար չճանաչեն 2005 թ. նոյեմբերին այնտեղ կայանալիք ընտրությունները: Գրոսի խոսքերով, Ալիեւի թիմում «ոմանք խանգարում են ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանը»:
ԵԽԽՎ պահանջներից մեկն այն է, որ հանրապետության ԿԸՀ-ն եւ տարածքային ընտրական հանձնաժողովները դուրս բերվեն իշխանությունների վերահսկողությունից: Իլհամ Ալիեւի վարչակազմը մերժում է ընտրական հանձնաժողովների բարեփոխման գաղափարը:
Պ. Ք.