«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2005-06-24 | #117, 2005-06-25 | #118, 2005-06-28


ԱՌԱՅԺՄ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԻ ՆԺԱՐԻ ՎՐԱ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների մասին Արցախում այլեւս չեն խոսում, դրա փոխարեն քննարկումների թեմա է դարձել այն հարցը, թե ով է լինելու ԱԺ ապագա նախագահը: Ոչ պակաս կարեւոր է նաեւ, թե ինչ տեսք է ունենալու ապագա կառավարությունը, որովհետեւ կադրային դասավորումները, հաղթած երկու քաղաքական ուժերի հավակնություններում, հաշվարկվում են ընտրությունների իրական արդյունքներով:

Ըստ այդ արդյունքների, Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությունն ԱԺԿ-ի օգտին պիտի լինի, որովհետեւ անկախ համարվող 5 պատգամավորներ ԱԺԿ-ի համակիրներ են եւ ամենայն հավանականությամբ համալրելու են այս խմբակցության շարքերը: Իսկ ահա «Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահ Արթուր Թովմասյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված ճեպազրույցում դիտել է տվել, որ եւս երկու անկախ պատգամավորներ իրենց ճամբարից են, որն էլ քաղաքական ուժերի հավասարակշռություն է ստեղծում, ու եթե ԱԺ ղեկավար մարմնում այդ ուժերի միջեւ համագործակցություն չլինի, ապա ճգնաժամ է առաջանալու խորհրդարանում: Նա նաեւ ընդգծել է կառավարությունում իրենց կուսակցության պատասխանատվության բաժինն ունենալու անհրաժեշտությունը: Սա շատ թափանցիկ ակնարկ է հետագա հնարավոր անակնկալների մասին, ինչը բացառելի չէ այն տեսանկյունից, որ «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքը կոնկրետ իրավիճակում կարող է աջակցել «Ազատ հայրենիքին»ՙ ԱԺԿ-ից վրեժխնդիր լինելու համար: Հավանական էՙ նրանց կմիանա նաեւ անկախ պատգամավոր Արմեն Աբգարյանը, որը նույնպես դժգոհություններ ունի գործող իշխանությունից: Այս պարագայում, խորհրդարանական ուժերի դասավորության մեջ ընդգծված գերակայություն դժվար թե լինի:

Առաջնահերթ խնդիրն առայժմ ԱԺ նախագահի անցնցում ընտրությունն է, որից հետո պետք է ձեւավորվի նաեւ խորհրդարանի մշտական աշխատող կազմը: Շրջանառվող հիմնական թեկնածուն ԱԺԿ կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանն է: Վերջինս դրա համար ունի անհրաժեշտ վարկանիշը, սակայն ԱԺ նախագահի փակ (գաղտնի) ընտրությունը, այլընտրանքային թեկնածուի առկայության դեպքում, կարող է նաեւ անսպասելի արդյունք գրանցել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կուլիսների հետեւում: Եթե ԱԺ նախագահի ու փոխնախագահի պաշտոնների հարցում փոխհամաձայնությունը նույնիսկ հեշտ լինի, որոշակի դժվարություն է առաջանալու 6 մշտական գործող հանձնաժողովների ղեկավար կազմի շուրջը պայմանավորվածություններում, որովհետեւ արծարծվող տեսակետներում խոսք է գնում այդ հարցը լուծել 4+2 հարաբերությամբՙ հօգուտ ԱԺԿ-ի, մինչդեռ տրամաբանական է նաեւ 3+3 հարաբերությամբ տարբերակը:

Թերեւս առավել դժվար կլինի գործադիր իշխանության կազմում «Ազատ հայրենիքի» մասնաբաժինը որոշելիս: Այս կուսակցության որոշ արտախորհրդարանական ներկայացուցիչներ եւս չեն թաքցնում այն հավակնությունները, որոնք ուղղված են մի շարք նախարարական աթոռներ գրավելուն: Արդյոք նախագահ Ղուկասյանը կընդառաջի՞ այսպիսի պահանջադրումներին: Չզիջելը կդառնա հենց Ա. Թովմասյանի նախազգուշացրած ճգնաժամի սկիզբը: Ապագա խորհրդարանում «Ազատ հայրենիքի» ընդդիմադիր լինելը հիմնականում պայմանավորված է լինելու նման հավակնությունների դրսեւորմամբ: Դա եւս հավանական է, որովհետեւ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամների մեջ երիտասարդները շատ են, իսկ ինչպես հայտնի էՙ երիտասարդները հավակնություններ առավել հաճախ են դրսեւորում: Բացի այդ, «ԱՀ»-ն չունի քաղաքական հանդուրժողականության փորձ, ինչը տվյալ դեպքում նույնպես կարեւոր է:

Միեւնույն ժամանակ, քաղաքական այս ուժը ԱԺԿ-ից ավելի ներունակ է դիտարկվում հասարակության մեջ ընդունված հեղինակությունների առկայությամբ: Դա կարող է ոչ հեռու ապագայում, քաղաքական հենարանի առումով, նախագահ Ղուկասյանի համար ավելի նախընտրելի դառնալ, քան այսօր ԱԺԿ-ն է: Այնպես որ, ամեն ինչ դեռեւս վերապահումների նժարի վրա է գտնվում:

Առհասարակ, նոր խորհրդարանի որակյալության առումով շատերը զուսպ են արտահայտվում: Նախորդ գումարումների ԱԺ-ից եկածների մեջ մեկ-երկուսին կարելի է առանձնացնել որպես արհեստավարժներ, մյուսները նախկինում եղել են պարզապես խորհրդարանական հնազանդ մեծամասնության ներկայացուցիչներ: Նորընտիր պատգամավորների մեջ շոշափելի թիվ են կազմում գործարարները, որոնք հազիվ թե նախապատվությունը տան խորհրդարանական աշխատանքին նվիրվածությանը: Կան նաեւ պատգամավորներ, որոնք չունեն նորմալ բարձրագույն կրթություն: Եթե այս ամենին ավելացնենք լուրջ ընդդիմադիր ուժի բացակայությունը, ապա նոր խորհրդարանը նախորդի համեմատ դժգույն է լինելու: Այս տեսանկյունից ԼՂՀ իշխանությունների գործադրած ջանքերը, որոնցով ապահովվեց հիրավի ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, երեւի չեն տա սպասված վերջնական արդյունքը:

Եթե «Ընտրություններ-2005»-ի արդյունքները նրբանկատորեն գնահատենքՙ ամենաշատը տուժել է ՀՅԴ-նՙ Աժ-ում ստանալով ընդամենը մեկ տեղ: Երրորդ գումարման ԱԺ-ում 9 տեղի համեմատ սա, անշուշտ, նվաստացուցիչ արդյունք է: Կուսակցության ներսում, բնականաբար, կփորձեն ճշտել ձախողման իրական պատճառներըՙ հետեւություններ անելու համար, սակայն ենթադրական մի պատճառը գուցե թե այն է, որ բազմափորձ ու հեղինակավոր ՀՅԴ-ի արցախյան կառույցն ընտրապայքարի մեջ էր մտել ոչ մեծ փորձ ունեցող կուսակցությանՙ «Շարժում-88»-ի հետ դաշինք կազմած, այլ ոչ թե միայնակՙ սեփական ներուժով ու մարտավարությամբ, ինչպես վարվել էր 2000 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Քաղաքական ձեռքբերումների ու բացթողումների հաշվեկշիռը ո՞ւմ օգտին է լինելուՙ լիարժեք պատասխանը կտա ժամանակը: Իսկ դրա ուրվագծերը, հավանաբար կպարզորոշվեն նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում, որը տեղի կունենա հունիսի 30-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4