Արամ Խաչատրյան համերգասրահ, հուլիսի 1
Այսօր աշխարհում լավագույն քառյակի համարում ունեցող հռչակավոր «Տոկիո» լարային քառյակի համերգն աննախադեպ իրադարձություն է լինելու հայ մշակութային իրականության համար: Քառյակը միայն մեկ համերգովՙ հուլիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգային մեծ դահլիճում հանդես կգա Յոհաննես Բրամսի, Մորիս Ռավելի ստեղծագործություններով, Հիկարու Հայաշիի «Լամենտը»ՙ լարային քառյակի համար գործով:
Ամերիկյան Ջուլյարդ կատարողական ակադեմիայում 35 տարի առաջ 4 ճապոնացիների հիմնադրմամբ ստեղծված խմբում տարիների ընթացքում փոփոխություններ են կատարվել: 15 տարի շարունակ առաջին ջութակը հնչել է կանադահայ Փիթեր Ունջյանի կատարմամբ, որը տիրապետել է կատարողական բարձրակարգ արվեստի, ցավոք, ձեռքը վնասվելու պատճառով թողել է խումբը եւ այժմ Տորոնտոյի գլխավոր դիրիժորն է:
Այսօրվա դասական երաժշտության բարձրակետը համարվող «Տոկիո» լարային քառյակի (հիմնադիր անդամ ալտահար Կազուհիդե Իզոմուրա, երկրորդ ջութակՙ Կիկուեյ Իկեդա, թավջութակահարՙ Կլայվ Գրինսմիթ եւ առաջին ջութակՙ «Բորոդինի» քառյակիցՙ Մարտին Բիվեր) հայաստանյան այցելությունն իրադարձություն է տարածաշրջանում եւ ԱՊՀ տարածքում ոչ միայն առաջին համերգային ներկայացման, այլեւ այն առումով, որ սա այն քառյակն է, որին պատիվ է ընձեռվել հանդես գալ իտալացի հռչակավոր վարպետ Ստրադիվարիուսի պատրաստած այն 4 գործիքներով, որով նվագել է իտալացի վիրտուոզ Նիկոլո Պագանինին: Առաջին անգամ Հայաստան մուտք գործող Ստրադիվարիուսի այս գործիքների սեփականատիրոջՙ Պագանինիի սերը եւ ոգեւորությունը ալտի հանդեպ այնքան մեծ է եղել, որ պատվիրել է Բեռլիոզին ալտի համար հայտնի սիմֆոնիկ կոնցերտըՙ «Հարոլդը Իտալիայից»: Մինչեւ 1994 թ. «Պագանինիի քառյակ» գործիքները պահպանվում էին Վաշինգտոնի «Քորքորան» պատկերասրահում: Ճապոնական «Նիպպոն» երաժշտական հիմնադրամը գնելով գործիքները (ջութակՙ 1680 թ., ալտՙ 1731 թ., ջութակՙ 1727 թ., թավջութակՙ 1736 թ.) 1995 թ. օգտագործման է տվել «Տոկիո» քառյակին:
Պատմական այս բացառիկ համերգային հյուրընկալության հեղինակը երեւանյան «XXI-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը իր սուղ հնարավորությունների եւ պետական միջամտության բացակայությամբ, 5-ամյա գործունեության ընթացքում Հայաստան է հրավիրել երաժշտական աշխարհի այսօրվա բազմաթիվ միջազգային հեղինակությունների: Աշխարհի 7 հայտնի քառյակներից 4-ըՙ «Բորոդին», «Չիլինգիրյան», «Քրոնոս» եւ «Տոկիո», եղել են Հայաստանում, ինչպես նաեւ Յուրի Բաշմետը, Սթիվեն Իսսերլիսը, Ալեքսեյ Լյուբիմովը, «Լոնդոն սիմֆոնիետան», «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը եւ այլն:
«XXI-ի հեռանկարներն» իր գեղարվեստական որակի, պրոֆեսիոնալիզմի եւ տեւականության շնորհիվ համարվում է հեղինակավոր փառատոներից մեկը: Ըստ «Visiting Arts» «Արվեստի բրիտանական ազգային գործակալության», «XXI-ի հեռանկարների» գեղարվեստական նվաճումները համեմատելի են երկրագնդի ամենաճանաչված փառատոների հետ, իսկ փառատոնի գործունեությունը նպաստում է Հայաստանի ճանաչմանըՙ որպես եվրոպական եւ համաշխարհային մշակութային դաշտում կարեւոր դերակատարի»: Վստահաբար, պետաջակցությամբ նման փառատոներն ավելի ազդեցիկ եւ ներկայանալի կլինեն:
Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի եւ փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի եւ մենեջեր Սոնա Հովհաննիսյանի 4 տարիների պրոֆեսիոնալ աշխատանքի եւ ջանքերի արդյունք է այս հյուրախաղի իրականացումը Երեւանում. «Նարեկացի, Կոմիտաս ստեղծող ազգը չի կարող իջնել ասիական, ֆոլկլորային երկրի մակարդակի: Մենք մեծ ֆոլկլոր ունենք, բայց մշակույթի երկիր ենք եւ այդ չափանիշը պետք է պահենք»: Ստ. Ռոստոմյանը պատմում է, թե ինչպես «Քրոնոսի» առաջին ջութակ Դեյվիդ Հարինգթոնը Գեղարդում ցնցող տպավորություն էր ստացել եւ հարցազրույցներից մեկում ասել. «Ողջ գիշեր չքնեցի, ձեր երկիրը սուրբ է, ձեր երաժշտությունը սուրբ է: Գեղարդում պատրաստվում եմ ձայնագրել Կոմիտասի երաժշտությունը: Այդ մարդիկ արվեստի դեսպաններ են եւ Հայաստանի մասին կարծիք են տարածում աշխարհում: Սա մշակութային քաղաքականություն է, ոչ թե սոսկ համերգ»:
Նման բարձրակարգ համերգը թանկ հաճույք է որեւէ երկրի համար եւ պետաջակցության բացակայությունը փոխարինվել է գլխավոր հովանավոր VIVA Cell-ի աջակցությամբ, որի գործունեությունը խորհրդանշորեն համընկնում է համերգի օրվան եւ կազմակերպությունը վստահեցրել է մշակույթին սատարելու իրենց ապագա քաղաքականության մասին: Համերգի հովանավորներն են նաեւ «Բի լայն», «Մեծ անիվ», «Ավստրալիական ավիաուղիներ» ընկերությունները, «Colden Tulip» («Երեւան») հյուրանոցը, ինֆորմացիոն հովանավորներն ենՙ «Պրինթինֆո» հրատարակչատունը, «Արմենիա» հեռուստաընկերությունը եւ «Ազգ» օրաթերթը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ