«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2005-06-24 | #117, 2005-06-25 | #118, 2005-06-28


ՊԼԱԿԱՏՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՉԱՐԻՔԻ. ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ, ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՎ ԱՅԼՆ

Պետական, քաղաքական զանազան կառույցների կոռումպացվածությունը տանում է հասարակական բարքերի էլ ավելի հոռիացման: Դրա հետեւանք սոցիալական բեւեռացումներն ու ծայր աղքատությունը, էկոլոգիական աղետները լուրջ նախադրյալներ են դառնում հասարակության ընդհանուր ճգնաժամի համար: Սա, իհարկե, ծնում է ներհակ ուժերի թերեւս անհավասար, բայց պայքարի տրամադրություններ: Օրերս գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում կայացած «Ես անտարբեր չեմ» խորագրով պլակատի ցուցահանդեսը դրա դրսեւորումներից մեկն էր: Պլակատային ցուցադրության այս առաջին նախաձեռնության հեղինակներըՙ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության Հայաստանի հիմնադրամն» ու «Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիան» դեռեւս տարեսկզբին պլակատի մրցույթ էին հայտարարել «Կոռուպցիա», «Էկոլոգիա», «Աղքատություն», «Արտագաղթ» թեմաներով, որի հետաքրքրությունը մեծ եղավ հատկապես երիտասարդության շրջանում: 23 մասնակիցներն իրենց ներկայացված աշխատանքներով փորձել էին արձագանքել աղետաբեր վերոնշյալ երեւույթներինՙ օգտագործելով գրոտեսկի, հեգնանքի, այլաբանության եւ խորհրդանշային տարբեր միջոցներ:

Պլակատն իբրեւ պայքարի ձեւՙ հասարակական շարժումների եւ քաղաքական պայքարի, պատերազմների ժամանակ իր ազդեցությունը փաստել է դեռեւս նախընթաց դարերումՙ եվրոպական երկրներում, Խորհրդային Միությունում եւ այլուր: Պլակատին բնորոշ լակոնիզմը, գաղափարների, արտահայտչաձեւերի ընդհանրացումները, դիպուկ, կտրուկ առարկայակերպումներն արագ ներգործման նպատակ ունեն, իբրեւ կոչ եւ իբրեւ նախազգուշացում: Այն զուգակցվում է ինչպես գեղանկարչության, գրաֆիկայի, այնպես էլ լուսանկարչական արվեստի տարրերին:

Հայտնի է պլակատի հզոր ներգործությունը հատկապես XX դարի երկու աշխարհամարտերի տարիներին: Մեծ ազդեցություն եւ ցնցում առաջացրեց իսպանացի նկարիչ Խուան Միրոյի 1937-ին արված «Օգնեցեք Իսպանիային» պլակատը կամ Մեծ հայրենականին արված Իրակլի Թոիձեի հանրահայտ «Մայր հայրենիքն է կանչում», Մոորի «Դու կամավոր գրվե՞լ ես» եւ նման այլ աշխատանքներ:

«Պլակատն առհասարակ պայքարի, բողոքի ձեւ է պատերազմի ժամանակ եւ դրանից հետո էլ մեծ դեր է խաղացել, ես կասեիՙ վճռական: Հիշենք Վիկտոր Կորեցկուն, Իրակլի Թոիձեին: Հիտլերն ասել է, որ Մոսկվան վերցնելուց հետո այդ պլակատների հեղինակներին պիտի կախի: Պլակատը զենք է, իսկ պլակատ-կարիկատուրանՙ սպանիչ զենք», այս կարծիքին է մրցույթի մասնակից, երգիծանկարիչ Գեորգի Յարալյանը:

Երեւանյան պլակատի մրցույթի առաջին մրցանակը շնորհվեց Հասմիկ Մանուկյանինՙ «Կոռուպցիան խարխլում է պետության հիմքերը» աշխատանքի համար: Բուն մասնագիտությամբ պլակատիստ Գեորգի Յարալյանը աղքատության, Արթուր Մանուկյանը, Սիրական Աբրոյանը, Աշոտ Հակոբյանը արտագաղթի թեմայով արված պլակատների համար արժանացան հաջորդ մրցանակներին:

Կազմակերպիչներն ակնկալում են պլակատային այս ցուցադրության ավանդականի վերածումՙ նկատի ունենալով պլակատի պահանջարկը բոլոր ժամանակներում: Ժյուրիի (Փ. Միրզոյան, Կ. Աղամյան, Կ. Միքայելյան, Ա. Կիլիկյան) տված գնահատականում ուշագրավ մի նկատառում կա. «Թեեւ մրցույթին ներկայացված աշխատանքներից ոչ բոլորն են համապատասխանում պլակատի բարդ արվեստի գեղագիտական բարձր պահանջներին, այն փոխհատուցվում է ճշմարտության նկատմամբ բնական ձգտումով եւ սոցիալական իրականության խոցերի նկատմամբ անկեղծ մարդկային վրդովմունքով»:

Բոլոր մասնակիցներից գեղագիտական բարձր չափանիշներ ակնկալելն, իհարկե, անիրական բան է, սակայն մրցանակակիրները հարկ է, որ որոշակիորեն համապատասխանեն դրանց: Պլակատի ժանրային առանձնահատկություններից բխող անհրաժեշտ պայմանների բացակայությունը շատ աշխատանքներում ստեղծում էր ընդամենը ֆոտոմոնտաժային տպավորություն, իսկ որոշ դեպքերում գեղանկարչության բացահայտ գերակշռությունը չեզոքացնում էր պլակատի բուն լեզունՙ ընդհանրացված արտահայտչաձեւը, կոնկրետ ասելիքի հատու, ուղղակի ներգործությունը: Որովհետեւ պլակատի ուժը, ինչպես նշում է Գ. Յարալյանը, դիտողին ոչ թե բարոյական ազդեցության ենթարկելը կամ փիլիսոփայական մտորումների մղելն է, այլ նրան ուղղված հստակ կոչը: «Շատ դեպքերում բացակայում էր նկարչի անհատական մոտեցումը, գիծը, կերպարը, շտրիխը: Ֆոտոն պիտի լրացնի շտրիխը, ոչ թե գործը կառուցվի ամբողջովին ֆոտոյի վրա, պլակատի պարագայում անթույլատրելի մոտեցում է դա»: Գ. Յարալյանը գնահատման առաջնային չափանիշը համարում է պրոֆեսիոնալիզմը եւ հեղինակի անհատականությունը, ոչ պակաս կարեւոր են նաեւ նկարչի անձը եւ վաստակը: Ըստ նրա, ներկայացված աշխատանքների հեղինակների անունների բացակայությունը մրցութային անաչառության բավարար պայման չի կարող դիտվել եւ տարօրինակորեն առաջին, երկրորդ մրցանակակիրների աշխատանքները հիմնականում ֆոտոմոնտաժներ էին:

Գ. Յարալյանի մրցանակակիր աշխատանքը բողոք էր հասարակական մի չարիքիՙ սոցիալական բեւեռացման դեմ, իսկ մյուսըՙ էկոլոգիական աղետի, մարդակերպված սղոցի ու կացնի տեսքով «Մինչեւ ե՞րբ» պլակատը մեծացված եւ այժմ տեղադրված է օպերայի մերձակա սրճարանային հատվածումՙ իբրեւ նախազգուշացում սրճարանատենդով բռնված ապագա հնարավոր ծառասպանների:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4