«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2005-06-24 | #117, 2005-06-25 | #118, 2005-06-28


ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԴԵՄ ԿԸՄԲՈՍՏԱՆԱՆ ՆԱԵՎ ՄՅՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

Նշում են «Ռոյալ Արմենիայի» ներկայացուցիչները

Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, շուրջ երկու տարի առաջ ծագած «Ռոյալ Արմենիա»-մաքսային կոմիտե հակամարտությունը շարունակվելու տրամաբանություն ուներ: Ինչն էլ տեղի ունեցավ երեկ, երբ կողմերը մեկը մյուսին հաջորդող մամուլի ասուլիսներ հրավիրեցին:

Սուրճի ներմուծմամբ եւ փաթեթավորմամբ զբաղվող «Ռոյալ Արմենիայի» իրավաբան Գեւորգ Մինասյանը վերստին նշեց, որ մաքսային կոմիտեն շարունակում է իրենց ներմուծած սուրճի համար սահմանել ավելի բարձր մաքսային արժեք, քան մյուս ընկերությունների դեպքում: Մասնավորապես, ըստ ընկերության ներկայացուցչի, այլ ընկերություններին 1 կգ համար սահմանվում է 0,9 - 1,1 դոլար մաքսային արժեք, իսկ «Ռոյալ Արմենիային»ՙ 1,8 դոլար: Նույն տեսակի եւ նույն երկրից (Ինդոնեզիայից) ներմուծված սուրճը այլ ընկերությունների ներմուծելու 21 դեպքերի ժամանակ արձանագրվել է այս երեւույթը: Ընդ որում, դա տեղի է ունեցել ինչպես «Ռոյալ Արմենիայի» ներմուծելուց մի քանի օր առաջ, այնպես էլ մի քանի օր հետո:

«Ռոյալ Արմենիայի» իրավաբանը հայտնեց, որ սուրճ ներմուծելու 17 դեպքերից 16-ը արձանագրվել է 2002-2003 թթ., երբ ընկերությունը որպես խոշոր օտարերկրյա ներդնող ազատված է եղել շահութահարկից եւ մաքսատուրքից: Այսինքն, իրենք խնդիր չեն ունեցել բարձր ծախս ցույց տալ շահութահարկից խուսափելու նպատակով:

Ըստ ընկերության խորհրդի նախագահ Գագիկ Հակոբյանի, մաքսային մարմինները նախ ձգտում են իրենց դուրս մղել շուկայից, այնուհետեւ վախենում են այն բանից, որ եթե իրենք հաջողության հասնեն, ապա դրան կհետեւի այլ ընկերությունների ըմբոստացումը մաքսայինի ներքին կանոնների դեմ: Այդ պատճառով էլ կոմիտեն ձգտում է ամեն կերպ հասնել իր նպատակին:

Համեմատելով մաքսային եւ հարկային մարմիններին, «Ռոյալ Արմենիայի» իրավաբան Գեւորգ Մինասյանը այն կարծիքը հայտնեց, որ դրանց միջեւ հավասարության նշան չես դնի: «Սրանք հրեշ են: Թույլ չտան, չես շնչի: Եթե հարկային մարմնի ընդունած որոշումը դատական կարգով վիճարկելու հնարավորություն ունես, ապա մաքսայինը ուղղակի շլագբաումը կփակի եւ վերջ», նշեց նա, ավելացնելով, որ այդպես արդեն 40 օր է, ինչ այս տարվա մայիսին ներմուծած իրենց ապրանքը գտնվում է նրանց պահեստներում:

Երկրորդ գլխավոր խնդիրն այն է, որ մաքսային կոմիտեն նաեւ քրեական գործ է ցանկանում սարքել ընկերության դեմ: Մեր հարցին, թե ինչ մեղադրանք է հարուցվել «Ռոյալ Արմենիայի» դեմ, ընկերության իրավաբանը պատասխանեց, որ մեղադրանք հարուցված չէ, եւ իրենք հանդես են գալիս որպես վկա: Ընթացող քննության ժամանակ փորձ է կատարվում ապացուցել, որ ընկերությունը կեղծ ապրանքագրեր է ներկայացրել: Այդ նպատակով մաքսային կոմիտեն ներգրավել է «Ռոյալ Արմենիայի» նախկին մատակարար, ԱՄՆ քաղաքացի Վաչե Պետրոսյանին: Վերջինս, դժգոհ լինելով, որ «Ռոյալ Արմենիան» դադարել է իրենից սուրճ ներմուծել, կեղծ վկայություններ է տվել մաքսային կոմիտեին: Փոխարենը, մաքսային կոմիտեն Վաչե Պետրոսյանիՙ այլ ընկերության համար ներմուծած սուրճը մաքսազերծել է 1,1 դոլարով: Ընդ որում, «Ռոյալ Արմենիայի» համար ներմուծվող այդ նույն սուրճն էր մինչ այդ մաքսային կոմիտեն մաքսազերծում 1,8 դոլարով:

Ընկերության ներկայացուցիչները վերստին հավաստիացրին, որ իրենք ունեն եւ ազգային անվտանգության ծառայության քննությանը տրամադրել են բոլոր փաստաթղթերն ու ապացույցները, որոնցում, ըստ իրենց, որեւէ փոփոխություն եւ կեղծում չեն կատարվել:

«Ռոյալ Արմենիայի» մամուլի ասուլիսին երեկ անմիջապես հաջորդեց մաքսային կոմիտեի իրավաբանական վարչության պետ Գեւորգ Ներսիսյանի մամուլի ասուլիսը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4