ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Այս տարվա մայիսի 31-ին հանդիսավոր պայմաններում Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում բացվեց «Գոլդեն փելես» հյուրանոցը: Բացման արարողությանը ներկա էր նաեւ երկրի նախագահը: Եվ իսկապես, հյուրանոցն աչքի է ընկնում իր շքեղությամբ եւ լուրջ հնարավորություններ ունի դասվելու մայրաքաղաքի լավագույն հյուրանոցների շարքում: Սակայն ինչպես բացման արարողության ժամանակ, այնպես էլ մինչ այդ հնարավոր չեղավ մանրամասներ ստանալ հյուրանոցի կառուցման ներդրումների եւ ներդրումը կատարողի (կատարողների) վերաբերյալ:
Մայրաքաղաքում եւ անգամ մարզերում յուրաքանչյուր նոր հյուրանոցի բացման ժամանակ այդ, հատկապես ներդրումներին վերաբերող տեղեկությունները, հաճախ ուռճացված էին հայտարարվում: Այս դեպքում դրանց մասին հյուրանոցի սեփականատեր ներկայացող կիպրոսյան «Ռիվերհիլ հոլդինգ» ՍՊԸ ներկայացուցիչ Նիկոս Նիաֆիտուն ոչինչ չասաց, ինչն էլ հյուրանոցի սեփականատերերի տեղական ծագման մասին խոսակցությունների տեղիք տվեց մամուլում եւ քաղաքական-տնտեսական շրջանակներում: Ընդ որում, շրջանառվող վարկածները երկուսն էինՙ նախագահ Ռոբերտ Քոչարյան կամ մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյան: Պարզվեց, որ շրջանառվող լուրերը մասամբ էին համապատասխանում իրականությանը: Հյուրանոցն, ի վերջո, կառուցվել է տեղական ծագում ունեցող գումարներով, սակայն դրա սեփականատերն անմիջականորեն ոչ Ռոբերտ Քոչարյանն է, ոչ էլ Արմեն Ավետիսյանը: Դրանում համոզվելու համար հարկ է ընդամենը ծանոթանալ հիշատակված կիպրական ընկերության վերաբերյալ Կիպրոսից մեր ստացած տեղեկություններին:
Այսպիսով, «Ռիվերհիլ հոլդինգը» Կիպրոսում գրանցված առեւտրային, կալվածքային, զբոսաշրջության եւ տրանսպորտի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություն է: Կապիտալիզացիան կազմում է 10 հազար բաժնեթուղթՙ յուրաքանչյուրը մեկ կիպրական ֆունտ արժողությամբ: Այդ ընկերության բաժնետերերն են երկու այլ ընկերություններՙ «Ռոմոս սերվիս անդ կոնսալտինգը» եւ «ՄՆ անդ ՄՑ սերվիսը»: Այդ ընկերությունների բաժնետոմսերը 2002 թ. սեպտեմբերի 19-ին վաճառվել են, իսկ դրանք ձեռք է բերել Հայաստանի քաղաքացի Հայկ Ճշմարիտյանը: Համընկնում են նաեւ Հայկ Ճշմարիտյանի գլխավոր տնօրեն նշանակվելու եւ նախկին տնօրեն Խառալամբոս Նիոֆիտուի լիազորությունների ավարտի ժամկետները: Դա տեղի է ունեցել բաժնետոմսերի վաճառքից երկու օր առաջՙ սեպտեմբերի 17-ին: Ընդ որում, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը ներկայացված է որպես գործարար: Նշենք նաեւ, որ վերջինս առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի եղբայրը չէ, բայց ազգականն է:
Հայկ Ճշմարիտյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո է նոր նշանակումներ կատարել տնօրենների պաշտոններում: Առաջինը տնօրեն է նշանակվել Հայաստանի քաղաքացի Գայանե Ներկարարյանը, որն, ի դեպ, Ճշմարիտյանների հայրենի Ստեփանավան քաղաքում է ծնվել: Վերջին երկու տարում նշանակված տնօրեններից են Հայաստանի քաղաքացի Արշալույս Գասպարյանը եւ Մոսկվայի բնակչուհի Տատյանա Լոգուան: Երեքն էլ նշված են որպես գործարար կանայք (բիզնեսվումն):
Վերոնշյալից ակնհայտ է դառնում, թե որոնք էին հյուրանոցի իրական սեփականատիրոջ եւ նրա կատարած ներդրումների չափը խնամքով թաքցնելու պատճառները, քանզի առաջանում են մի շարք հարցականներ, որոնց պատասխանները մնում են առկախ: Նախ ի՞նչ իրավունք ունի բարձրաստիճան պաշտոնյան զբաղվելու բիզնեսով: Օրենքն արգելում է դա: Հաջորդը, ի՞նչ միջոցներով է 180 հազար դրամ աշխատավարձ ստացող փոխնախարարը մոտավոր հաշվարկներով ավելի քան 3 մլն դոլար արժողությամբ հյուրանոց կառուցում, այն դեպքում, երբ Հայկ Ճշմարիտյանիՙ նախկինում գործարարությամբ զբաղվելու մասին որեւէ տեղեկատվություն չկա: Եվ վերջապես, մի՞թե այս տեղեկատվությանը տեղյակ չէր հյուրանոցի բացումը կատարած երկրի նախագահը, որը դեռեւս 2000 թ. ակտիվորեն պաշտպանում էր նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի եւ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանիՙ «Հաղթանակ» զբոսայգում հյուրանոց կառուցելու համար կանաչապատ տարածք հատկացնելու որոշումը: