«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2005-06-28 | #119, 2005-06-29 | #120, 2005-06-30


ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԻ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՇԱՐՔԻ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ

Ս. Բակկերը Ազգային պատկերասրահում

Երեւանյան ցուցասրահներում հազվադեպ անակնկալ է օտար հեղինակների ստեղծագործական ներկայությունը: Ազգային պատկերասրահում հոլանդացի նկարիչ, ավանգարդ արվեստի հետեւորդ Սիթսե Հ. Բակկերիՙ Օսիպ Մանդելշտամի «Հայաստան» բանաստեղծական շարքի մոտիվներով արված գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունըՙ նկարչի եւ իր տիկնոջ ներկայությամբ, այս առումով մշակութայինՙ հաճախ միօրինակությամբ ճահճակալված իրադարձությունների ֆոնին, հաճելի նորություն էր: Երեկ իր ցուցահանդեսի բացման ժամանակ Ս. Բեկկերը սիրով այդ աշխատանքները նվիրեց պատկերասրահին:

Ամստերդամցի գրաֆիստը (նախնական կրթությամբ բժիշկ) արվեստում իր աղերսներն ու հարազատությունը գտել է XX դարասկզբի ռուս գրողների (Խլեբնիկով, Մանդելշտամ) եւ ավանգարդիստ նկարիչների (Լարիոնով, Գոնչարովա, Ռոզանովա, Մալեւիչ) հոգեւոր միջավայրում: Շուրջ 15 տարի նա զբաղվել է ռուս գրողների ստեղծագործությունների պատկերազարդմամբ:

Դարասկզբի ռուսական պոեզիայի «արծաթե դարի» ներկայացուցիչ Օսիպ Մանդելշտամը 1930 թ. իր կյանքի դժվարին շրջանի նախաշեմին 8 ամիս անցկացրեց Հայաստանում եւ անսահման տպավորվեց մեր երկրի քրիստոնեական հինավուրց մշակույթով ու հայերիՙ ազգային ինքնատիպությունը պահպանելու դարերի համառությամբ: Նա տեսավ մի երկիր, որ արեւելքի ու արեւմուտքի մշակույթների ազդեցությունների ընկալունակության հետ մեկտեղ ունի սեփական ընդգծված մշակութային դիմագիծ: Մանդելշտամի համար սա ուխտագնացության նմանվեց, եւ Լենինգրադ, Մոսկվա վերադարձին գրեց «Հայաստան» բանաստեղծական սքանչելի շարքըՙ ներշնչված հայոց ավանդույթներով, պատմությամբ, մշակույթով ու բնությամբ: Այս շարքը բանաստեղծի համար նշանավորեց ստեղծագործական նոր փուլՙ հետեւելով Մանդելշտամի ստեղծագործական հնգամյա դադարին:

Մանդելշտամի պոեզիայի նկատմամբ Բակկերի սերն ու ոգեշնչումն առարկայացավ եւ փաստվեց Հայաստանին նվիրված գրաֆիկական աշխատանքներով, որոնց նախորդել են քառամյա տքնանքն ու աշխատանքային որոնումները:

Խոր երախտագիտությամբ իր գոհունակությունը հայտնելով պատկերասրահի ղեկավարությանը, մասնավորապես Հասմիկ Հարությունյանինՙ հոլանդացի նկարիչն իր ընդարձակ խոսքում ներկայացրեց ռուսական ավանգարդ արվեստի նկատմամբ իր առանձնահատուկ հետաքրքրությունները: Իր արվեստը նա համարեց ավանգարդիզմի մեջ երկար ժամանակ իշխող մատերիալիզմի, մակերեսայնության եւ հոգեւոր աղքատության դեմ դիմակայելու փորձ: Հարազատ զգալով Մանդելշտամիՙ հավատի ազատության եւ խոսքի իրավունքի հանդեպ ձգտմանը, «անժամանակյա ու անբնակավայր» բանաստեղծության միջավայրին, Բակկերը, սակայն, իր ստեղծագործությունը որոշակիացրեցՙ համարելով արեւմտյան արվեստի եւ ժամանակակից կյանքի արտացոլում:

Ռուս բանաստեղծի ու հոլանդացի նկարչի արվեստների ձոնը Հայաստանին, Բակկերը խորհրդանշորեն ավարտեց մանդելշտամյան նոտայով. «Չկա ոչինչ ավելի ուսանելի եւ բերկրալի, քան միանգամայն արեւադարձային մարդկանց հասարակության մեջ ներթափանցելը, որին հարգում ես, կարեկցում ու որով հպարտանում ես: Հայերի կենսասիրությունը, նրանց կոպիտ քնքշանքը, ազնիվ աշխատանքի ջիղը, ցանկացած մետաֆիզիկայի նկատմամբ նրանց անբացատրելի նողկանքը եւ իրական, առարկայական աշխարհի հետ հրաշալի մտերմությունը, այդ ամենն ինձ ասում էՙ կայտառ եղիր, մի երկյուղիր ժամանակից, մի կեղծիր»: Բեկկերն այս խոսքերը, կարելի է ասել, վերագրեց նաեւ իրեն:

Բեկկերյան գրաֆիկական այս մեկնությունները հայկական քրիստոնեական ներքին ոգուց բխող արտահայտություններ են, շտրիխներ, գծանկարներ, որոնցում հայն ու հայկականը բացահայտված է նկատելի նրբություններով, նույնիսկ քնքշանքով, ներքին հարազատության զգացողություններով: Բեկկերի գրաֆիկային բնորոշ է արտահայտչամիջոցների անմիջականությունըՙ մանկական պարզությամբ: Ակնհայտ է նաեւ գրականության հետ նրա սերտ առնչությունը, որ, փաստորեն, ներկայացված շարքի ստեղծագործական լեյտմոտիվն է:

Գրաֆիկայիՙ որոշակի ճիգ ու մշակույթի իմացություն պահանջող, դյուրին չբացահայտվող լեզուն որոշակիորեն մեկնաբանում են Բեկկերի գույնի սիմվոլիկան եւ գծատոնայնության պարզ մշակումները, որով աշխատանքը ոչ միայն նկարազարդում, այլեւ գունաշտրիխային հղում է բանաստեղծությանը:

Այս պարագայում եւս ակնհայտորեն նկատելի է XX դարավերջերի արվեստի ամենաբնորոշ հատկանիշըՙ գեղարվեստական արտահայտությունների, ձեւերի ժուժկալությունն արվեստագետի գեղագիտական կոնցեպցիայի, գաղափարների համեմատությամբ: Այս հակադրությունը նկատվեց հոլանդացի նկարչի մոտեցումներից. «Մանդելշտամի հայկական շարքը ստեղծագործական ներշնչանքի հարուստ աղբյուր է: Այն մեզանից պահանջում է ճշտել սեփական հանգամանքը մարդ էակի երջանկության, մարդկային կյանքի իմաստի համեմատ: Շարքն ինձ մղեց միահյուսել անձնական հանգամանքն անցյալի մշակույթի մոտիվների հետ, մշակել կերպարների մի լեզու, որն ի զորու է արտահայտել իմ ընկալումների բարդությունն ու խորությունը: Դրա դրական իմաստով, ճգնավորի աշխատանք է եւ ոչ միայն արհեստի առումով: Շարքն ինձ ապաստան տվեց, հայեցման տարածություն, սեփական զգացմունքները գիտակցելու հնարավորություն»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4