«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2005-06-28 | #119, 2005-06-29 | #120, 2005-06-30


ՉԵՄՊԻՈՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՏՐՎՈՒՄ

Ֆուտբոլի եվրոպական գավաթների խաղարկության մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Այժմ ֆուտբոլասերներին առավել հետաքրքրում են եվրոգավաթների մասնակից մեր թիմերի մրցախաղերը: Այս առումով մեծ հետաքրքրություն էր ներկայացնում «Հանրապետական» մարզադաշտում երկրի չեմպիոն «Փյունիկի» եւ բրոնզե մրցանակակիր «Բանանցի» մրցավեճը: Առաջին շրջանի թիմերի հանդիպումն ավարտվել էր փյունիկցիների խոշոր հաշվով (5-2) հաղթանակով: Հաշվետու խաղում էլ «Բանանցը» խաղադաշտ էր դուրս բերել երիտասարդ մի խումբ ֆուտբոլիստների: Ինչպես հայտնի է, թիմի մարզիչները հրաժարվել են մի քանի լեգեոներների ծառայությունից եւ հիմնական շեշտը դրել են ակումբի երիտասարդ կադրերի վրա: Առաջ անցնելով նշենք, որ այս անգամ «Բանանցը» վատ տպավորություն չթողեց եւ կարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ չեմպիոնին: Վերջինիս կազմում էլ իրենց նորամուտը նշեցին երիտասարդ դարպասապահ Էդգար Գասպարյանն ու Նորայր Սահակյանը:

Ֆուտբոլասերներն ականատես եղան տարբեր խաղակեսերի: Առաջին խաղակեսում երկու թիմերի գործողություններում պակասում էին սրությունը, կոմբինացիոն խաղը: Այդպես էլ մրցակիցներին չհաջողվեց գոլային որեւէ պահ ստեղծել: Թերեւս հիշատակության է արժանի փյունիկցի Տիգրան Դավթյանի հեռահար հարվածը, որը որսաց դարպասապահը: Մի դրվագում էլ «Բանանցի» ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանն օգտվելով պաշտպանի սխալից, ընթանում էր դեպի դարպասը, սակայն չկարողացավ ճշգրիտ փոխանցում կատարել խաղընկերոջը:

Իսկ ահա ընդմիջումից հետո խաղի պատկերը կտրուկ փոխվեց: Երկու թիմերն էլ իրենց գործողություններին բարձր տեմպ հաղորդեցին: Ճիշտ է, ավելի շատ գրոհում էին «Փյունիկի» ֆուտբոլիստները, սակայն «Բանանցի» հակագրոհներն ավելի սուր ու վտանգավոր էին: 49-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել «Բանանցի» փորձառու հարձակվող Արամ Հակոբյանը, որը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, սակայն վերջինս հասցրեց փակել գնդակի ուղղությունը: 4 րոպե անց հյուրերը տուգանային հարվածի իրավունք ստացան: Սամվել Մելքոնյանն ուժգին հարվածով գնդակն ուղարկեց դարպասը, բայց գերազանց խաղաց դարպասապահ Իվարդավանՙ գեղեցիկ ցատկով հետ մղելով գնդակը: «Փյունիկը» մոտ էր հաջողությանը 58-րդ րոպեին, երբ Տիգրան Դավթյանը մոտ տարածությունից գնդակն ուղարկեց դարպասը, սակայն «Բանանցին» օգնության եկավ դարպասաձողը: Հետագայում էլ երկու թիմերի գրոհներն արդյունք չտվեցին: Այսպիսով, չեմպիոնը եւս երկու կարեւոր «ոսկե» միավոր կորցրեց: Ընդհանրապես վերջին հանդիպումներում, երբ թիմի ղեկն ստանձնել է հոլանդացի Հենկ Վիսմանը, «Փյունիկին» միավորները դժվարությամբ են տրվում: Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ անցկացված երեք հանդիպումներից երկուսն ավարտվել են ոչ-ոքի, մեկում «Փյունիկը» հաղթանակ է կորզել լրացուցիչ ժամանակում: Ինչ խոսք, չեմպիոնի միավորների այս կորուստը կնպաստի առաջնության երկրորդ փուլում մրցանակային տեղերի համար պայքարի լարվածության աճին:

Ոսկեհատում «Լեռնագործը» հյուրընկալել էր «Էսթեղլալ-Կոտայքին»: Մրցակիցների առաջին շրջանի հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի: Այս անգամ էլ բավական ժամանակ հավասարակշռությունը պահպանվում էր: Ավելին, 49-րդ րոպեին հաշիվը բացել էր «Լեռնագործը» (Ալբերտ Ներսիսյան): Կոտայքցիներից 18 րոպե պահանջվեց հավասարակշռությունը վերականգնելու համար: Աչքի ընկավ Արսեն Բալաբեկյանը: Հենց նա էլ խաղավարտից 9 րոպե առաջ խփեց երկրորդ գնդակը: Իսկ քիչ անց կոտայքցիների ռմբարկու Սամվել Պետրոսյանն ամրապնդեց թիմի հաղթանակը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ1183020-527
2. Միկա1173117-624
3. Բանանց1062212-1020
4. Էսթ.-Կոտայք1155119-820
5. Կիլիկիա1033415-1412
6. Լ. Արցախ1130814-229
7. Դին.-Զենիթ1123610-159
8. Շիրակ1122713-248
9. Լեռնագործ101184-204

Ռմբարկուները

Արտյոմ Ադամյան «Միկա»7
Նշան Էրզրումյան «Կիլիկիա»6
Սամվել Պետրոսյան «Է. Կոտայք»6
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»5

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4