Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնության 10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը կրկին միանձնյա գլխավորեց 15-ամյա ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը: Նա սպիտակներով հաղթեց Մոիսենկոյին եւ վաստակեց 8 միավոր: Առաջատարին կեսական միավորով են զիջում Կարեն Ասրյանը, Վադիմ Միլովը, Դիտեր Նիսիպիանուն եւ Վասիլի Իվանչուկը: Ասրյանը հաղթեց Վոլկովին, Միլովըՙ Նայերին: Իվանչուկն ու Նիսիպիանուն խաղաղ դաշն կնքեցին:
Մրցաշարում իր վստահ ելույթներն է շարունակում Լեւոն Արոնյանը: Նա պարտության մատնեց Զախար Եֆիմենկոյին: Արոնյանի հաշվին գրանցված է 7 միավոր: Առաջին պարտությունը կրեց Սարգսյանըՙ սեւերով զիջելով Իլյուշինին: Հայ շախմատիստներից առայժմ միայն Արոնյանն է անպարտելի: 6,5 միավոր ունի Սերգեյ Մովսիսյանըՙ ոչ-ոքի ավարտելով պարտիան Բալոգի հետ: Առաջին ոչ-ոքի արդյունքը գրանցվեց Մինասյանի հաշվին: Նա խաղաղ դաշն կնքեց Գագունաշվիլու հետ: Փոփոխական հաջողությամբ է խաղում Անաստասյանը: Նա կրկին պարտվեցՙ զիջելով Ցվիտանին: Երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Բաբուջյանը, իսկ Նալբանդյանը մրցաշարում երկրորդ անգամ պարտվեց: Լպուտյանը խաղաղ դաշն կնքեց Պրուսիկինի հետ, Պետրոսյանը հաղթեց Բակալարցին:
10 տուրից հետո հայ շախմատիստների ցուցանիշներն այսպիսին են. Սարգսյան, Մինասյանՙ 5,5-ական, Լպուտյան, Նալբանդյանՙ 5-ական, Անաստասյան, Պետրոսյանՙ 4,5-ական, Բաբուջյանՙ 3,5:
11-րդ տուրում Ասրյանը սեւերով խաղալու է Նիսիպիանուի հետ: Արոնյանը եւս սեւերով մրցելու է Տիվյակովի հետ: Կարյակինի մրցակիցը կլինի 7 միավոր ունեցող Պավել Էլյանովը, Իվանչուկը կմրցի Միլովի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ